«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2006-01-24 | #12, 2006-01-25 | #13, 2006-01-26


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ՄՆՈՒՄ Է ԳԱԶԱՅԻՆ ԻՐ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀՈՒՅՍԻՆ

Իրանն օգնություն է առաջարկում Վրաստանին

Եթե «Մոզդոկ-Թբիլիսի» գազատարի վերականգնման աշխատանքները ձգձգվեն, ապա հնարավոր է, որ այսօր «Հայռուսգազարդը» դիմի սահմանափակումների: Այս մասին «Ազգին» տեղեկացրեց «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը: Երեկվա դրությամբ դեռ որեւէ սահմանափակում չէր կիրառվել, բացի Հրազդանի ՋԷԿ-ում արդեն իսկ գործող սահմանափակումից, որի հետեւանքով Վրաստանը Հայաստանից ժամանակավորապես էլեկտրաէներգիա չի ստանում:

Հայտարարությունները, թե գազատարը կվերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետներում, իրականությանը չհամապատասխանեցին: Շաբաթ լույս կիրակիՙ հունվարի 22-ին տեղի ունեցած պայթյունների հետեւանքով Հայաստանն արդեն 4 օր Ռուսաստանից գազ չի ստանում: Ու չնայած նախնական հայտարարություններով գազատարը պետք է վերականգնվեր արդեն հունվարի 24-ին, նույն այդ օրը հայտարարվեց, որ գազատարի վերականգնման աշխատանքները դադարեցված են Վրաստանի տարածքից գազատարով ինքնաբերաբար հետ մղվող խտանյութի հնարավոր պայթյունի պատճառով:

Չնայած Վրաստանը հարցականի տակ էր դրել գազատարի վերականգնման աշխատանքների հետաձգման նման պատճառաբանությունը, երեկ Միխայիլ Սաակաշվիլին, վրացական Civil.ge ինտերնետային էջի տեղեկացմամբ, հայտարարել է, որ վրացական կողմը պատրաստ է Ռուսաստանին օգնելՙ Հյուսիսային Օսիայի տարածքում գազատարի վերականգնման աշխատանքներում: Սաակաշվիլին նաեւ ավելացրել է, որ չնայած ռուսական կողմն իր նշած ժամկետներում չի իրականացրել վերականգնումը, նաեւ վրաց մասնագետներին թույլ չի տրվում անցնել պայթյունի տարածք:

Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթթաքին Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլու հետ հեռախոսազրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել բնական գազ մատակարարելու Վրաստանին մինչեւ էներգետիկ ճգնաժամի ավարտը: Վրաստանի ԱԳՆ տեղեկության համաձայն, հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ: Ներկա պահին վրացի եւ իրանցի մասնագետներն աշխատում են Իրանից գազը Վրաստան հասցնելու ուղղությամբ:

Ամեն դեպքում, Հյուսիսային Օսիայի ղեկավար Թայմուրազ Մամսուրովն, Ինտերֆաքս գործակալության համաձայն, խոսել է նոր ժամկետների մասին, մասնավորապես նշելով 2 օր: Ըստ Մամսուրովի, արվում է հնարավորըՙ վնասված գազատարը վերականգնելու համար:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4