«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2006-01-14 | #6, 2006-01-17 | #7, 2006-01-18


ԱՌԱՋԱՏԱՐԸ ՓՈԽՎԵՑ

Վեյք Ան Զեեի շախմատի մրցաշարի 3-րդ տուրը հատկանշական էր նրանով, որ նախորդ տուրում պարտված գրեթե բոլոր շախմատիստներն էլ իրենց օգտին հաղթանակներ գրանցեցին: Դա չհաջողվեց միայն Իվան Սոկոլովին, որը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Շահրիար Մամեդյարովի հետ:

Առայժմ հաղթանակի բերկրանքը չի վայելել Լեւոն Արոնյանը: Երրորդ տուրում նրա մրցակիցը հունգարացի Պետեր Լեկոն էր: Հաղթանակի ուղիներ չգտնելով, մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: 3-րդ տուրն անվանեց մրցաշարի նոր առաջատարին: 2,5 միավորով աղյուսակը գլխավորեց Վիշվանաթան Անանդը: Նա սեւերով պարտության մատնեց նախկին առաջատար Վասիլի Իվանչուկին, որը մինչ այդ երկու անընդմեջ հաղթանակ էր տոնել:

Նախորդ տուրի անհաջողությունից հետո մրցաշարում իր 2-րդ հաղթանակը տարավ աշխարհի չեմպիոն Վեսելին Թոփալովը: Նա առավելության հասավ Էթիեն Բաքրոյի նկատմամբ: Առաջին հաղթանակները տոնեցին Բորիս Գելֆանդն ու Սերգեյ Կարյակինը: Գելֆանդը հաղթեց Ադամսին, Կարյակինը պարտության մատնեց Կամսկուն: Տիվյակով- Վան Վելի պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

Այսպիսով, 3 տուրից հետո 2,5 միավորով նոր առաջատար դարձավ հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը: Նրանից կեսական միավորով հետ են մնում Վասիլի Իվանչուկն ու Վեսելին Թոփալովը: 1,5-ական միավոր ունեն Լյուկ վան Վելին, Շահրիար Մամեդյարովը, Բորիս Գելֆանդը, Սերգեյ Կարյակինը, Պետեր Լեկոն, Մայքլ Ադամսն ու Էթիեն Բաքրոն: Լեւոն Արոնյանը մեկ միավորով բաժանում է 11-14-րդ տեղերը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4