Սակայն կոչումները պահպանվում են, իսկ աշխատավարձերըՙ էապես ավելանում
Փրկարարական ծառայության գործունեության եւ կառուցվածքի փոփոխություններին առնչվող 9 ենթաօրենսդրական փաստաթուղթ է երեկ հաստատել կառավարությունը: Այդ փաթեթը լրագրողներին ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքները համակարգող փոխնախարար Վաչե Տերտերյանը: Փոփոխություններից հիմնականն այն էր, որ փրկարարական ծառայությունը պետք է դառնա ոչ ռազմականացված կառույց: Այս ոլորտի եւ նրա աշխատակիցների համար սահմանվել են մի շարք կարգերՙ մասնագիտական հմտությունների, կոչումների, տարիքի եւ առողջության հետ կապված պահանջների, կադրերի ռեզերվի, աշխատակիցների սոցիալական վիճակի եւ այլ հարցերի վերաբերյալ:
Վաչե Տերտերյանը հայտնեց, որ կոչումներն այս ոլորտում պահպանվելու են, բայց դրանք ռազմական չեն լինելու: Էապեսՙ 1,5-2 անգամ բարձրացվելու են աշխատակիցների աշխատավարձերը: Նվազագույն աշխատավարձը կսկսվի 30 հազար դրամից: Համակարգում փաստորեն աշխատելու են քաղծառայողներ, տեխնիկական անձնակազմ եւ հատուկ ծառայության աշխատակիցներ: Հատուկ ծառայություն կհամարվեն բուն փրկարարական աշխատանքներում ներգրավվածներըՙ հրշեջները, լեռնափրկարարները, ջրափրկարարները եւ այլն: Փրկարարների տարիքային սահմանափակումներին առնչվող մեր հարցին պատասխանելով, փոխնախարարը հայտնեց, որ փրկարար կարող են աշխատել 18- 30 տարեկան անձինք, այդ ծառայություններում որպես վարորդՙ մինչեւ 42 տարեկան անձինք, որպես բժիշկՙ մինչեւ 45 տարեկանները: Ֆիզիկական եւ հոգեբանական անհրաժեշտ պահանջները, որոնք Վաչե Տերտերյանի հավաստմամբ շատ կոշտ են, հատկապես կարեւոր են հատուկ ծառայություն իրականացնողների համար:
«Ազգի» մյուս հարցն այն էր, թե ներկայումս փրկարարական ծառայությունները որքանո՞վ արագ կարող են արձագանքել հնարավոր աղետներին եւ արտակարգ իրավիճակներին: Փոխնախարարը պատասխանեց, որ մեր փրկարարական ծառայությունները, միջազգային կառույցների գնահատմամբ, իրենց հմտություններով եւ փորձառությամբ լավն են: Նրանց արագ արձագանքելն այս կամ այն արտակարգ իրավիճակին կախված է ունեցած հնարավորություններից եւ տեղաբաշխումից: Այսինքն, պետք է լինեն արագ տեղափոխման միջոցներ եւ որոշակի տեղաբաշխվածություն: Արագ արձագանքելը կախված է նաեւ աղետի հեռավորությունից եւ ծավալներից:
Վաչե Տերտերյանը նաեւ հայտնեց, որ ձյան պատճառով ոչ մի արտակարգ դեպք տեղի չի ունեցել: Ավտոճանապարհները գործում են, բացառությամբ Եղեգնաձոր-Մարտունի ճանապարհի Սելիմի լեռնանցքի եւ Ճամբարակ-Բերդ ճանապարհի: Տեղեկացվեց նաեւ, որ չնայած փրկարարական ծառայությունը թռչնագրիպի հետ կապված կառույց չունի, բայց ներկայումս նույնպես ներգրավված է այդ վարակի վերաբերյալ տեղեկատվության ճշտման եւ հաղորդման հարցերում:
Ա. Մ.