Թե՞ ցուցափեղկ
Երեկ լրացավ 5 տարին այն օրից, երբ Հայաստանը Ադրբեջանի հետ դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ: Հետաքրքրական մի զուգադիպությամբ Հայաստանի պատվիրակությունը հենց այս օրերին մասնակից է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին, որի օրակարգում Հայաստանի եւ Ադրբեջանիՙ եվրոպական հանձնառությունների հետ կապված հարցեր էին ընդգրկված: Նստաշրջանից ստացվող լուրերը արտացոլում են այդ հանձնառությունների կատարման աստիճանըՙ երկրի գնահատական դառնալով: Այն փաստը, որ ԵԽԽՎ-ում չհաստատվեցին ադրբեջանական պատվիրակության լիազորությունները (թեկուզ ժամանակավորապես), պատվիրակության կազմում ընդգրկված չէին ընդդիմության գործիչներ, եւ այդ առթիվ կոշտ գնահատականներ են հնչել եվրոպացիների ելույթներում, ասում է այն մասին, որ հարեւան երկրում «ժողովրդավարություն» տերմինը շարունակում է ցուցափեղկի դեր կատարել: Հայաստանին, փաստորեն, այդ նույն չափանիշով չեն ընկալում. տարբերակում կա մեր դեպքում, սակայն ինչպես մեր պատվիրակության ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանամետ պատվիրակներն են արտահայտվել, Ադրբեջանը մեզ համար չի կարող չափանիշ լինել, եւ նրա հետ չէ, որ մենք պետք է համեմատվենք ու կատարվածից ուրախանանք: Մեր հարեւան երկրի պատվիրակության հետ կատարվածի հիմնական հենքը այնտեղ տեղի ունեցած վերջին ընտրությունների կասկածելի արդյունքներն են: Ի դեպ, ադրբեջանական պատվիրակության լիազորությունների ճանաչման հարցը լրացուցիչ քննարկման էր ուղարկվել իմունիտետների եւ դիտարկման հանձնաժողովներ (վերջին հանձնաժողովում նրան աջակցում է Թուրքիան), եւ եթե ոչ այժմ, ապա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում այդ հարցը կլուծվի:
Հայաստանի հանդեպ ավելի բարեհաճ լինելով, սակայն, ելույթներում եվրոպացիք պակաս պահանջկոտ չեն եղել. «Հայաստանը ժողովրդավարական երկրների ցուցակի վերջում չէ, բայց անելու բան դեռ կա: Խախտումներ եղել են, եւ դրանցով պետք է զբաղվի դատախազությունը», բրիտանացի պատվիրակ Նայջլ Էվանսի այս խոսքերը հնչել են Հայաստանի սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ քննարկման ժամանակ: Սա ընդամենը խորհրդի տեսք ունի, բայց Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում պարզապես չեն կարող այսպիսի խորհուրդներն անտեսվել. իսկ դրանց կատարումը ձեւական կլինի, թե՞ իրականՙ արդեն մեր երկրի համապատասխան իրավասուների կամքի խնդիր է:
Եվրոխորհրդի անդամ դառնալու հնգամյակի առթիվ երեկ տարբեր գնահատականներ էին հնչում մեր քաղաքական գործիչների կողմից: Առանց մեջբերելու էլ գիտենք, թե ի՞նչ են ասելու նրանք. մի մասը (հայտնի մասը) ասելու է, թե այդ 5 տարում մեզ մոտ ամեն ինչ ավելի է վատացել, մյուս մասը (էլի հայտնի մասը)ՙ թե նոր ենք ճանապարհ ընկել, սպասեք, դժվարություններ կան, միանգամից չի լինի:
Այնուամենայնիվ, մեջբերենք ամենատիպական գնահատականներից:
Հովհաննես Հովհաննիսյան, ԵԽԽՎ-ում Հայաստանի առաջին պատվիրակության ղեկավար. «Այս 5 տարում Հայաստանում գործընթացները զարգացան ավելի այլասերված ճանապարհով, ընտրությունները որպես ընտրական ինստիտուտ վերացան, իշխանությունները ապացուցեցին, որ թքած ունեն Եվրոխորհրդի անդամ լինելու վրա, ներքաղաքական ճգնաժամն ավելի խորացավ, Հայաստանը դուրս մնաց տարածաշրջանի եւ ողջ աշխարհի տնտեսական ինտեգրման գործընթացներից...» եւ այլն:
Տիգրան Թորոսյան, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար. «Սա մեր երկրի կյանքում ոչ թե հերթական միջազգային կազմակերպությանն անդամակցությունն էր, այլ հետագա ճանապարհի ընտրություն: Բայց սա, ցավոք սրտի, լիարժեք գիտակցված չէ: Ի վերջո, կարեւոր է, որ Հայաստանը հստակեցնիՙ ո՞րն է իր տեղը միջազգային հանրության մեջ, այս կամ այն ընտանիքում»:
ԵԽԽՎ նստաշրջանում վերջին օրերին հնչած Հայաստանի պատվիրակության փոխղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքից. «Հայաստանը ժողովրդավարական ճանապարհի ընթացքի մեջ է եւ պետք է անխուսափելիորեն ժողովրդավարական ընտրություններ անցկացնի 2007 եւ 2008 թվականներին, որովհետեւ Հայաստանը գտնվում է քաղաքական զարգացման այն փուլում, երբ ազատ ու արդար ընտրություններին այլընտրանք չկա»:
Իսկ զգու՞մ է արդյոք ժողովուրդը «եվրոպական» 5 տարվա կամ տարեդարձի օրվա խորհուրդը. երեկ փողոցներում մեզ հանդիպած մարդկանց ոչ եվրոպական արժեք, ոչ էլ Եվրոխորհուրդ բառերն էին հետաքրքրում, նրանք բոլորը զբաղված էին կենցաղային խնդիրներ լուծելովՙ ինչպե՞ս հաղթահարեն փողոցներում կուտակված ձյունը, ինչպե՞ս հաղթեն բնակարաններում թագավորող ցրտին, ինչպե՞ս հոգան իրենց մի կտոր հացը: Իսկ եվրոպական բարձր արժեքների մասին մտածելու եւ խոսելու հոգսից նրանք խնդրում էին իրենց ազատելՙ դրանք վերաուղղելով կենցաղային հոգսերով չծանրաբեռնված մեր քաղաքականներին:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ