Հանդիսավոր բացման հաջորդ օրը բացելով ռուսաստանյան թերթերը, ես անկումային խոր ապրումներ ունեցա. երբեմնի երազյալ, ճաճանչափայլ, ամենահաղթ դեմոկրատիան հիրավի ոչ մի տեղ չի թողել... ժողովուրդների բարեկամության համար: Կարդում եմ նյութերը եւ հոգիս ընդվզում էՙ անաստվածնե՛ր, գոնե մի «քաղցր» խոսք ասեիք, սրտներս լցվեր... Ո՜ւր է:
Իհարկե, քաղցր խոսքեր ասվեցին, բայց միայն երկու երկրների ղեկավարների կողմից: Երեւի առանց դրան էլ չէր լինի: Բնավ չեմ չափազանցի, եթե նշեմ, որ Կրեմլի պետական համերգապալատում հավաքված մոսկովյան լայն հասարակայնությունը (հիմնականումՙ հայ) երկու նախագահներին ընդունեց ջերմորեն: Սակայն մինչ այդ դահլիճն ալեկոծվել էր: Բանն այն է, որ միջոցառումն սկսվեց էական ուշացումով, եւ պարապությունից ու փոխադարձ առատաժպիտ ողջագուրանքներից ընդարմացած մեր հայրենակիցներն իսկական օվացիա սարքեցին, երբ բոլորի համար անսպասելի սրահ մտան երկու մեծ հայերՙ Շառլ Ազնավուրը եւ Միշել Լեգրանը: Ոչ մի նախագահ դրան չէր դիմանա...
Այդուհանդերձ, ի՞նչ էր գրել ռուսաստանյան մամուլը: Ըստ նրա, պարզվում է, որ Ռոբերտ Սեդրակովիչը Մոսկվա էր եկել ոչ թե իր երկրի արվեստը միամյա ժամկետով Ռուսաստանին հրամցնելու պայծառ առաքելությամբ, այլ որպեսզի... գցի ռուսական գազի գինը: Ինքնին հասկանալի է, որ այս գործողությունը միայն արտաքինից կարող է թվալ ոչ հումանիտար: Եվ այդ չարաբաստիկ գազի ինֆորմացիոն թեման, տվյալ դեպքում, ակունք առնելով ռուս-հայկական դարավոր բարեկամության հանդիսավորությունից, լրիվ տեղափոխվել էր Վրաստան եւ մարմին առել վրաց առաջնորդի «ռուսակործան» հայտարարություններում: Այս ահե՜ղ հենքի վրա բազմիցս հիշատակվել էր, որ մրսելով հանդերձ, բովանդակ հայ ժողովուրդը ոչ մի անշնորհք բառ անգամ թույլ չի տվել ամենակուլ «Գազպրոմի» հասցեին: Երեւի գտնվել է կրեմլյան համերգի խոր տպավորության ներքո:
Ի դեպ, համերգի մասին: Ականջիս հասավ, որ հայաստանցիներին այնքան էլ դուր չի եկել*: Սակայն, սիրելի հայրենակիցներ, դուք այդ համերգին պիտի նայեք բացառապես ռուսաստանցու աչքերով: Եվ այնժամ կնկատեք, որ կազմված էր ճաշակով ու, ըստ իս, չափի մեծ զգացումով: Ասեմ ինչու: Մի անգամ արվեստի հայ վարպետները Մոսկվայում համերգ էին տալիս բազմազգ մի լսարանի առջեւ: Երբ իրար հետեւից հնչեցին «Սիրեցի յարս տարան»-ի նման երեք ողբակարոտ մեղեդիներ ու նույն ոգով սկիզբ առավ չորրորդը, դահլիճի կեսը դատարկվեց: Չհարգեցին նույնիսկ մղկտացող հայերիս: Այստեղ նման բան իսպառ բացառվեց:
Միանգամայն արդարացված էր, որ մեծ տեղ էր հատկացված Խաչատրյանի, Բաբաջանյանի, Թարիվերդիեւի երաժշտությանը: Քաղաքական նրբանկատության բարձրագույն դրսեւորում էր, որ նույնիսկ ռազմավարական դաշնակցի ներկայությամբ հորջորջվեց միայն «Արցախ» բառը: Մոսկվացի հայ երաժիշտների ու երգիչների (նույնիսկ ոչինչ, որ Աբրահամը Ռուսոյան չէր) մասնակցությունը ցույց տվեց, որ մենք նաեւ համառուսաստանյան ազգ ենք, նախկին խորհրդային տարածքից հավաքված հնարամիտ սրախոսների ելույթըՙ որ մենք համաապհական ժողովուրդ ենք, իսկ Լեգրանի ու Ազնավուրի ներկայությունն արդեն հավաստում էր, որ մենք համաշխարհային երեւույթ ենք: Ներող եղեք, եթե մոսկովյան հեռուներից մի քիչ չափազանցեցինք:
Ասում ենՙ Պուտինը միշտ չէ, որ մնում է նման համերգներին: Իսկ այստեղ նա ու Լուժկովը տղամարդու պես նստեցին մինչեւ վերջ: Ամենայն հավանականությամբ, նրանց ամեն ինչ դուր եկավ: Իսկ սա արդեն, համաձայնեք, անջնջելի չափանիշ է...
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
(*) «Ազգը» երեկ, «Առավոտը»ՙ նախորդ օրը բացասական գնահատական էին տվել համերգին: Ծ. Խ: