«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2006-01-11 | #3, 2006-01-12 | #4, 2006-01-13


ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸՙ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ

«Ազգը» երեկ անդրադարձել էր «Ջեյմս ինֆորմեյշըն գրուպ» հեղինակավոր բրիտանական ընկերության վերլուծաբանների հայտարարություններին, որ Ադրբեջանը վերջնականապես հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու գաղափարինՙ վերջնական կարգավիճակը որոշելու համար:

Բրիտանական ընկերության վերլուծաբանները տեղեկացրել էին նաեւ, որ իրենց եզրակացությունների համաձայն Հայաստանը հակվում է կարգավորման փուլային ծրագրին համաձայնելու, որ նախատեսում է զինուժի դուրսբերում Լեռնային Ղարաբաղի շրջակա շրջաններից: Ըստ բրիտանական ընկերության տվյալների, մինչեւ վերջին պահը Բաքուն դեմ էր արտահայտվում միջազգային միջնորդների առաջարկած հանրաքվե անցկացնելու գաղափարին, եւ հակամարտության գոտում ծրագրվում է միջազգային խաղաղապահ ուժերի տեղաբաշխումՙ քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու համար:

Երեկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի պատասխանատու Թայիր Թագիզադեն հայտարարել է, որ բանակցությունների այս փուլում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի քննարկվում: Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ, Թագիզադեն նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բանակցությունների երկրորդ փուլում քննարկվելիք խնդիր է: Իսկ ներկա փուլում, ըստ ԱԳՆ մամլո պատասխանատուի, քննարկվում են ադրբեջանական հողերն ազատելու, զինուժը դուրս բերելու, տարածքներն ականազերծելու, փախստականներին վերադարձնելու եւ այլ հարցեր:

Ադրբեջանական կողմի հայտարարությամբ, ԼՂ-ի կարգավիճակը կարող է քննարկվել տարածաշրջանի էթնիկ կազմի վերականգնումից հետո մինչ հակամարտությունը եղած դրությամբ: ԱԳՆ ներկայացուցիչն ավելացրել է նաեւ, որ Ադրբեջանի սահմանադրությունը նախատեսում է հանրաքվեի անցկացում, բայց այն պիտի լինի համազգային, ողջ երկրի բնակչության մասնակցությամբ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4