Մինչ մեր քաղաքական դաշտը անցած տարվա իներցիայով է շարժվում` տարեվերջին դրված ստորակետից շարունակելով (նոր կուսակցությունների համալրում, ինչ-որ հայտնի եւ անհայտ ցուցակների կազմում), նոր քաղաքական տարին նոր շեշտադրումներ է մտցնում` ոմանց համար անսպասելի, իսկ ողնուծուծով քաղաքականությամբ զբաղվողների համար` լիովին սպասելի. միանգամից հասկանալի է դառնում, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա մեծ ազդեցություն են ունենալու ոչ այնքան ներքին, որքան արտաքին քաղաքական-տնտեսական խնդիրները` ղարաբաղյան խնդրում նկատվող նոր մոտեցումներն ու Ռուսաստանի կողմից Հայաստանին վաճառվող գազի թանկացման` առաջին հայացքից զուտ տնտեսական թվացող խնդիրը:
Շաբաթավերջին «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երկրի առաջին դեմքերից մեկը` վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, անդրադարձ կատարելով գազի հնարավոր թանկացմանը, նկատել էր, թե այդ դեպքում հարկ է հստակեցնել հայ-ռուսական հարաբերությունների իմաստը. «Մենք պետք է կոնկրետ որոշենք, թե ի՞նչ է ենթադրվում ռազմավարական գործընկեր հասկացության տակ, եւ ո՞ր ոլորտներին է առնչվում»: Զուգահեռներ անցկացնելով գազի թանկացման խնդրում ռուս-ուկրաինական, ռուս-վրացական սցենարների հետ` վարչապետը Հայաստանի հետ հարաբերությունները միեւնույն հարթության վրա չի դրել, քանի որ, օրինակ, Վրաստանը պահանջում է Ռուսաստանից դուրս բերել ռուսական ռազմակայաններն իր երկրից: Եթե նկատի ունենանք, որ ընդամենը մի քանի օր անց պետք է տեղի ունենա ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպումը, որտեղ հույս կա գազի գնի վերաբերյալ փոխադարձ ընդունելի պայմանավորվածություն ձեռք բերել, վարչապետի անդրադարձը չի կարելի ինքնագործունեության արդյունք նկատել, այլ կարելի է համարել դերերի բաշխման սովորական հաշվարկ, որոշիչ հանդիպումից առաջ ռազմավարական գործընկերոջը երկրի ներսում եղած տրամադրությունների հրապարակային ցուցադրում: Սա նաեւ նշմար կարելի է համարել, որ մեր քաղաքական գործիչները հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումները հայտնեն, քանի որ մեր տարածաշրջանում իրավիճակը նկատելիորեն փոխվում է, իսկ քաղաքականությամբ զբաղվողները ոչ միայն ներքին գզվռտոցով պետք է զբաղվեն, այլեւ նախեւառաջ կարողանան մասնակից լինել Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանային գործընթացներում նրա մասնակցության ձեւաչափի ձեւավորմանը: Այսինքն` գալիս է «լեգիտիմ է-լեգիտիմ չէ», սրա-նրա հետ դաշինք կազմել-չկազմելու խաղավարտի եւ սկսվում ուղեղի, եւ ոչ թե բիլակի ու փողի հնարավորությունների ցուցադրման ժամանակը: Հետաքրքրական է, որ ռուսամետ համարվող «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն արդեն արձագանքել է վարչապետի ելույթին, ասելով, թե գազի սակագնի առաջիկա բարձրացման շուրջն ստեղծված իրավիճակում հայկական կողմը պետք է զգույշ, կշռադատված եւ ծանրակշիռ բանակցություններ վարի` նվազագույն բարձրացումներ ունենալու համար. «Եթե Հայաստանը Ռուսաստանից պահանջի երկրից դուրս բերել ռուսական բազան, ապա երկիրը դրանից միանշանակ կտուժի», ասել է նա` հիշեցնելով, որ Հայաստան-Իրան գազամուղը պատրաստ կլինի միայն մեկ տարի հետո: Հայաստանի արտգործնախարարն էլ անցած շաբաթ ասել էր, որ այս հարցը կարող է քաղաքական հետեւանքներ ունենալ, ինչպես, օրինակ, Ուկրաինայի դեպքում եղավ: Երեկ արդեն ավելի ամբողջական արձագանքելով խնդրին. «Գազի գնի հնարավոր բարձրացումը չպետք է լուրջ շեղումների հանգեցնի Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները»: Որպես հիմք դիտվել էր մեր երկրի անվտանգության եւ մեր ֆիզիկական պաշտպանության հարցերը: Մեր հեռուստաընկերություններում երեւացող միջանկյալ դեմքերը անցյալ երկու օրերին դեռեւս ծուլորեն քննարկում էին խնդիրը, բայց զգացվում է որ այս հարցը դառնալու է երկու երկրների քաղաքական հարաբերությունների հերթական փորձաքար:
Ղարաբաղյան հիմնախնդիրը եւս կարող է առաջիկա օրերին «տանող թեմա» լինել մեր քաղաքականների համար, քանի որ խաղաղարար ուժերի տեղակայման հնարավորության եւ հնարավոր փոխզիջումների մասին խոսակցությունները վկայում են, որ, այնուամենայնիվ, ինչ-որ հանգուցային մոտեցում կարող է առաջարկվել կողմերին: 2006-ին բանակցային գործընթացում գործնական առաջընթացի հնարավորության մասին ակնարկեց նաեւ Վարդան Օսկանյանն անցած շաբաթ: Այստեղ հարկ կլինի ոչ թե ավանդական պոպուլիզմի օգտագործումը մեր քաղաքական գործիչների կողմից, այլ հարցի լիարժեք իմացություն եւ հնարավոր սցենարներին լիովին տիրապետում, քանզի հարցի դրական լուծմանը նպաստելը ոչ միայն պետական քաղաքականության գործն է, այլեւ ընդդիմադիր քաղաքական գործիչների` տարբեր սցենարների վտանգները մատնացույց անելով (բայց չշահարկելով, ինչը մերոնք հազիվ թե կարողանան անել) եւ ժողովրդական դիվանագիտության դրսեւորումը կազմակերպելով:
Մեր քաղաքականները, դատարկ խոսելուց բացի` պետք է կարողանան գլոբալ հայացքով նայել խնդիրներին արտաքին տնտեսաքաղաքական հրամայականներին դիմագրավելու համար, եւ սա ավելի է ահագնանալու նախընտրական տարում: Ով նախկին պրիմիտիվ հարցադրումներից վեր բարձրացավ` նա էլ թելադրող կդառնա` անգամ փողի դերակատարության անվիճելիությունը հաղթահարելով: Այո, փոխվում է տարածաշրջանը, մի փոքր փոխվում են Հայաստանին ներկայացվող խնդիրներն ու տեղնուդերի ճշտման մեխանիզմները, եւ մեր քաղաքական ուժերը պետք է կարողանան դիմագրավել նոր մարտահրավերներին: Նախկին` միմյանց եւ իշխանություններին փնովելու գործելակերպը տոկոսային հարաբերությամբ ավելի ցածր սեկտոր կզբաղեցնի, քաղաքական ուժերը ստիպված են լինելու տարածք զբաղեցնել ըստ նոր իրողությունների եւ ունեցած մտավոր ներուժի, այլապես երկիրն է տուժելու` շարունակելով հետ մնալ գործընթացներից: Նաեւ` ըստ այդ հրամայականների հարկ է որ խորհրդարան ձեւավորեինք, այլ ոչ թե` փողի ուժով, եթե իհարկե հերթական անգամ չենք ուզում մնալ բարի ցանկությունների ու մարտնչող տգիտության ճիրաններում:
Իսկ մնացած հարցերը պարզապես լրացնելու են վերը նշվածներին. մարդու իրավունքների պաշտպանի խնդիրը, անցած շաբաթ տարբեր քննարկումներից պարզ դարձավ, հնանում է, քանզի մեր քաղաքական ուժերը բոլորն էլ խոսում են սեփական թեկնածուների մասին: Կարելի է ասել, շատ քչերին է հուզում այն հանգամանքը, որ մարդու իրավունքների պաշտպանը այս տարիուկեսում սովորել էր աշխատել, իսկ նորը պետք է սկսի «ա»-ից ու «բ»-ից: Բացի այդ, Լարիսա Ալավերդյանի` վերջին օրերին ասած ամենաէական միտքը` «Ես թույլ չեմ տվել կուսակցականացնել ՄԻՊ աշխատանքը», երեւում է ոչ մի արձագանք չի գտնում խիստ կուսակցականացված մեր քաղաքական դաշտի կորիֆեյների սրտում եւ մտքում: Իսկ կոալիցիայի անունից Անդրանիկ Մարգարյանն արդեն անցած շաբաթ հայտարարել էր, որ իրենք միասնաբար պաշտպանելու են Արմեն Հարությունյանի թեկնածությունը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ