«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2005-12-28 | #1, 2006-01-10 | #2, 2006-01-11


«ՏԻԵԶԵՐՔԻ ՍԻՐԵՑՅԱԼՆԵՐԸ» ՀԱՅ ՊՈԵԶԻԱՅԻ ԾԱՂԿԱԲՈՒՅԼԻ ՄԱՍԻՆ

Հայ դասական, ինչպես նաեւ ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունների մասին ուշագրավ աշխատություն է գրականագետ Ֆելիքս Բախչինյանի «Տիեզերքի սիրեցյալները» եռահատորյակը, որը հրատարակվել է 2004-2005 թթ.: «Մեզ հայտնի Տիեզերքը միայն մի իսկական սիրեցյալ ունի եւ դա բանաստեղծն է», Ուոլթ Ուիթմենի այս խոսքերով է սկսվում «Տիեզերքի սիրեցյալներ»-ի առաջին հատորը, ուր յուրահատուկ բնաբանի ներքո տրամաբանորեն ներկայացվում են սփյուռքահայ 12 ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունների վերլուծականները: Թե՛ ներքին, թե՛ արտաքին սփյուռքից (ԱՄՆ, Ռուսաստան, Իսրայել, Թուրքիա, Պարսկաստան) ընտրված դասականների կողքին ներկայացվում է նաեւ մեկ փոքրիկ` Արին Արմենյանը, որը մահացել է 15 տարեկանում: Նրա մասին մենագրությանը հետեւում են Հարութ Կոստանդյանի, Սոնա Վանի, Զարեհ Խրախունու, Զահրատի, Վահե Գոդելի, Մանվել Ադամյանի, Վարանդի եւ մյուսների ստեղծագործությունների վերլուծությունները, որոնք առիթ եւ միջոց են ծանոթանալու սփյուռքահայ արդի բանաստեղծների ստեղծագործություններին:

Գրականագետ Ֆելիքս Բախչինյանի գրքի 2-րդ հատորում ներկայացվում են կրկին ժամանակակից, բայց արդեն հայաստանաբնակ բանաստեղծները, որոնք, հեղինակի խոսքերով, հիմնականում իր սերնդակիցներն են: Արեւշատ Ավագյանի, Հենրիկ Էդոյանի, Ֆրունզիկ Կիրակոսյանի եւ այսպես 31 հեղինակների ներկայությամբ հեղինակը որոշակիացնում եւ ընդգծում է ժամանակակից հայ պոեզիայի մասը կազմող բանաստեղծներին` ներկայացնելով, գնահատելով, ինչու չէ նաեւ կիսվելով ընթերցողի հետ: «Տիեզերքի սիրեցյալները» զուտ բանաստեղծների ընտրանու երրորդ հատորում դասականներ Տերյանը, Սեւակը, Սահյանը եւ մյուսներն են` բացառությամբ Ռազմիկ Դավոյանի, որը պրն Բախչինյանի խոսքերով «ժամանակակից է, բայց քայլող, ապրող դասական է»: Հեղինակի խոսքերով, գրքում տեղ են գտել դեռեւս ուսանողական տարիներից իր գրած հոդվածները, դիմանկարները, գրախոսականները: Պակաս ուշագրավ չէ նաեւ մեր բանաստեղծներին թարգմանած լիտվացի բանաստեղծ-թարգմանիչներ Էդուարդաս Մեժելայտիսին եւ Մարիս Չակլայսին նվիրված հոդվածները:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4