Բջջային հեռախոսներով հաղորդագրություն ուղարկելիս կամ համակարգչային էլեկտրոնային նամակագրության ժամանակ բոլորս էլ երեւի հանդիպել ենք տեքստերը գրելու դժվարություններին: Այսինքն, հայերեն տառերին համապատասխան լատինական տառեր գտնելը դժվարություններ են առաջացնում` դրանց համապատասխանությունն ապահովելու իմաստով: Ստիպված մեզ անհրաժեշտ տառերին համարժեք փնտրելիս ընտրում ենք այնպիսի տառեր, որոնք եթե անգամ մեզ հասկանալի են, ապա չենք կարող վստահ լինել, թե այն ստացողները կհասկանան գրվածը: Հաղորդակցման խնդիրներին լավագույնս ծանոթ են նաեւ խմբագրությունները, քանի որ հաճախ են ստանում լատինատառ նամակներ եւ հոդվածներ: Եվ եթե անգամ դրանք ընդունվում են տպագրության, խմբագրությունը ստիպված է լինում կրկին հոդվածները մուտքագրել: Թեեւ լատինատառ գրելը չարիք է, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով դա հնարավոր չէ արգելել:
Խնդրի շուրջը մեր մտահոգություններով զրուցեցինք համակարգչային մասնագետ Վալերի Մարկարյանի հետ: Նրա համոզմամբ, սկզբունքորեն կարելի է լատինատառ ստացված նամակը կամ նյութը համակարգչային հատուկ ծրագրերի օգնությամբ դարձնել հայատառ եւ նվազեցնել լատինատառ հաղորդակցման վնասները: Բայց կա մի խանգարող հանգամանք. «Այդպիսի հստակ հայատառ տեքստերի ստացման համար անհրաժեշտ է, որ բոլոր հայերը լատինատառ գրելիս հետեւեն նույն կանոններին: Այսինքն` անհրաժեշտ է յուրաքանչյուր հայերեն տառին համապատասխան օգտագործել կոնկրետ որեւէ լատինատառ գրանշան կամ համակցություն»:
Մասնագետի խոսքերով, սա խիստ գիտական տառադարձում չէ եւ անգամ զուտ տառերի քանակից ելնելով (լատիներեն տառերը 26-ն են) անհրաժեշտ է օգտագործել տառերի համակցություններ: Չէ՞ որ, օրինակ, հայերեն «չ», «շ» եւ մյուս յուրահատուկ տառերին լատինատառ համապատասխան տառը գտնելը դժվար է, եւ հաճախ դրանք արտահայտվում են երկու տառով ( չ-ch, շ- sh): Հստակ կանոնակարգված համակարգի բացակայության պատճառով լատինատառ հաղորդակցության ժամանակ շատ բարդություններ են առաջանում: Օրինակ, հայերեն «խ» տառի փոխարեն մենք հաճախ օգտագործում ենք «x»-ը, որը «ենթադրաբար ռուսերեն «x» տառի պատկերային համապատասխանեցումն է, որի մասին կարող են չիմանալ մեր ռուսերեն չիմացող մյուս հայրենակիցները»:
Համակարգչի մասնագետը նշում է նաեւ «ը» տառը արտահայտելու դժվարության մասին. «ոմանք գրում են «e», ոմանք` «@»: Պակաս կարեւոր չէ նաեւ հարցի հոգեբանական կողմը: Չէ՞ որ համապատասխան տառերը փնտրելու ընթացքում նամակագիրը շեղվում է հիմնական մտքից, եւ հաղորդակցվելու ցանկությունը հետզհետե նվազում է` թուլացնելով շփվող կողմերի հարաբերությունները: Այնպես որ մասնագետը կարեւորում է միասնական, կանոնակարգված համակարգ ունենալու գաղափարը: Նա նաեւ նշում է, որ կանոնակարգումը 100 տոկոսով միանշանակ չի լինի, բայց կարող է նպաստել միատեսակ գրելուն: Պրն Մարկարյանը համոզված է, որ կանոնակարգված լատինատառ համակարգ ունենալը կթեթեւացնի նկարագրված ձեւով հաղորդակցվելը: «Երեւի ժամանակն է, որ դպրոցական ծրագրերում այբուբենը սովորելու հետ, դասավանդեն լատինատառ հաղորդակցման հիմունքները: Եվ որքան էլ դա անելու ճանապարհին դժվարություններ կլինեն, բայց չանելով կնպաստենք, որ էլեկտրոնային հաղորդակցության ժամանակ հայը հայի հետ շփվի օտար լեզվով» կամ անվայել լատինատառ հայերենով, հավելում է պրն Մարկարյանը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ