«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2006-01-10 | #2, 2006-01-11 | #3, 2006-01-12


ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԻՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ Է ՎԵՐՑՐԵԼ

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան հասարակական կազմակերպություն դարձնելու Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի փորձագետների կազմած նախագիծը, որի վրա ծախսվել է 30 հազար դոլար, արժանացել է կառավարության հավանությանն ու կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի հաստատմանն ու դեկտեմբերին ուղարկվել ակադեմիայի նախագահությանը, մեզանում կատարվող անտրամաբանական ծրագրերի ու գործողությունների շղթայի հերթական օղակն է դարձել, քանի որ ավելի ուշ նախարարը հարցը համարել է քննարկումից դուրս, այսինքնՙ չեղյալ: Մեր իրականությանը խիստ տիպական այս վիճակի մասին ամբողջական պատկերացում տալու նկատառումով ասենք, որ ներկա դրությամբ ՄԱԿ-ի փորձագետները հրաժարվում են մեկնաբանություններից, կրթության նախարարըՙ իր իսկ ստորագրությունից, ակադեմիայի փոխնախագահ Էդուարդ Ղազարյանը վստահաբար հայտարարում է, որ ակադեմիայի նախագահությունը անհանգստանալու հիմքեր չունի ՙ վկայակոչելով «Գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքը, համաձայն որի ակադեմիան ինքն է տնօրինում իր ազատ տարածքների վաճառքի հարցը, իսկ ակադեմիայի ինստիտուտների տնօրենները խորապես մտահոգված են ստեղծված հակասական ու խառնափնթոր վիճակից: ՄԱԿ-ի փորձագետների կազմած նախագծի վերաբերյալ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Արամ Քալանթարյանի կարծիքը ներկայացրել էինք մեր թերթի տարեվերջյան համարներից մեկում, նշելով նրա մտավախությունը ակադեմիայի դիրքերը թուլացնելու ու դրանով Ադրբեջանի լայն թափ առած քարոզչական պատերազմի դեմն առնելու անկարողության վերաբերյալ: Հասարակական կազմակերպության վերածված ակադեմիայի սխեման այն ժամանակ արդեն նրա սեղանին էր ու խիստ զայրացրել էր նրան:

Ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը եւս անհանգստացած է ներկայիս անորոշ մթնոլորտով, որ առաջացել է ոչ միանգամից, մեկ օրում կամ ամսում, այլ շիկացել է մոտ 15 տարվա խոսակցությունների բովում: «Ակադեմիան փակելու առաջին ուժեղ ալիքը սկսեցին անկախ Հայաստանի առաջին իշխանավորները, հետո նրանք հանդարտվեցին, ընդունվեց գիտության օրենքը, որը սակայն նույնիսկ դրանից հետո շատ հարցեր չպարզեց: Եվ ահա վերջերս ակադեմիայում ծանոթացանք մի նախագծի, որով ակադեմիան փաստորեն վերացվում է: Հայաստանում գիտության կազմակերպման նոր սխեմայով ակադեմիան այլեւս ազգային չէ, եւ նրա կողքին նշված են գիտական այլ հասարակական կազմակերպություններ: Այս մոտեցումը միանգամից մեծ անհանգստություն առաջացրեց ակադեմիայում, եւ դեռ շարունակում է բոլորիս մտահոգել, թեպետ մեզ հանգստացնում են, որ այդ փաստաթուղթն արդեն քննարկումից դուրս է: Սակայն այն հանգամանքը, որ Հայաստանում կարող էր այդպիսի նախագիծ ստեղծվել, պիտի մտածելու տեղիք տար, որովհետեւ ակադեմիան սոսկ բյուրոկրատական կառույց չէ, այլ առաջին հերթին գիտության կազմակերպման կենտրոն է ու նաեւ հայ ժողովրդի հոգեւոր հենարաններից մեկը», ասում է նա:

Ակադեմիայում կուտակված խնդիրներն այս ճանապարհով լուծելու առաջարկը նա համարում է անիմաստ, մանավանդ որ ակադեմիայի նախագահության ստեղծած հանձնաժողովը կազմել է բարեփոխումների նախագիծ ու ներկայացրել է կառավարություն:

Բարեփոխումների ծրագրում եւս կան անորոշություններ ու տարաձայնություններ, մասնավորապես նշենք ակադեմիայի գրականության ու լեզվաբանության ինստիտուտները միացնելու վերաբերյալ արդեն մեկ տարի շրջանառվող խոսակցությունները: Ազատ Եղիազարյանը կարծում է, որ գրականագիտությունն ու լեզվաբանությունն իրենց ներկայիս խնդիրներով բավականին հեռացել են եւ դրանց միացումը կլինի զուտ արհեստական, որն օգտավետ չի լինի հայագիտության հիմքը կազմող այդ երկու չափազանց կարեւոր գիտությունների զարգացման համար:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4