Վեյք Ան Զեեի շախմատի մրցաշարի 4-րդ տուրը վերջապես հաջողություն բերեց աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանին: Լեւոնը սեւերով մրցում էր Գատա Կամսկու հետ: Հայ շախմատիստը հստակ խաղի շնորհիվ կարողացավ առավելության հասնել եւ առաջին հաղթանակը տոնեց մրցաշարում: Հուսանք, որ այս հաջողությունը կոգեւորի Արոնյանին եւ նա մրցաշարի մնացած մասը վերելքով կանցկացնի:
4-րդ տուրում մրցաշարում երկիշխանություն հաստատվեց: Աշխարհի չեմպիոն Վեսելին Թոփալովը երկրորդ անընդմեջ հաղթանակը տանելով, 3 միավորով հավասարվեց մինչ այդ աղյուսակը գլխավորող Վիշվանաթան Անանդին: Այս անգամ Թոփալովի գրոհներին չդիմացավ հոլանդացի գրոսմայստեր Լյուկ վան Վելին: Իսկ Անանդը Սոկոլովի հետ պարտիան ավարտեց ոչ-ոքի:
2,5-ական միավորով 3-4-րդ տեղերն են բաժանում Բորիս Գելֆանդն ու Վասիլի Իվանչուկը: Եթե Գելֆանդը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց` պարտության մատնելով Բաքրոյին, ապա Իվանչուկը Լեկոյի հետ պարտիան ավարտեց ոչ-ոքի:
Հաղթանակի շնորհիվ Լեւոն Արոնյանը զգալիորեն բարելավեց մրցաշարային վիճակը: Այժն նա 2 միավորով 5-9-րդ տեղերն է բաժանում Շահրիար Մամեդյարովի, Սերգեյ Կարյակինի, Պետեր Լեկոյի եւ Մայքլ Ադամսի հետ: Ադամսն ու Կարյակինը, Մամեդյարովն ու Տիվյակովը խաղաղ դաշն կնքեցին: 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Մայքլ Ադամսի հետ: Անանդի մրցակիցը կլինի Լեկոն, իսկ Թոփալովը կխաղա Մամեդյարովի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ