Վեյք Ան Զեեի մրցաշարը բավական ուժեղ կազմ է հավաքել
Հունվարի 14-ին հոլանդական Վեյք Ան Զեե քաղաքում կմեկնարկի շախմատի ավանդական միջազգային մրցաշարը: Այն ավանդաբար ուժեղ կազմ է հավաքում: Սակայն հերթական մրցաշարը բացառիկ է: Այն ՖԻԴԵ-ի 19-րդ կարգի է, մասնակիցների միջին վարկանիշը 2716 է: Առաջին անգամ Վեյք Ան Զեեի մրցաշարին կմասնակցի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը, որն անցյալ տարի գերազանց մրցելույթներ ունեցավ: Լեւոնի համար առաջիկա մրցաշարը հիանալի հնարավորություն է եւս մեկ անգամ ապացուցելու, որ այսօր իրավամբ համարվում է աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը: Արոնյանին իրոք լուրջ քննություն է սպասում: Բավական է նշել, որ մրցաշարի 14 մասնակիցների թվում է աշխարհի չեմպիոն բուլղարացի Վեսելին Թոփալովը, որը փաստորեն գլխավորում է շախմատիստների դասակարգման ցուցակը 2801 վարկանիշով, քանի որ Գարի Կասպարովը հրաժեշտ է տվել ակտիվ շախմատին: Թոփալովն անցյալ տարվա մրցաշարում զբաղեցրել էր 3-րդ տեղը:
Ինչ խոսք, հաղթողի հավակնորդների թվում է Վեյք Ան Զեեի մրցաշարերի բազմակի հաղթող, շախմատային երեք «Օսկարների» դափնեկիր, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը: Վերջին անգամ նա հոլանդական այս քաղաքում հաղթող է ճանաչվել 2004 թ., իսկ անցյալ տարի զբաղեցրել է 2-րդ տեղը: Իսկ հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոն, անշուշտ, կձգտի կրկնել անցյալ տարվա հաջողությունը եւ կրկին տիրանալ գլխավոր մրցանակին: 2004 թ. նա բաժանել էր 2-3-րդ տեղերը:
Մրցաշարին պետք է մասնակցեր նաեւ Վլադիմիր Կրամնիկը, սակայն հիվանդության պատճառով նա այս անգամ կբացակայի: Նրա փոխարեն հանդես կգա Շահրիար Մամեդյարովը, որը վերջին շրջանում բավականին առաջադիմել է: Նա եւս առաջին անգամ է մասնակցելու մրցաշարին: Երկարատեւ ընդմիջումից հետո կրկին մասնակիցների թվում է Գատա Կամսկին: Ուժեղագույնների մրցավեճում իրենց դրսեւորելու հնարավորություն են ստացել նաեւ Վասիլի Իվանչուկը, Բորիս Գելֆանդը, Էթիեն Բաքրոն: Առանձնակի ներկայացնելու հարկ չկա նաեւ մրցաշարի մշտական մասնակիցներ Մայքլ Ադամսին ու Իվան Սոկոլովին: Հոլանդիան կներկայացնեն Սերգեյ Տիվյակովն ու Լյուկ վան Վելին: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում մրցաշարի նորեկ, շախմատի պատմության մեջ ամենաերիտասարդ գրոսմայստեր, 16-ամյա Սերգեյ Կարյակինի մասնակցությունը:
Լեւոն Արոնյանն իր վարկանիշով (2752) մրցաշարի 14 մասնակիցների ցանկում 3-րդն է: Լեւոնը զիջում է միայն աշխարհի չեմպիոն Վեսելին Թոփալովին (2801) եւ հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդին (2792): 2700-ից բարձր վարկանիշ ունեն նաեւ Պետեր Լեկոն (2740), Վասիլի Իվանչուկը (2729), Բորիս Գելֆանդը (2723), Էթիեն Բաքրոն (2717), Շահրիար Մամեդյարովը (2709), Մայքլ Ադամսը (2707):
Եվ այսպես, հունվարի 14-ից հոլանդական Վեյք Ան Զեեում կսկսվեն շախմատային թեժ մրցախաղերը: Մինչեւ հունվարի 29-ը մրցաշարը կլինի շախմատասերների ուշադրության կենտրոնում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ