«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2006-01-10 | #2, 2006-01-11 | #3, 2006-01-12


ՄԱՔՍԱԿԵՏԵՐԸ, ՀԱՆՔԵՐՆ ՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԵՂԵԼ ԵՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Մի՞թե նախագահը մինչ այժմ տեղյակ չէր այդ մասին

Հարկային եւ մաքսային կառույցների ղեկավարների հետ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է նախորդ հանդիպումից հետո կատարված դրական տեղաշարժերին եւ այն ոլորտներին, որտեղ դեռեւս լուրջ անելիքներ կան: Ինչպես տեղեկացանք նախագահի մամլո գրասենյակից, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ չնայած վերոնշյալ ծառայությունները ապահովել են ծրագրված բյուջետային մուտքերը եւ անգամ փոքր-ինչ գերակատարել, բայց ակնկալիքներն ավելին են եղել:

Հարկային դաշտում նախագահը բարձիթողի է համարել վիճակը տրանսպորտի եւ հանքերի շահագործման ոլորտներում: Նա նշել է, որ եթե մայրաքաղաքի տրասնպորտային վիճակն այս առումով բարելավվել է, ապա միջքաղաքային եւ հատկապես միջպետական տրանսպորտում առկա են լուրջ խնդիրներ:

Մաքսատներում տիրող վիճակին անդրադառնալովՙ Ռոբերտ Քոչարյանը բերել է Մեղրիի մաքսակետի օրինակը: Այստեղ տիրող վիճակի կապակցությամբ բողոք էր ստացվել Իրանի քաղաքացուց, որից հետո մաքսակետով սկսել է զբաղվել նախագահի վերահսկողական ծառայությունը, եւ խնդիրը կարգավորվել է: Ըստ նախագահի, հետեւողական աշխատանք չի տարվում նաեւ կեղծ ապրանքագրեր հայտնաբերելու ուղղությամբ եւ մաքսանենգության դեմ պայքարում: Կան ապրանքատեսակներ, որոնց երեւացող ծավալն ակնհայտորեն չի համապատասխանում իրականին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանը հարկային եւ մաքսային ծառայությունների պարտքն է համարել տնտեսվարող բոլոր սուբյեկտների համար հավասար պայմանների ապահովումը եւ շեշտել, որ այդ կառույցներն իրենց գործունեությամբ կարող են ինչպես խրախուսել բիզնեսը, այնպես էլ լուրջ խնդիրներ ստեղծել նրա համար անհավասար պայմաններ ստեղծելով:

Դժվար է չհամաձայնել նախագահի ինչպես վերջին մտքին, այնպես էլ վերոնշյալ կառույցներից արտահայտած դժգոհություններին, սակայն միայն մեկ վերապահությամբ: Այդ ամենի մասին անընդհատ գրվում է մամուլում, նաեւ մեր թերթում արդեն քանի տարի: Մի՞թե նախագահը նոր է տեղեկանում այս ամենի մասին:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4