«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2006-01-25 | #13, 2006-01-26 | #14, 2006-01-27


ԻՆՉՈ՞Ւ «ՍԻԲԻՐԱՎԻԱՅԻ» ԻՆՔՆԱԹԻՌԸ ՎԱՅՐԷՋՔ ԿԱՏԱՐԵՑ ԲԱՔՎՈՒՄ

Մինչդեռ մյուս չվերթերըՙ Թբիլիսիում եւ Մինվոդիում

Ինչպես հայտնի է, հունվարի 23-ի «Սիբիրավիա» ընկերության Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւորները եղանակային պատճառներով հայտնվեցին... Բաքվում: Այս փաստը հաստատապես չի կարելի սովորական իրադարձություն համարել, քանի որ դրանով լուրջ վտանգ ստեղծվեց չվերթի հայ քաղաքացիների կյանքի համար: Տարօրինակ էր նաեւ այն հանգամանքը, որ այդ արտառոց փաստը մի տեսակ աննկատ մնաց ինչպես հասարակության, այնպես էլ իշխանությունների, մասնավորապես ավիացիայի ոլորտի պատասխանատուների համար:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որը կոչված է համակարգելու այս ոլորտը, բացատրություններ պահանջե՞ց «Սիբիրավիայից», թե ինչու Երեւան ժամանող ինքնաթիռը հարկադրված վայրէջք կատարեց հենց Բաքվում: Եթե ոչ, ապա հարց է առաջանում, թե ուրիշ ի՞նչ առավել կարեւոր գործով է զբաղված այդ վարչությունը, իսկ եթե այո, ապա ինչո՞ւ հասարակությանը համապատասխան բացատրություններ չտրվեցին:

Այդ օրը եղանակի պատճառով այլ քաղաքներում հարկադրական վայրէջք են կատարել մի շարք ուրիշ չվերթեր իրականացնող ինքնաթիռներ: Մասնավորապես «Արմավիա» ընկերության Կրասնոդար-Երեւան եւ Սիմֆերոպոլ-Երեւան չվերթերը վայրէջք են կատարել Թբիլիսիում, իսկ Մոսկվա-Երեւան չվերթըՙ Մինվոդիում: Ինչո՞ւ «Արմավիայի» ինքնաթիռները հարկադրված վայրէջքները այլ քաղաքներում կատարեցին, իսկ «Սիբիրավիան»ՙ Բաքվում: Մի՞թե վերոնշյալ քաղաքների օդանավակայանները այնքան ծանրաբեռնված էին, որ չէին կարող ընդունել եւս մեկ ինքնաթիռ կամ մի՞թե Ռուսաստանի հարավում այլ օդանավակայան չկար: Կրկնում ենք, վայրէջք կատարելով Բաքվում, «Սիբիրավիան» վտանգի էր ենթարկել հայ ուղեւորների կյանքը:

Մինչդեռ քաղավիացիայի գլխավոր վարչության լրատվության հարցերով պատասխանատուն մեր թերթի թղթակցի հետ զրույցի ժամանակ նախ ընդհանրապես ոչինչ չասաց տվյալ չվերթի Բաքու ժամանելու մասին, ապա, երբ այդ մասին տեղեկացանք մեր աղբյուրներից, խնդրեց չհրապարակել այդ տեղեկատվությունըՙ ինքնաթիռում գտնվողների հարազատներին չանհանգստացնելու նկատառումներով: Սակայն այդ նկատառումները կարծես այնքան էլ կարեւոր չհամարվեցին, երբ փոքր-ինչ անց ինքնաթիռիՙ Բաքու վայրէջք կատարելու մասին տեղեկացվեց «Հայլուր» լրատվական հաղորդման ժամանակ: Քաղավիացիայի վարչության եւ նրա լրատվական ծառայության հիշյալ աշխատաոճից թերեւս պարզ է դառնում, թե ինչու մինչ այժմ հանրությունն անտեղյակ է «Սիբիրավիայի» ինքնաթիռի տխրահռչակ վայրէջքից եւ այդ կապակցությամբ քաղավիացիայի վարչության դիրքորոշմանը: Եթե այդպիսին կա իհարկե:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4