Ազգային գրադարանի տարբեր բաժիններում եւ ֆոնդերում այսօր պահպանվում է մոտ 6,5 մլն տպագրական արտադրանք, որոնք զրկված են գրքերի պահպանության համար անհրաժեշտ պայմաններից: Հոգեւոր եւ մշակութային գանձարանի անառարկելի մասը կազմող գրադարանը հրատապ միջոցառումների կարիք ունի ոչ միայն գրքերի պահպանության, այլեւ գրադարանի շենքային վատթար պայմանների բարելավման իմաստով:
Գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանի խոսքերով, գրքերի պահպանության նորմալ ջերմային ռեժիմը թե՛ ամռանը, թե՛ ձմռանը 18-20 ջերմաստիճանն է, իսկ օդի խոնավության չափը պետք է կազմի 45 տոկոս: Իսկ այդ պայմանները ապահովելու հնարավորություն գրադարանը չունի. ձմռանը ջեռուցում չունենալու պատճառով անգամ ոչ բարվոք վիճակում են հայտնվում գրապահոցային ֆոնդերը: Մի քանի տարի առաջ հնարավոր է եղել միայն խիստ կարեւոր հնատիպ հազվագյուտ գրքերի բաժնում օդափոխիչ տեղադրել, սակայն փոխտնօրենը համոզված է, որ տեղային փոքր լուծումներով հարցը չի լուծվում, եւ գրադարանի այժմյան անհետաձգելի վիճակը համապետական ուշադրության է արժանի: Պրն Ղազարյանի խոսքերով, պետությունից գրադարանին տրամադրված գումարները նման հարցերի լուծման, գրադարանի վերանորոգման համար չեն կարող բավականացնել, այլ ընդամենը կազմում են աշխատողների աշխատավարձը:
Ի դեպՙ վերանորոգման մասին: Փոխտնօրենը հայտնեց, որ գրադարանի վերանորոգման հարցը եղել է կառավարության ծրագրում, եւ Լինսի հիմնադրամի շրջանակներում այն պետք է ֆինանսավորվեր, սակայն չի ստացվել: Իսկապես անհարմար եւ վտանգավոր է մեր ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությունը նման տխուր եւ խաթարված շենքերում պահելը եւ դեռ հայ գրքի փառահեղ նմուշները այդտեղ ներկայացնելը: Բայց անգամ այդպիսի պայմաններում գրադարանը աշխատում է եւ փորձում բավարարել ընթերցասեր հասարակության պահանջները:
Մեր մեկ այլ մտահոգությամբ, այն է` անվտա՞նգ է արդյոք տպարանի առկայությունը գրադարանում, դիմեցինք գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանին: Նա ասաց, որ տպարանի գոյությունը գրադարանում ոչ միայն անվտանգ է, այլեւ օգտակար, քանի որ գրադարանի գրքերը, «Հոգեւոր հայրենիք» ամսագիրը, միջոցառումների հրավիրատոմսերը, այլ առիթներով անհրաժեշտ բուկլետները եւ հրատարակությունները տպագրվում են հենց գրադարանի տպարանում: Բացի այդ, տնօրենը հավաստիացրեց, որ տպարանում պահպանվում են անվտանգության կանոնները: Հավատա՞նք:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ