17-րդ դարում 9-17-րդ դարերի 10 հազար խաչքար ունեցող Ջուղայում ադրբեջանցի զինվորներն իրենց կառավարության հրահանգով անցած տարեվերջին գազանաբար ոչնչացրին խաչքարերի վերջին բեկորներըՙ կատարելով Նախիջեւանում հայերի պատմական խոր հետքերը ջնջելու քաղաքական պատվերը: Պատմական հուշարձանների վերջին ջարդը սկիզբ առավ 1998 թվականին, երբ Ջուղայում հաշվառված էր մոտ 3000 խաչքար ու մի քանի մատուռ, դրանից հետո վանդալիզմի դեպքերը շարունակվեցին 2003 թվականին, իսկ 2005 -ին ադրբեջանցիների բարբարոսությունը հասավ իր գագաթնակետինՙ միանգամից ուժգնացնելով համահայկական կազմակերպությունների ու հոգեւոր առաջնորդների դատապարտող հայտարարություններն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված բողոքի կոչերը:
Հայոց հուշարձանների պաշտպանության համահայկական հանձնախումբն այլեւս անիմաստ է համարում Ջուղայում հուշարձանների ոչնչացումը դադարեցնելու պահանջը, որովհետեւ այնտեղ այլեւս հայկական հուշարձան չի մնացել: Նրանց համոզմամբ, Հայաստանի կառավարությունը պետք է վճռական գործողություններով միջազգային կառույցներին ստիպի պատժիչ քայլեր ձեռնարկել Ջուղայի ու Նախիջեւանի մյուս հուշարձանները ոչնչացրած Ադրբեջանի դեմ: Խնդիրը պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնադրույթ, հասնի միջազգային արդարադատության դատարան եւ Ադրբեջանից բռնագանձվի ոչնչացված հուշարձանների արժեքը:
Գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում «Ազգային միաբանության ուխտ» կուսակցության, «Նախիջեւանահայոց ազգային խորհրդի» եւ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հասարակական կազմակերպության երեկ հրավիրած քննարկմանը հարցի վերաբերյալ տեսակետներ արտահայտեցին պատմաբաններ, գրողներ, հոգեւորականներ ու մշակույթի գործիչներ: Ներկա փուլում առաջնային համարվեց հարցը միջազգային ազդեցիկ կազմակերպություններին, անձանց ու հանրությանը հասցնելը, դրա համար օգտագործելով հայկական կառույցների բոլոր հնարավոր միջոցները: Ռաֆայել Համբարձումյանը նշեց, որ Ադրբեջանի բարբարոսական ծրագրի դեմ ժամանակին ոչ մի քայլ չձեռնարկելովՙ մեր ղեկավարները դարձան չարագործության մեղսակիցը, իրենց անտարբերությամբ էլ ավելի ոգեւորելով մշակութային ջարդարարներին:
Գրեթե բոլոր ելույթ ունեցողներն արդարամտորեն նկատեցին, որ մշակութային հուշարձանների ջարդի հանդեպ մեր իշխանավորների անտարբերությունն առկա է նաեւ երկրի ներսում: «Ինչո՞ւ ենք լռում, երբ Երեւանում 19-րդ դարի շենք են քանդում: Եթե մենք ներքին թշնամուն չենք կանգնեցնում, ինչո՞ւ պիտի հիմա բողոքենք արտաքին թշնամու դեմ: Պետք է մտածենք, որ մեր ձախողումների հիմնական պատճառն այն է, որ մենք բացարձակապես հավակնոտ չենք: Տարածաշրջանում մենք պետք է ունենանք մեր մշակութային տիրապետող քաղաքականությունը, սակայն ո՞վ է հայ մշակույթի տերըՙ կառավարությո՞ւնը, մշակույթի նախարա՞րը», ասաց արվեստաբան Լեւոն Չուքասզյանը:
Հայաստանի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արտյոմ Գրիգորյանը նշեց, որ քննարկվող հարցն արդեն միջազգայնացված է, եւ առանց պետական միջամտության որեւէ հասարակական կազմակերպություն որքան էլ հզոր լինի ու մեծ ջանքեր թափի, ոչինչ չի կարող անել, պետական գործիչների թերացումները քննադատելով հասարակական կազմակերպությունները ոչնչի չեն կարող հասնել: Նրա ասելով, մշակույթի նախարարությունը լայն աշխատանք է կատարումՙ համագործակցելով համաշխարհային հուշարձանների պահպանության կենտրոնի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ:
Այս ուշացած քննարկումն էլ ավարտվեց նախորդների պեսՙ ստեղծվեց Նախիջեւանի հուշարձանների պաշտպանության նորաստեղծ հանձնախմբում, որի անդամներից են Ռուբեն Գեւորգյանցը, Արա Երնջակյանը, Սուրեն Զոլյանը, Ավիկ Իսահակյանը, Սամվել Կարապետյանը, Արմեն Հախնազարյանը, Ռաֆայել Համբարձումյանը, Մուրադ Հասրաթյանը, Ռաֆայել Ղազարյանը, Արման Մանարյանը, Երվանդ Մանարյանը, Սամվել Մուրադյանը, Կարեն Սմբատյանը, իսկ սփյուռքից ՙ Արմենակ Աբրահամյանը (Ֆրանսիա), Արտավազդ Ավագյանը (ԱՄՆ), Անի Բաբայանը (Նոր Ջուղա), Անի Թոթոյանը (Ֆրանսիա), Գայանե Խաչատրյանը (Վրաստան), Հրայր Բազեն (Կանադա) եւ ուրիշներ:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ