Ինչպես տեղեկացանք «Արմինֆո» լրատվական գործակալությունից, ամերիկյան Global Gold Corporation ընկերությունը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում եւ զբաղվել նաեւ ուրանի վերամշակմամբ եւ արտահանմամբ: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ վերջերս ձեռք է բերել Գեղարքունիքի մարզի ուրանով եւ ոսկով հարուստ մի ոչ մեծ տարածք: Բացի այդ, վերոնշյալ ընկերությունը ձեռք է բերել նաեւ Հայաստանում գրանցված Athelea Investments ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը, որը բացառիկ իրավունք ուներ երկրաբանական հետախուզություն անցկացնելու Գետիկ գետի մոտ գտնվող 27 քառակուսի կմ տարածքում:
Global Gold ընկերությունը 2005 թ. ձեռք է բերել նաեւ Mega Gold ընկերության բաժնետոմսերը: Այդ ընկերությանն էր պատկանում Թուխմանուկ կոչվող բազմամետաղային հանքավայրի հետազոտությունն ու շահագործումը, որի հարեւանությամբ կառուցված էր ոսկու արդյունահանման ֆաբրիկան: Սակայն այս ընկերությունն անցկացրել է միայն հետազոտական աշխատանքներ եւ չի զբաղվել ոսկու արդյունահանմամբ: Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ Հայաստանում ուրանի հայտնաբերման նպատակով ուսումնասիրություններ են անցկացվել նաեւ խորհրդային ժամանակներում, բայց արդյունքները հուսադրող չեն եղել:
Ա. Մ.