Արեւմտահայ Վերածննդի ռահվիրա համարվող Պոլսո հայոց 49-րդ պատրիարք երանաշնորհ Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցու գահակալության 290-ամյակի կապակցությամբ Ղալաթիայի սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում բացվել է «Կոլոտ պատրիարքի անձնական իրերը» ցուցահանդեսը, իսկ Ախրգաբուի «Արմատա» հյուրանոցում տեղի է ունեցել գիտաժողով, որտեղ զեկուցումներով հանդես են եկել պրոֆեսորներ Պարույր Մուրադյանը (Հայաստան), Գեւորգ Բարդակչյանը (Մ. Նահանգներ), Ռոբերտա Էրվինը (Մ. Նահանգներ), դոկտորներ Արմեն Այվազյանն ու Արմեն Տեր-Ստեփանյանը (Հայաստան), Լեւոն Շառոյանը (Սիրիա), Գրիգոր քահանա Տամատյանը (Թուրքիա):
Բաղեշի Խողց գյուղում 1678 թվականին ծնված Հովհաննեսը սովորել է տեղի Ամրդոլու վանքի համալսարանում, որտեղ դասավանդել են Վարդան արք Բաղիշեցին եւ Գրիգոր վարդապետ Շիրվանցին: Ավարտելուց հետո 1689 թվականին նա ձեռնադրվել է կուսակրոն քահանա, իսկ 1706-ին անդամակցել է Մշո Սբ. Կարապետ (Գլակա) վանքի միաբանությանը: Երկրաշարժից վնասված վանքի վերանորոգման համար հանգանակություն կատարելու առաքելությամբ 1712 թվականին նա գնացել է Պոլիս, որտեղից հայոց պատրիարքությունը նրան ուղարկել է Երուսաղեմ, որն այդ շրջանում ուղղակիորեն կապված էր Պոլսո պատրիարքական աթոռին: Երուսաղեմում իր գործը հաջող ավարտելուց հետո նա վերադարձել է Պոլիս եւ 1715 թ. ընտրվել Կ.Պոլսի հայոց 49-րդ պատրիարք եւ սուլթան Ահմեդ Գ-ի կողմից հաստատվելուց հետո գահակալել որպես Հովհաննես Թ պատրիարք: Իր հռետորությամբ նշանավոր Հովհաննես Կոլոտ պատրիարքը բացել է տպարաններ, հրատարակել հայերեն բազմաթիվ գրքերՙ Պոլսո մեջ հիմնելով առաջին դպրավանքն ու հայկական փոքրամասնական վարժարանները:
Գիտաժողովում բացման խոսք է ասել Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոսը, Հայաստանից ելույթ է ունեցել նաեւ Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը:
Ռ. Պ.