Տեսաերիզների հայաստանյան շուկան այսօր լցված է տարաբնույթ ֆիլմերով, այդ թվումՙ մուլտֆիլմերով, որոնց սպառումն ապահովելու համար քողարկված ձեռներեցները դրանք թարգմանում են իրենց լեզվամտածողությանը խիստ համապատասխանող երեւանյան խոսակցական գռեհիկ հայերենով, որը օրավուր ծաղկում է ու ամեն ժամ հնչում հայկական հեռուստատեսության ամենամեծ վարկանիշ ունեցող հաղորդումներում:
Հարստանալու տենչից կուրացածները, որ ընդունակ են իրենց ձեռքը մեկնելու նաեւ արտասահմանյան լավագույն մուլտֆիլմերին, Շրեյկին դարձրել են երեւանյան սլենգով խոսող Ժորիկ, իսկ տեսաերիզի վրա ընդամենը գրելՙ «դերերը ձայնավորել են Էդդիկ Մեռֆյանն ու մենք...»: Էժանագին, ցածրորակ հումորն ու գռեհկաբանությունները դեռահասներին մատուցողների արարքը ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը երեկ անվանեց եղեռնագործություն երեխաների նաեւ մայրենի լեզվի նկատմամբ: «Հեռուստատեսությամբ փոխվել է հայերենի հնչյունաբանությունը, երաժշտությունը, անաղարտությունը, մաքրությունը: Այսինքնՙ մեր սեփական ձեռքերով ու կամքով աղավաղում, կորցնում ու ոչնչացնում ենք մեր մայրենի լեզուն, այն, ինչի վրա հենված է մեր ազգը: Սա քրեական հանցագործություն է, ուրիշ կերպ հնարավոր չէ որակել», ասաց նա կամերային երաժշտության տանը «Հայ-Արտ» մշակութային կենտրոնի երեկ հրավիրած հասարակական քննարկման ժամանակ:
«Համազգային» հայ-կրթական մշակութային միության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը նույնպես հեղինակային իրավունքների ոտնահարումից առավել կարեւորեց մեր մշակութային արժեքների պահպանության հարցը: Մուլտֆիլմերի թարգմանության հասարակական պահանջը նա բացատրեց վերջին 15 տարիների բարոյական ճգնաժամով. «Մեր մեղքի բաժինը ունենք բոլորս, քանի որ մեր հանդուրժողականությունը հանգեցրել է նրան, որ մեր երեխաները դաստիարակվում են ոչ թե մեր լավագույն գրողների գրքերով, այլ այլասերված իրականությամբ: Մենք հանդուրժել ենք «Կարգին կասետը», «Մեր բակը» եւ այլն, որոնց տրամաբանական շարունակությունն են դարձել այսօր ցուցադրված տեսաերիզները: Եթե այսօր հայաստանցի պատանիներից շատերն «ասըցըցվածով» են խոսում, եւ դա հաճելի ու ընդունելի հումոր է դարձել նույնիսկ կրթված մարդկանց շրջապատում, նշանակում է, որ դրա համար մեղավոր ենք բոլորս: Հանդուրժելով այդ ամենը, մենք ինքնաբերաբար մասնակից ենք դարձել այդ այլասերված երեւույթներին, եւ այսօր պարտավոր ենք մարտահրավեր նետել ու մեզ փրկել բարոյական անկումից»:
Ռիտա Շառոյանը նշեց, որ ցուցադրված 3 ֆիլմերըՙ «Էլդորադո», «Շրեյկ» եւ «Մադագասկար», խոր ընդհանրացումներ կատարելու եւ դրանց դեմն առնելու առիթ են տալիս:
Լեզվի տեսչության պետ Լավրենտի Միրզոյանի ասելով, քննարկվող հարցն իրենց վաղուց է հետաքրքրում, բայց իրենք անզոր են որեւէ բան անել, քանի որ մայրենին աղավաղելը, եթերը գռեհկաբանություններով լցնելը չի համարվում լեզվի օրենքի խախտում: «Ժարգոնային լեզվով տեսաերիզ ցուցադրող որեւէ հեռուստատեսության ղեկավարի արարքի համար լեզվի պետական տեսչությունը պատասխանատվություն չի կրում», ասաց նա: «Այսինքն, երբ հեռուստաէկրանից հնչում էՙ «ապե, ստամոքսդ զասարենիյա», դուք դրա համար պատասխանատու չե՞ք», հարցրեց Ռիտա Շառոյանը: Իսկ Սոս Սարգսյանը տեղին նշեց, որ եթե լեզվի տեսչությունը ի զորու չէ պահպանելու լեզվի անաղարտությունը, ապա ի՞նչ իմաստ ունի նրա գոյությունն առհասարակ: Լավրենտի Միրզոյանը դարձյալ հաստատեց, որ իրենք պատասխանատվություն չեն կրում հայերենի գռեհկացման համար, դա բացատրելով տեսչության ներկայիս թույլ կարգավիճակով ու լծակներով: Նախկինում լեզվի պետական տեսչությունը գործում էր կառավարությանն առընթեր որպես գործադիր իշխանության հանրապետական մարմին, իսկ այսօր որպես առանձնացված ստորաբաժանում մտել է գիտության եւ կրթության նախարարության աշխատակազմ:
Մասնակիցները եկան այն եզրահանգման, որ հեղինակային իրավունքների եւ մտավոր սեփականության իրավախախտումների, անօրինական եւ անբարո արտադրանքի միջոցով շահույթ հետապնդելու, հայոց լեզվի գռեհկացման ու հայեցի մտածելակերպի ապականության, մանուկների, պատանիների եւ դեռահասների շրջանում բարոյահոգեբանական դաստիարակության հակաքարոզչության եւ անօրինական այլ գործողությունների համար դրանք իրականացնողները Հայաստանում գործող օրենքների սահմաններում պետք է ենթարկվեն պատասխանատվության: Նրանք դիմեցին ՀՀ ոստիկանությանըՙ պահանջելով անհապաղ միջոցառումներ ձեռնարկել նման երեւույթների դեմ պայքարելու եւ հետագայում դրանք կանխելու համար:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ