Մաշտոցի պողոտայի 17 տանը Եղիշե Չարենցն ապրեց ընդամենը 2 տարիՙ 1935-ից մինչեւ իր եղերական մահըՙ 1937 թ.: Այս վայրը 1965-ից գործում է իբրեւ Չարենցի տուն-թանգարան եւ դարձել է մի յուրատեսակ մկրտարան գրականության, բանասիրության ուղին ոտք դրած յուրաքանչյուրի համար: Բանաստեղծի գրական եւ մարդկային ֆենոմենը հանճարին է բնորոշՙ ստեղծագործական ուղինՙ վերընթացներով ու վայրընթացներով, կյանքի տառապանքն ու եղերական վախճանը: Մի պոետիկ թափառիկ մեծ հոգի, ինչպես անհանգրվան լաստանավ, բազմափեղկ, հակասական ու տառապող («Հարդագողի ճամփորդները»):
Չարենցի եւ նրա ստեղծագործության շուրջը չենք ծավալվելու. արձանագրենք, որ երեկ Չարենցի տուն-թանգարանն իր 40-ամյա պատմության մեջ կատարեց 3-րդ նորոգված ցուցադրությունըՙ վերակառուցված, թարմացված եւ համալրված նոր ցուցանմուշներով: Թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը շնորհավորեց ներկա հանրությանըՙ հավաստիացնելով, որ ցուցադրությունը բացահայտում է Չարենցի ստեղծագործական ընթացքի բոլոր ելեւէջումները, կյանքը եւ ողբերգական մահը: Ցուցափեղկերը դրվագաբար ներկայացնում են բանաստեղծի գրական ընթացքի տարբեր փուլերը: Դիզայներական աշխատանքներն իրականացրել է Սամվել Բաղդասարյանը եւ իր խումբըՙ գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի գլխավորությամբ:
Տնօրենուհին երախտիքի խոսքեր ուղղեց ցուցադրության նորոգման բոլոր աջակիցներին, մասնավորապես ներկա իրանահայ բարերարներ տեր եւ տիկին Ղազարյաններին, որոնք Թավրիզի հայ գորգագործներիՙ Չարենցի դիմանկարով գոբելենային մի աշխատանք նվիրեցին թանգարանին:
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Գագիկ Գյուրջյանը երկար տարիների աշխատանքային եւ ստեղծագործական ջանքերի ու նվիրումի համար նախարարության պատվոգրով պարգեւատրեց Լիլիթ Հակոբյանին եւ թանգարանի աշխատակիցներ Կլարա Խոջումյանին ու Քնարիկ Թահիրյանին:
Բացմանը ներկա էին հանրապետության առաջին տիկինըՙ Բելա Քոչարյանը, գրականագետներ, արվեստագետներ, չարենցասերներ:
Մ. ԲԱԴԱԼՅԱՆ