«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2006-01-25 | #13, 2006-01-26 | #14, 2006-01-27


ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

Ինչը պայմանավորված է հարկային եւ մաքսային մարմինների համատեղված տվյալներով

Հարկային պետական ծառայությունը չորեքշաբթի օրը հրապարակեց առաջին 300 խոշոր հարկատուների ցանկը, որը նախորդ նման ցանկերից տարբերվում էր մեկ կարեւոր հանգամանքովՙ այստեղ ներառված էին ինչպես հարկային, այնպես էլ մաքսային մարմինների ներկայացրած տվյալները: Սա մի շարք արմատական փոփոխություններ է մտցրել խոշոր հարկատուների ցանկում, քանի որ նախկինում այստեղ չէին ընդգրկվում կամ համեստ դիրքեր էին զբաղեցնում այն ընկերությունները, որոնք խոշոր հարկային վճարումներ են կատարում սահմանին, եւ այդ տվյալները համարվում էին մաքսային կոմիտեի տվյալները: Վերոնշյալ երկու կառույցների տրամադրած ընդհանրական տվյալներն արդեն արտացոլում են խոշոր հարկատուների վճարած գումարների իրական պատկերը:

Ինչպես արդեն նշեցինք, նախորդՙ 9 ամսվա հարկային ցուցանիշներն ամփոփող ցանկի համեմատ, հարկային եւ մաքսային համատեղ տարեկան տվյալներն ամփոփող ցանկում փոփոխությունները զգալի են: Անգամ առաջատարների եռյակում փոփոխություն է կատարվել: Եթե առաջին երկու տեղերը շարունակել են պահպանել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» ու «Արմենտելը» 30 մլրդ եւ 15 մլրդ դրամ վճարումներով, ապա երրորդ տեղը զբաղեցնում է վառելիք ներմուծող խոշորագույն ընկերություն «Ֆլեշը»ՙ 9,3 մլրդ դրամ վճարումներով: Իր վճարած հարկերի եւ տուրքերի ցուցանիշով այս ընկերությունը առաջ է անցել հարկատուների ցուցակում ավանդաբար առաջատար տեղեր գրավող այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են «Հայռուսգազարդը» (8,9 մլրդ դրամ), «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (5,2 մլրդ դրամ), Հայկական ԱԷԿ-ը (3,1 մլրդ դրամ):

Առավել խոշոր հարկատուների թվում շարունակում են իրենց դիրքերը պահպանել «Գրանդ հոլդինգի» ընկերություններըՙ «Գրանդ տոբակոն»ՙ 4,8 մլրդ դրամ եւ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը»ՙ 3,1 մլրդ դրամ ցուցանիշներով: Նրանք զբաղեցնում են 9-րդ եւ 11-րդ տեղերը: 5-րդ տեղում «Հայռուսգազարդից» հետո հայտնվել է «Ֆլիտֆուդը»ՙ Հայաստանի խոշորագույն ներմուծող եւ առեւտրային գործունեություն իրականացնող ընկերությունը, որը թեեւ վճարել է 7 մլրդ դրամ ընդհանուր գումար, բայց շահութահարկի բաժինն այստեղ կազմում է ընդամենը 19 մլն դրամ: Նշենք, որ այս ընկերության ներկրած ապրանքների մեջ չկան հաստատագրված վճարով հարկվող ապրանքներ, եւ այս պարագայում 19 մլն դրամ շահութահարկն ուղղակի չնչին գումար է:

6-րդ տեղում գտնվող «Պարես-Արմենիա» ընկերությունը նույնպես նորեկ է առաջատարների ցանկում, որը վճարել է 6,1 մլրդ դրամ: Այս ընկերության վճարած շահութահարկը նույնպես մեծ չէՙ մոտ 22 մլն դրամ, բայց ի տարբերություն իրեն նախորդող ընկերության, «Պարես-Արմենիան» ներկրում է ծխախոտ («Ֆիլիպ Մորիս» ընկերության արտադրության), որը հարկվում է շահութահարկին եւ ավելացված արժեքի հարկին փոխարինող հաստատագրված վճարով: Մաքսային կոմիտեի արդյունքները ներառելով, առաջ են անցել նաեւ վառելիք ներկրող այլ ընկերություններ եւսՙ «Քաղպետրոլսերվիսը», «Էքսիմպետրոլ գրուպը», «Միկա Արմենիա թրեյդինգը»:

Բջջային կապի երկրորդ օպերատոր «Ղ-Տելեկոմը» բավականին լուրջ թռիչք է ունեցել: Նախորդ ցանկում նա զբաղեցնում էր ընդամենը 146-րդ տեղը, վճարելով 75 մլն դրամ: Այդ ժամանակ ընկերությունը դեռ նոր էր սկսել իր գործունեությունը, իսկ տարվա արդյունքներով արդեն «Ղ-Տելեկոմը» զբաղեցնում է 15-րդ տեղըՙ 2,2 մլրդ դրամ հարկային վճարներով:

Միայն հարկային ծառայության տվյալներով նախորդ ցանկում առաջատար տեղեր գրավող բանկերը, թռչնաֆաբրիկաները, ոգելից եւ ոչ ոգելից խմիչքներ, այդ թվում կոնյակ արտադրողները, հանքարդյունաբերողները հետ են մղվել: Շարունակում են զարմանք առաջացնել մի շարք հայտնի ընկերություններիՙ հարկատուների ցանկում առաջատար տեղերում չգտնվելը: Օրինակՙ Երեւանի ալրաղացը վճարել է 373 մլն դրամ եւ գտնվում է 89-րդ տեղում, «Ջերմուկ գրուպը»ՙ 300 մլն դրամ եւ գտնվում է 113-րդ տեղում, «Մուլտի գրուպ կոնցեռնը»ՙ 245 մլն դրամ, գտնվում է 141-րդ տեղում, «Միկա-Ցեմենտը» 117 մլն դրամ եւ 292-րդ տեղը, իսկ «Արարատ ցեմենտն» այս անգամ ընդհանրապես չկա 300-ի ցանկում:

Շարունակվում են ցածր մուտքեր ստացվել տոնավաճառներից: Հայաստանում գործող մոտ 80 տոնավաճառներից 300 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված են ընդամենը չորսը: Նրանցից լավագույն արդյունքն ունի Մալաթիայի տոնավաճառի կազմակերպիչ «Ռաֆայել-Տաթեւ» ընկերությունըՙ 420 մլն դրամ եւ 79-րդ տեղ, այնուհետեւ «Հրազդանը»ՙ 261 մլն դրամ եւ 133-րդ տեղ, «Հայաստան առեւտրի կենտրոն. Հայրապետյան եղբայրները»ՙ 159 մլն դրամ եւ 216-րդ տեղ, «Փեթակը»ՙ 153 մլն դրամ եւ 223-րդ տեղ: Այն, որ տոնավաճառներում կատարված ապրանքաշրջանառության համեմատ սրանք մեծ գումարներ չեն, կասկածի տեղիք չի տալիս, չխոսելով արդեն այս ցանկից մյուս տոնավաճառների դուրս մնալու մասին:

Պաղպաղակ արտադրողներից խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված են միայն երեք առավել հայտնի ընկերություններըՙ «Աշտարակ կաթը» 225 մլն դրամ 154-րդ տեղ ցուցանիշով, «Թամարան»ՙ 147 մլն դրամ եւ 236-րդ տեղ, «Շանթ պլյուսը»ՙ 131 մլն դրամ եւ 264-րդ տեղ: Հետաքրքրական է, որ պաղպաղակի սպառման ամենամեծ ծավալներ ունեցող ընկերությունը «Շանթն» է, բայց նույն ապրանքն արտադրող երեք ընկերություններից վերջինն է հարկատուների ցանկում:

Տարեկան արդյունքներով առաջին 300 խոշոր հարկատուներից 41-ը 1 մլրդ դրամ եւ ավելի հարկեր ու տուրքեր վճարողներն են: Դրանց գերակշիռ մասը 1-2 մլրդ դրամ վճարածներն ենՙ 26 ընկերություն: Մնացած 15-ը 2 մլրդ դրամից ավելի վճարածներն են:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4