Վերջերս մի առիթով պետական մի պաշտոնյա հուսահատեցնող բաներ էր պատմում տիրող մտայնությունների, այդ կառույցներում իշխող արժեքների մասին: Մշակութային հետաքրքրություններից բավականին հեռու մեկ այլ պաշտոնյա արձագանքեց. «Բա մշակույթի հետ էդ ի՜նչ են անում»:
Խորհրդային իշխանությունները մշակույթի օջախները կենտրոնացրել էին Երեւանի բուն կենտրոնում, որովհետեւ կարեվորում ու դրանով սերունդ էին դաստիարակում (գաղափարաբանությունը անտեսեք այս պարագայում): Իսկ հիմա դպրոցական երեխան էլ գիտի, որ Երեւանում ամենաթանկը կենտրոնի հողերն են, որ Երեւանի սեւ ոսկին հողն է: Ու պատահական չէ, մշակույթի նկատմամբ տարվող քամահրական վերաբերմունքը, որին հետեւում է այդ օջախների վտարումըՙ գրադարաններ, հանրագիտարան, գրախանութ, որոնց փոխարինում են բանկերը, խանութները, բարերը եւ այլն: Ակնհայտորեն նվազել է մշակույթի հանդեպ հետաքրքրությունը, հատկապես ազգային մշակույթի: Այսպես կոչված շոու բիզնեսը, էժանագին մասսայական կուլտուրան ամենուրեք իր հաղթարշավն է տոնում: Լուրջ մշակույթը փաստորեն մասնագետների մի նեղ շրջանակին է ծառայում:
Զավեշտական է, որ տասնամյակներ շարունակ մշակութային ինքնության գիտակցությամբ ապրած ազգի առջեւ, երբ մեր լեզվի, գրականության, մշակույթի դերը հավասարարժեքվել է ազգապահպանման, գոյատեւման հիմնահարցին, այսօր ծառայել է մշակույթի նախարար ունենալ-չունենալու խնդիրը: Անշուշտ, անցնող տարիների մշակույթի նախարարների գործունեության տխուր փորձը եւ ոլորտի բարձիթողի վիճակն է հարցադրումը առաջացրել:
Պետբյուջեից հատկացումներ չլինելուց բողոքում են նկարիչները եւ շատերը: Ռուբեն Գեւորգյանցը «Հայելի» ակումբում երեկ ասում էր, որ «Հայֆիլմում» իր տնօրինության 15 տարիների ընթացքում որեւէ պետական պաշտոնյա չի հետաքրքրվել, թե իրենք ինչ են նկարահանում: Խոսքը վերահսկողություն պահանջելու մասին չէ, անշուշտ, անտարբերությունն է խոցելի եւ առավելՙ վտանգավորը:
Մշակույթի նախկին նախարար Հ. Հովեյանի ամանորյա «պահվածքը» աշխուժություն է առաջացրել արդեն մոռացված այս ոլորտի նկատմամբ եւ խորհելու տեղիք տվել, թե մշակութային նկարագիր ունեցող այս ժողովուրդը ինչու է մշակութային փակուղի մտել:
Կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանիՙ Մաշտոցյան գրավոր առաջին խոսքի վերհիշեցումը «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» պատահական չէր, քանի որ Մաշտոցը դրանով գիտակցորեն ամրագրել էր մեր ազգային քաղաքականության գաղափարաբանությունըՙ «լինել քաղաքակրթության առաջին գծի վրա»: Այսօր այդ արտահայտությունը մեկնաբանվում էՙ իբրեւ «ճանաչել մեծածախ ու մանրածախ առեւտուրը»: Բայց եւ առավել վտանգավոր է շրջանառու դարձած միտքը, թե մեզ պե՞տք է մշակույթ եւ մշակույթի նախարար: Մի բան, որ ասուլիսում մերժվեց, որովհետեւ հասարակական մշակութային կառույցների շարունակական դեմոնտաժումներն են առաջացրել այս վակուումներն ու անելանելի վիճակները: Որոշակի էր Դ. Մուրադյանի վերաբերմունքը այսօրվա իրականության նկատմամբ, որպես հետեւանք պետական շարունակական քաղաքականության: Արդյոք հրաշալի մշակված (թղթաբանության մակարդակով) հայեցակարգը, որով ներկայանում ենք Եվրոմիություն եւ այլ կառույցներ, դառնո՞ւմ է մեր կյանքի ընդհանուր բովանդակությունը: Իհարկե, ոչ: Ըստ բանախոսի, եթե քաղաքական, կուսակցական գետնի վրա եղած պառակտում-տարանջատումները բզկտում են մեզ, ապա մեր ազգային համաձայնության կետը հայոց մշակույթն է, որ «չի կարելի հանձնել շուկայի քմահաճույքներին», հակառակը պահանջում է պետական հայեցակարգ ու մոտեցում:
Շոշափվեցին նաեւ ապագա նախարարի կուսակցական պատկանելության եւ անձի որակների հարցեր: Մերժելի նկատվեց պարտադիր կուսակցականության պահանջը, առավել վտանգավոր է նախարարաց պորտֆելների կուսակցական մենաշնորհը:
Հանդիպմանՙ իբրեւ արվեստագետների մրցույթի շքերթի մեկնաբանումը բացառելով, Դ. Մուրադյանն արձանագրեց, որ վերջապես հնարավորություն է ստեղծվել մշակութային հարցեր քննարկելու եւ լրջորեն որոշելու, թե ինչպե՞ս ենք ինտեգրվելու քաղաքակիրթ աշխարհին, ի՞նչ որակներով, իբրեւ հին մշակութային արժեքներ դավանող ազգ, թե՞ քոչվոր ցեղախումբ:
Իսկ հավանական նախարարի համար պարտադիր պայման է գոնե լինել զարգացած եւ ինտելիգենտ անձ, եթե արվեստագետ լինելը պայման չէ, մշակույթով դաստիարակված լինելն անհրաժեշտ է: Եվ վերջապես «նախարարը միջոց է, ոչ թե նպատակ, նպատակը մշակութային քաղաքականության իրագործումն է»:
Մի բան, որ պետք է անի անձը, իսկ կարգին մարդը, պարզվում է հեռու է մնում այս խաղիցՙ անունը չարատավորելու համար (գլուխը կախ իր գործն է անում):
Վերջինՙ եթե հաջորդն էլ նախորդների շարունակությունը լինի, ի՞նչ է մնում անել հարցադրումը, մնաց առկախ...
... Պարզապես «ռելսերն» ի սկզբանե ճիշտ չեն տեղադրված:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ