«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2006-01-26 | #14, 2006-01-27 | #15, 2006-01-28


ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՎԸ ՃՇՏՎԵԼ Է ՄԱՐԴԱՀԱՄԱՐՈՎ

Երեկ մարդահամարի գծով ԼՂՀ համապետական հանձնաժողովն ամփոփեց 2005 թվականի հոկտեմբերի 18-27-ը Արցախում անցկացված մարդահամարի նախնական տվյալները:

Նիստի սկզբում հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ փոխվարչապետ Արարատ Դանիելյանը նշեց, որ այս մարդահամարի տվյալները ելակետային կլինեն հետագա նման ձեռնարկումների համար:

Մարդահամարի արդյունքները ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ, ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Բենիկ Բաբայանը: 2005 թ. մարդահամարի օրերի դրությամբ հաշվառվել են հանրապետության տարածքում գտնվող բոլոր անձինք` ԼՂՀ եւ օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաեւ Ղարաբաղում մշտապես բնակվող, բայց մարդահամարի պահին հանրապետությունից բացակայողները: Ամփոփ տեղեկագրերի համաձայն` մարդահամարի ընթացքում հաշվեգրված բնակչության նախնական օպերատիվ թիվը կազմել է 139353 մարդ:

Մարդահամարի նախնական արդյունքներով մշտական բնակչության թվաքանակը կազմել է 137743 մարդ: 2005 թվականի հունվարի 1-ի համեմատ բնակչության թվաքանակի նվազումը 7822 մարդով հիմնականում պայմանավորված է եղել Ստեփանակերտ քաղաքում բնակչության թվի նվազմամբ: Նշենք, ի դեպ, որ ոչ ամփոփ տվյալներով` Ստեփանակերտում ներկա դրությամբ բնակվում է 50 հազարից ավելի մարդ:

Բ. Բաբայանի խոսքերով` շրջաններում բնակչության թվի տվյալների տատանումներ չեն եղել, քանի որ փոքր բնակավայրերում հնարավոր է բնակչության շարժը հսկել, ինչը չի կարելի ասել Ստեփանակերտի պարագայում:

Բ. Բաբայանը դժգոհություն հայտնեց առանձնապես հայաստանյան լրատվամիջոցներում ԼՂՀ բնակչության իրական թվի վերաբերյալ թույլ տրվող անճշտությունների առնչությամբ: Նրա տեսակետով` նախնական տվյալները բավարար հիմք են Ղարաբաղի բնակչության իրական թվի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար: Իսկ մարդահամարի արդյունքների վերջնական ամփոփումը, ինչպես հանձնաժողովի նիստի վերջում տեղեկացրեց ԼՂՀ փոխվարչապետ Արարատ Դանիելյանը, տեղի կունենա այս տարվա երկրորդ կիսամյակում:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4