«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2006-01-14 | #6, 2006-01-17 | #7, 2006-01-18


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԿԱՐՈՂ Է ՊԻԿԱՍՈՅԻ ՆԿԱՐՆԵՐԻ ԲՆՈՐԴԸ ԼԻՆԵԼ

Էլ ի՞նչ կարող են հորինել մեր քաղաքական գործիչները, որպեսզի մտապահվեն եւ մնան ընտրողի հիշողության մեջ: Բանը հասավ Պիկասոյին: «Հայաստանի քաղաքական դաշտը կարող է բնորդի դեր կատարել Պիկասոյի կտավներում», երեկ այսպես պատկերավոր ներկայացրեց քաղաքական դաշտի ներկա կեցվածքն «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանըՙ ցուցադրելով Պիկասոյի հայտնի «Գերնիկան» եւ այնտեղ տիրող խառնիճաղանջությունը:

Ընթերցողին, որին շատ բան չի ասի կուսակցության անվանումը, հիշեցնենք, որ 2003 թ.-ին Արամ Հարությունյանը ՀՀ նախագահի թեկնածու էր, եւ նրա հեռուստատեսային գովազդում մի բավականին սիրուն ու կարմիր նուռ էր գլորվում:

Իսկ Հայաստանի քաղաքական դաշտը խառնիճաղանջ է, որովհետեւ այնտեղ դերակատարություն ունեն ոչ քաղաքական տարրերը, քաղաքական գործիչների հիմնական մասը չի կարող առանց մանդատի մնալ եւ չի կրում այն արժեքները, որոնց մասին խոսում է:

Կուսակցությունները պետք է միավորվեն գաղափարական ընդհանրություններով, իսկ առկա արհեստածին միավորումները չեն նպաստում քաղաքական կյանքի կայացմանը, այդպիսով մի քանի տարի հետ գցելով նրա զարգացումը: «Եթե անգամ արմատական ընդդիմադիր քաղաքական գործիչներն են հայտարարում, թե քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, ուրեմն...», Ա. Հարությունյանն ակնհայտորեն նկատի ուներ Վիկտոր Դալլաքյանին:

Ըստ Ա. Հարությունյանիՙ «համոզմունքներով ընտրություն կատարելուն» կարող է խանգարել ընտրական օրենսգիրքը, որը խորհրդարանական մեծամասնության եւ փոքրամասնության գործարքի արդյունք է. «Ես կանխատեսում եմ, որ 2007 թ.-ի ընտրությունները դաժան են լինելուՙ լինելու է ընդամենը քաղաքական գործիչների եւ ոչ քաղաքական մարդկանց պայքար», կանխատեսեց Ա. Հարությունյանը:

Ընդդիմությունը կորցրել է վստահությունը ժողովրդի մեջ, «Արդարությունը» 5-6 մանդատից ավելի չի ունենա նոր ընտրություններում: Վտանգ կա, որ կոալիցիայի երկու կուսակցություններից հոսք կլինի նոր ստեղծվող կուսակցություններ (ՀՅԴ-ն ունի իր մշտական էլեկտորատը), այդ պատճառով հատկապես Հանրապետականը շահագրգռված է, որ կոալիցիան պահպանվի, իսկ «Օրինաց երկրի» հաշվարկները մի «լույսի մարդ» կարողացավ խառնել...

Թե ո՞րն է «Ազգային համաձայնության» տեղը քաղաքական դաշտում, ո՞ւմ հետ է համագործակցելուՙ այս հարցին Ա. Հարությունյանը բավական երկար հստակ չէր պատասխանում, մինչեւ որ ստիպված եղավ անուններ նշել. «Արժանապատվություն», Քրիստոնեադեմոկրատական կուսակցություն, «Արժանապատիվ ապագա», Տիգրան Կարապետյանի կուսակցությունը (ասում ենՙ երգելու արանքներում նաեւ քաղաքականությամբ է զբաղվում):

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Ա. Հարությունյանը համապատասխան թեկնածու չտեսավ. Պարույր Հայրիկյանն ուներ օմբուդսմեն դառնալու հնարավորություն, ցավոք սրտիՙ ինքնավստահությունը եւ քաղաքական գործիչ Հայրիկյանը խանգարեցին:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4