«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2006-01-10 | #2, 2006-01-11 | #3, 2006-01-12


ԱՌԱՋԻՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏՈՒՄ

«Ես ՀՀ քաղաքացի եմ, եւ ինձ անհանգստացնում է, որ օրինական ճանապարհը թողած` այնպիսի ճանապարհ է ընտրվել, որ ստեղծվի այս խճճված իրավիճակը: Եթե դա ուժի ցուցադրում է, ես դա ողջունելի չեմ համարում: Դա ավելի շուտ իրավաբանական, վարչարարության եւ կառավարման թուլության մասին է վկայում». այսպիսի գնահատական տվեց հունվարի 4-ի ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված իրավիճակին մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը` փաստորեն մարտահրավեր նետելով հրամանագրի իրավականությանը եւ սահմանադրականությանը: Լրատվամիջոցներին երեկ երեկոյան լրացուցիչ ուղարկած մամլո հաղորդագրության մեջ մարդու իրավունքների առաջին պաշտպանը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի հունվարի 4-ի հրամանագրում շեշտվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 27-րդ հոդվածի համաձայն պաշտպանի պաշտոնավարման ժամկետը լրանալու հանգամանքը, եւ, խուսափելով «լիազորությունների դադարեցում» արտահայտությունն օգտագործելՙ ասվել է, որ պաշտպանի աշխատակազմի կառավարումն իրականացնելու նպատակով ստեղծվում է ժամանակավոր հանձնաժողով, քանի որ աշխատակազմի ղեկավար չի եղել: Լ. Ալավերդյանը գրում է, որ նախագահի հրամանագիրն ինքը գնահատել է որպես հակասահմանադրական ակտ եւ նույն օրը, հունվարի 4-ին, երբ դեռ իր պաշտոնավարման ժամկետը լրացած չի եղել, դիմել է սահմանադրական դատարանՙ հրամանագրի սահմանադրականությունը որոշելու համար. «ՀՀ նախագահի հրամանագիրը խնդիրը չի լուծում հօգուտ մարդու իրավունքների, սահմանադրության շրջանակում չէ եւ կամայական լուծում էՙ ի վնաս մարդու իրավունքների, հանուն գործող պաշտպանից վաղաժամ ազատման», գրում է նա:

Միաժամանակ, երեկ կեսօրին տված ասուլիսում Լ. Ալավերդյանը հույս հայտնեց, որ իշխանության բոլոր թեւերում առկա է այն ներուժը, որը կարող է օրինական լուծում տալ «ոչ մեր պատճառով ստեղծված խճճված իրավիճակին»: Նա հույս ունի, որ երկրի նախագահը դեռ կարող է անդրադառնալ իր հրամանագրին, իսկ Ազգային ժողովը կարող է օրենսդրական եւ կանոնակարգային փոփոխությունների նախաձեռնող լինել` արտահերթ նիստ հրավիրելով եւ մարդու իրավունքների պաշտպանի օրենքում լրացում կատարելով առ այն, որ պաշտպանի լիազորությունները շարունակվեն մինչեւ նոր պաշտպանի նշանակումը: Փաստորեն այս իրավիճակը հենց օրենսդրական բացի հետեւանք է` ՄԻՊ օրենքում ոչ միայն անդրադարձ չի կատարվել, թե ժամկետը լրանալուց հետո ինչպե՞ս է նշանակվում մարդու իրավունքների նոր պաշտպանը, այլեւ սահմանադրության մեջ անուշադրության է մատնված այն հանգամանքը, թե ո՞վ իրավունք ունի պաշտպանի թեկնածու առաջադրելու:

Այս հույսերը Լարիսա Ալավերդյանին չխանգարեցին խիստ որակումներ հնչեցնել երեկ հրավիրած ասուլիսում: Երկրի նախագահի հունվարի 4-ի հրամանագիրը եղել է նրա ստորագրած առաջին հրամանագիրն այս տարի, ինչն, ըստ Լ. Ալավերդյանի, մեծ պատիվ է, քանի որ ողջ 2005 թվականի ընթացքում, չնայած բազմաթիվ դիմում խնդրանքներին, նա այդպես էլ չի կարողացել հանդիպել նրա հետ. «Հրամանագիրն օրինական ուժ ստացել է, բայց որեւէ օրենքից քաղած կետով հիմնավորված համարելը կլիներ շատ մեծ չափազանցություն»: Հրամանագրով ստեղծված հանձնաժողովական եռյակի անդամները զբաղեցնում են շատ բարձր պաշտոններ, որոնց Լ. Ալավերդյանը տեղեկացրել է, որ «իրենք կատարում են օրենքով չհիմնավորված հրամանագիր»: ՄԻՊ աշխատակազմը ստեղծում եւ կառավարում է պաշտպանը, մինչդեռ հիմա կառավարելու է իրավական տեսակետից չհիմնավորված հրամանագրով ստեղծված մի հանձնաժողով: Բացի այդ` հրամանագրում նույնականացված են պաշտոնավարման ժամկետ եւ լիազորությունների ավարտ հասկացությունները, այդպիսով խախտելով նոր սահմանադրությամբ այնքան կարեւորված մարդու իրավունքները եւ մինչեւ ԱԺ նոր նստաշրջան առանց պաշտպանի թողնելով ոտնահարված իրավունքների համար ՄԻՊ-ին դիմելու ՀՀ քաղաքացիների իրավունքը: Փաստորեն օրենսդրական բացի պատճառով ՄԻՊ աշխատանքի այս ընդհատումը օրենսդրական ճանապարհով լուծելու Լ. Ալավերդյանի` իրավասու ատյաններին դիմելու ջանքերն անլսելի են մնացել: Իսկ թե այդ բոլորը չի՞ կապվում արդյոք օմբուդսմենի` հատկապես մարդկանց սեփականության իրավունքի ոտնահարման հարցերը բարձրացնելու հետ` սա լրագրողների ենթադրությունների մակարդակում էր: Ակնհայտ է, սակայն, որ պաշտպանից ազատվելու այս ձեւը իրավական անհարթություն ունի, եւ այդպիսի հրամանագրի հուշարարներն անտես են արել այն հանգամանքը, որ այդպիսով նոր հնարավորություն են տալիս ընդդիմությանը` լարվածության նոր առիթ ունենալու: Բոլոր դեպքերում հարցի առավել հիմնավորված լուծում հասարակությունն ակնկալում է:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4