«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2006-01-10 | #2, 2006-01-11 | #3, 2006-01-12


«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱ ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ

Ներկայացնում է «Թու քեթս փրոդաքշընս» ընկերությունը

Ապրիլի 17-ին, ժամը 10-ին Միացյալ Նահանգների հանրային հեռուստատեսությամբ (PBS) տեղի կունենա փաստագրական ֆիլմի պրեմիերա, նվիրված Հայոց ցեղասպանությանը: «Հայոց ցեղասպանություն» փաստագրական ֆիլմն ամբողջական պատմություն է 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին:

Աննախադեպ եւ ազդեցիկ մեկժամյա այս փաստագրական ֆիլմը նկարահանել է «Էմմիի» մրցանակակիր, պրոդյուսեր Էնդրյու Գոլդբերգը «Թու քեթս փրոդաքշընս» ստուդիայում «Օրեգոն փաբլիկ բրոդքաստինգի» հետ համատեղ: Հարցազրույցներն արված են ոլորտի առաջատար այնպիսի փորձագետների հետ, ինչպիսիք են Պուլիցերյան մրցանակակիր, հեղինակ Սամանտա Փաուերը եւ «Նյու յորք թայմսի» բեստսելեր հեղինակ Պիտեր Բալաքյանը: Ֆիլմը ներկայացնում է 20-րդ դարի դեպքերի մինչ այդ երբեւէ չցուցադրված պատմական կադրեր եւ դեռեւս չպատմված պատմությունների դերակատարներին: Ֆիլմի տեքստը կարդում է Ջուլիան Մարգուլիսը, ընդգրկված են նաեւ Էդ Հարիսի, Նատալի Պորտմանի, Օրլանդո Բլումի եւ այլոց պատմական խոսքերը:

Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Թուրքիայում եւ Սիրիայում նկարահանված այս ֆիլմը ներկայացնում է քննարկումներ քուրդ եւ թուրք քաղաքացիների հետ ժամանակակից Թուրքիայում, որոնք բացահայտ ներկայացնում են իրենց ծնողների եւ պապերի պատմած պատմությունները: Մինչդեռ այսօր Թուրքիան ժխտում է ցեղասպանության փաստը: Ֆիլմը ներառում է նաեւ նախկին թուրք դիվանագետ Գունդուզ Աքթանի վկայությունը Մ. Նահանգների օրենսդիրների առջեւ, որտեղ նա բացատրում է պաշտոնական Թուրքիայի դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ: «Թուրք ժողովուրդն իսկապես հավատում է, որ այն, ինչ պատահել է հայ ժողովրդին, ցեղասպանություն չէր», ասում է Աքթանը:

Ըստ ֆիլմի ռեժիսոր Գոլդբերգի խոսքերի, «քանի որ Թուրքիան ցանկանում է միանալ Եվրոպական միությանը, 90 տարի անց այս ֆիլմը կարող է մարդկանց ավելի լավ պատկերացում տալ, թե ինչու այս հարցն այդքան կարեւոր է»:

Պատրաստեց ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4