Յոթ օր է արդեն, որ միջազգային լրատվամիջոցների, հատկապես հեռուստացանցերի ուշադրությունը սեւեռված է Երուսաղեմի «Հադասա» հիվանդանոցի վրա: Ներսում Շարոնն է պառկած ուղեղի արյունազեղմանը հետեւած եռյակ վիրահատություններից հետո, անգիտակից վիճակում, իսկ դրսում հիվանդանոցի տնօրենն է անընդհատ խոսում, նախՙ եբրայերեն, ապաՙ վատ անգլերենով: Նա ժամ առ ժամ տեղեկություններ է տալիս երկրի վարչապետի առողջական վիճակի մասին, ամենայն մանրամասնությամբ: Այս առավոտ, ասում է տնօրենը, Շարոնի ձախ թեւը թեթեւակի շարժվեց, եւ անձրեւի տակ գիշերող եւ ցերեկող թղթակիցները փութաջանորեն արձագանքում են դրան: Կեսօրից հետո նկատվեց, որ վարչապետի աջ ոտքը ցնցվեց, ինչը հուշում է, որ ինսուլտը չի ազդել նրա անդամների ֆունկցիոնալ կարողության վրա, ազդարարում է «Հադասայի» տնօրենը, եւ լրագրողները հաճույքով արձանագրում են նաեւ այդ փաստը: Եվ այսպեսՙ շարունակ:
Համաշխարհային գլխավոր թեման Շարոնի առողջությունն է, ուզում են հավատացնել իսրայելցիները: Միջազգային ավելի կարեւոր թեմա չկա, քան Շարոնի առողջական վիճակը, ուզում են հավատալ միջազգային լրատվամիջոցները: Իսրայելցիներն ունեն իրենց դրդապատճառները, միջազգային լրատվամիջոցներըՙ իրենցը: Առաջինների խնդիրն է աշխարհին համոզել, որ Իսրայելն է գլխավորն ամեն ինչում, մինչդեռ երկրորդների խնդիրն է չմեղադրվել հակասեմիտիզմի մեջ:
Մինչդեռ բոլորի համար պարզ է այլեւս, որ Իսրայելի եւ Միջին Արեւելքի քաղաքական կյանքում արդեն սկսվել է հետշարոնյան ժամանակաշրջանը: Եթե Շարոնն ապաքինվի անգամ, այլեւս չի կարող քաղաքական կյանք վերադառնալ:
Եվ սա գիտեն բոլորը, թե՛ հավատացնողները, թե՛ հավատացողները: Միայն չգիտեն մերոնքՙ մեր հեռուստաընկերությունները, որոնք նույնությամբ, նույն փութաջանությամբ շարունակում են կրկնել «Հադասայից» արձակվող տեղեկությունները: Մերոնց երեւի թվում է, որ այդպիսով համաշխարհային քաղաքական լրատվության կիզակետում են մնում: Երանելի՜ միամտություն:
Հ. Ա.