«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2006-01-11 | #3, 2006-01-12 | #4, 2006-01-13


ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐՎԵԳԱՑԻՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱԾ ՏՆԱԿՆԵՐԸ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ՆՐԱՆՑ

8 ընտանիքների ճակատագիրը մնում է անորոշ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանը խորհրդային զորքերի կողմից գրավվելուց եւ Ադրբեջանի վերահսկողությանն անցնելուց հետո շրջանի փախստական դարձած ընտանիքներից 64-ը հաստատվեց 3-րդ գյուղում, որը գտնվում է մայրաքաղաքի ներկայումս Սիլիկյան կոչվող թաղամասի տարածքում: Նրանց տրամադրվեցին ժամանակավոր կացարաններՙ «ռումինական տնակները»: Այդ ընտանիքների տղամարդիկ, սակայն, մնացին իրենց հարազատ բնակավայրում եւ սկսեցին պարտիզանական պայքար մղել ադրբեջանցիների թիկունքում մինչեւ ղարաբաղյան պատերազմում զինադադարի հաստատումը:

Արթուր Հակոբյանը թշնամու թիկունքում գործող հայտնի «Եղնիկներ» ջոկատի փոխհրամանատարն էր, իսկ Կամո Եսայանըՙ այդ ջոկատի մարտիկներից: «Ազգի» խմբագրություն նրանց ստիպել էր գալ իրենց նկատմամբ կատարվող անարդարությունը: Ըստ նախկին շահումյանցիների, 2003 թ.-ին փախստականների նորվեգական խորհուրդը 3-րդ գյուղում վերոնշյալ 64 ընտանիքների համար կառուցեց տնակներ: Գրեթե բոլորն արդեն ստացել են իրենց բնակարանները, բացի 8 ընտանիքներից, որոնց սակայն Հայաստանի կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչությունը հրաժարվում է տրամադրել նրանց համար կառուցված տնակները:

«Ինչո՞ւ է վարչությունը մերժում հատկապես այդ 8 ընտանիքներին» մեր հարցին Արթուր Հակոբյանը եւ Կամո Եսայանը պատասխանեցին, որ իրենք բնակվում եւ աշխատում են Լեռնային Ղարաբաղում ու որպես բնակարան չտրամադրելու պատճառաբանություն վարչության կողմից նշվում է այդ հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ իրենք վարկ են ստացել ԼՂՀ կառավարությունից: Սակայն նրանք նշում են, որ իրենց ընտանիքի մնացած բոլոր անդամներն արդեն 14 տարի բնակվում են վերոհիշյալ 3-րդ գյուղում: Նրանց փախստականների կարմիր գրքույկները փոխարինվել են Հայաստանի Հանրապետության այդ տարածքից ստացված անձնագրերով, նրանք այդ 14 տարին անընդհատ բնակվել են այդտեղ գտնվող ժամանակավոր տնակներում, ինչը արձանագրել են նրանց բնակության փաստը ստուգելու նպատակով բնակավայր այցելող տարբեր հանձնաժողովները:

Արթուր Հակոբյանն ու Կամո Եսայանը շեշտեցին, որ իրենցից պահանջվել է տեղեկանք ներկայացնել ԼՂՀ փախստականների, միգրացիայի եւ վերաբնակեցման վարչությունից, որ իրենք սեփականություն չունեն Լեռնային Ղարաբաղում, ինչը կատարվել է: Մեր զրուցակիցները չհերքեցին, որ իրենք ԼՂ կառավարությունից մեկ անգամ վարկ ստացել են, սակայն հավաստիացրեցին, որ իրենց սեփականությունը համարվող տուն կամ հողամաս այնտեղ չունեն:

Շահումյանցիների 8 ընտանիքներին բնակարան չտրամադրելու հարցի վերաբերյալ խնդրին առնչվող մյուս կողմի պարզաբանումներն ստանալու նպատակով դիմեցինք նաեւ փախստականների եւ միգրացիայի վարչություն: Վարչության պետի տեղակալ Դավիթ Հակոբյանը չհամաձայնեց այն գնահատականին, որ իրենք հրաժարվում են բնակարան հատկացնել վերոհիշյալ ընտանիքներին: Նրա հավաստմամբ, այդ հարցն այժմ ընթացքի մեջ է: Հայաստանի փախստականների եւ միգրացիայի վարչությունը պարզելու համար, թե այդ ընտանիքները Լեռնային Ղարաբաղի վերաբնակիչներ են, թե՞ ոչ, դիմել է ԼՂ փախստականների, միգրացիայի եւ վերաբնակեցման վարչություն: Եթե մոտ օրերս սպասվող պատասխանից պարզվի, որ նրանք Լեռնային Ղարաբաղի վերաբնակիչներ չեն, ապա նրանց բնակարաններ կհատկացվեն, իսկ եթե ոչ, ապա չեն հատկացվի: Վերջինս Դավիթ Հակոբյանը պատճառաբանեց այն բանով, որ Լեռնային Ղարաբաղի վերաբնակիչներ համարվողները այդ հանրապետության իշխանություններից ստանում են հողամաս, տուն, վարկ եւ նրանց նաեւ Հայաստանում տուն հատկացնելու իրավունք վարչությունը չունի:

Այդուհանդերձ, վարչության պետի տեղակալի հետ զրույցից տրամաբանական չթվաց, որ 14 տարի Հայաստանում բնակվելու, այստեղ փախստականի գրքույկ ստանալու, ապա ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, որպես այդպիսին ընտրական ու մյուս գործընթացներին մասնակցելու հանգամանքները կարող են անկարեւոր համարվել նրանց բնակարան տրամադրելու հարցում: Եվ, ի վերջո, եթե փախստականների նորվեգական խորհուրդը այդ տնակները կառուցել է այդ 64 ընտանիքների համար, ապա ի՞նչ բարոյական իրավունքով փախստականների եւ միգրացիայի վարչությունը չի ցանկանում օտարերկրյա կազմակերպության միջոցներով կառուցված տները տրամադրել նրանց, ում համար դրանք կառուցվել են: Մի՞թե ղարաբաղյան պատերազմին մասնակցած եւ ճակատագրի բերումով փախստական դարձած այդ մարդիկ եւ նրանց ընտանիքներն արժանի չե՞ն դրան, թե՞ վարչությունն այլ ծրագրեր ունի չտրամադրված տնակների նկատմամբ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4