Երեկ «Արարատ» հյուրանոցում կայացած ձիասպորտի հանրապետական ֆեդերացիայի նախագահության նիստում հաստատվեց 2006 թ. օրացուցային պլանը, ամփոփվեցին նախորդ տարվա արդյունքները: Ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ 2005 թ. ֆեդերացիայի աշխատանքում եւ ընդհանրապես մարզաձեւում որոշակի առաջընթաց է նկատվել: Դրա հետ միաժամանակ նկատվել են թերություններ, որոնց վերացման ուղղությամբ այս տարի պետք է աշխատանքներ տարվեն: Դրանցից մեկն էլ միջազգային մակարդակի մրցումներին մասնակցելու ունակ բարձրակարգ մարզիկների պատրաստումն է, որը ձիասպորտի ֆեդերացիայի ղեկավարության առաջնահերթ խնդիրն է:
Այս տարի ձիասպորտում մեծ ուշադրություն է դարձվելու գեղավազքին եւ արագաշարժությանը: Գեղավազքով ավելի շատ զբաղվում են աղջիկները, որոնց թիվը փոքր չէ ձիասպորտի Հովիկ Հայրապետյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում: Ի դեպ, մարտի 25-ին կանցկացվի այդ մարզադպրոցի առաջնությունը, եւ սաները հնարավորություն կունենան ցուցադրելու իրենց վարպետությունը: Իսկ պաշտոնապես ձիասպորտի այս տարվա մրցաշրջանը Հայաստանում կմեկնարկի մարտի 18-ին: Այդ օրը նոր կառուցված փակ մարզադահլիճում (70x30x12 մ), որ նախատեսված է 350 հանդիսականի համար, կանցկացվի Հովիկ Հայրապետյանի անվան հուշամրցաշարը:
Ֆեդերացիայի նախագահը նաեւ տեղեկացրեց, որ հիմնվել է «Ազնվականների ակումբ»: Այդ ակումբում կարող են ընդգրկվել պարտադիր բարձրագույն կրթություն ստացած, հասարակությունում պատշաճ դիրք ունեցող անձնավորությունները, որոնք հետաքրքրվում են էլիտար մարզաձեւերով: Այսօր ձիասպորտի ֆեդերացիան մոտ 800 անդամ ունի, որոնք 2000 դրամ ամսական անդամավճար վճարելով, օգտվում են մի շարք արտոնություններից: Մասնավորապես նրանք անվճար կարող են ներկա գտնվել ֆեդերացիայի կազմակերպած բոլոր միջոցառումներին, զեղչ գներով օգտվել ձիասպորտի ակումբների ծառայություններիցՙ ընդհուպ նժույգ վարելը:
Այսօր ձիասպորտի ակումբներում կան ազնվացեղ ձիեր, որոնք արդեն ընտելացել են Հայաստանի բնական պայմաններին: Նրանցից երկուսն այս գարնանը կծննդաբերեն: Անցյալ տարի ծնունդների թիվը հասել է վեցի: Ձիասպորտի կենտրոնն արտոնագիր է ստացել, որն իրավունք է վերապահում զբաղվելու ձիաբուծությամբ: Ֆեդերացիայի նախագահը որպես լուրջ հիմնախնդիր նշեց մարզչական կադրերի որակավորման հարցը: Ֆեդերացիան պատրաստ է նրանց գործուղել առաջատար երկրներՙ որակավորման դասընթացների, սակայն օտար լեզվի չիմացությունը լուրջ խոչընդոտ է: Ուստի արտերկրից են հրավիրվել եւ այս տարի հրավիրվելու են մասնագետներ տեղում մեր մարզիչների հետ դասընթացներ կազմակերպելու համար:
Ինչ խոսք, վերջին տարիներին ձիասպորտում դրական տեղաշարժեր են կատարվում, ինչն առաջին հերթին հայտնի գործարարներ Հայրապետյան եղբայրների ներդրած ջանքերի ու ֆինանսական միջոցների, նաեւ մարզաձեւի նկատմամբ ունեցած սիրո ու հոգատարության արդյունք է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ