Երիտասարդական հավաքականի մրցակիցը Սան Մարինոյի ընտրանին է
Երեկ Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի 2008 թ. առաջնության ընտրական մրցաշարի մասնակիցների վիճակահանությունը: Մասնակից 50 հավաքականները, որ նախապես բաշխված էին 7 զամբյուղներում, վիճակահանությամբ բաժանվեցին 7 խմբի: Հայաստանի ազգային հավաքականը, որ մինչ վիճակահանությունը տեղաբաշխված էր 6-րդ զամբյուղում, ընդգրկվել է «A» խմբում, որտեղ հանդես են գալու 8 հավաքականներ: Վիճակահանության քմահաճույքով, «A» խմբում ընդգրկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները: Վերջին շրջանում երկու երկրների ֆուտբոլային հավաքականներին հաճախ է վիճակահանությունը միեւնույն խմբում ընդգրկում: Նշենք, որ մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականներն էլ այս տարվա աշնանը պետք է մրցեն միմյանց հետ Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցաշարում:
Այսպիսով, բացի Ադրբեջանի հավաքականից, «A» խմբում մեր ընտրանու մրցակիցները կլինեն Ղազախստանի, Ֆինլանդիայի, Բելգիայի, Սերբիայի, Լեհաստանի եւ Պորտուգալիայի հավաքականները: Նշված հավաքականներից, առայժմ Ադրբեջանի եւ Սերբիայի ընտրանիների հետ մեր ֆուտբոլիստները դեռեւս չեն հանդիպել: Ընդհանուր առմամբ, կարելի է փաստել, որ ՀՀ հավաքականին այնքան էլ ուժեղ մրցակիցներ բաժին չեն ընկել: Իհարկե, ավելի լավ կլիներ, որ Ղազախստանի եւ Ադրբեջանի հավաքականների փոխարեն 7-րդ զամբյուղից մեզ բաժին հասնեին ավելի թույլ մրցակիցներ, օրինակՙ Անդորրայի, Լիխտենշտեյնի կամ Մալթայի ու Լյուքսեմբուրգի ընտրանիները: Չի բացառվում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ կայանալիք երկու հանդիպումներն անցկացվեն չեզոք դաշտում: Սակայն առայժմ կոնկրետ ոչինչ ասել հնարավոր չէ: Ընտրական մրցաշարի խաղացանկը կազմելու համար պետք է մասնակից երկրների ներկայացուցիչները հավաքվեն եւ ընդհանուր հայտարարի գան: Դա առաջիկայի խնդիր է:
Իսկ այժմ ներկայացնենք վիճակահանության լրիվ արդյունքները:
«A» խումբ. Ղազախստան, Ադրբեջան, Հայաստան, Ֆինլանդիա, Բելգիա, Սերբիա, Լեհաստան, Պորտուգալիա:
«B» խումբ. Ֆարերներ, Վրաստան, Լիտվա, Շոտլանդիա, Ուկրաինա, Իտալիա, Ֆրանսիա:
«C» խումբ. Մալթա, Մոլդովա, Հունգարիա, Բոսնիա, Նորվեգիա, Թուրքիա, Հունաստան:
«D» խումբ. Սան Մարինո, Կիպրոս, Ուելս, Իռլանդիա, Սլովակիա, Գերմանիա, Չեխիա:
«E» խումբ. Անդորրա, Մակեդոնիա, Էստոնիա, Իսրայել, Ռուսաստան, Խորվաթիա, Անգլիա:
«G» խումբ. Լիխտենշտեյն, Հս. Իռլանդիա, Իսլանդիա, Լատվիա, Դանիա, Իսպանիա, Շվեդիա:
Ընտրական մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերին: Եզրափակիչ կմտնեն խմբերում առաջին երկու տեղերը զբաղեցրած հավաքականները:
Մոնտրեում կայացավ նաեւ ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի մասնակիցների վիճակահանությունը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցաշարն սկսելու է նախնական փուլից: Վիճակահանությունը բարեհաճ գտնվեց մեր ֆուտբոլիստների հանդեպՙ որպես մրցակից ընտրելով Սան Մարինոյի հավաքականին: Սեփական եւ մրցակցի դաշտերում կայանալիք հանդիպումների արդյունքով զույգի հաղթողն ընդգրկվել է «A» խմբում, որտեղ հանդես կգան նաեւ Նորվեգիայի ու Բոսնիայի հավաքականները:
Մյուս խմբերի կազմերն այսպիսին են.
«B» խումբ. Իսպանիա, Սլովակիա, Ալբանիա:
«C» խումբ. Սերբիա, Լիտվա, Մալթա-Վրաստան զույգի հաղթող:
«D» խումբ. Բելգիա, Հունաստան, Ադրբեջան-Իռլանդիա:
«E» խումբ. Իտալիա, Ավստրիա, Անդորրա-Իսլանդիա:
«G» խումբ. Պորտուգալիա, Լեհաստան, Լատվիա:
«H» խումբ. Շվեյցարիա, Անգլիա, Ղազախստան-Մոլդովա:
«I» խումբ. Չեխիա, Բելառուս, Կիպրոս:
«J» խումբ. Գերմանիա, Ռումինիա, Լիխտենշտեյն-Հս. Իռլանդիա:
«K» խումբ. Դանիա, Շվեդիա, Լյուքսեմբուրգ-Մակեդոնիա:
«L» խումբ. Խորվաթիա, Ուկրաինա, Բուլղարիա:
«M» խումբ. Թուրքիա, Իսրայել, Էստոնիա-Ուելս:
«N» խումբ. Ֆրանսիա, Սլովենիա, Շոտլանդիա:
Նախնական փուլի հանդիպումները պետք է անցկացվեն մինչեւ այս տարվա հուլիսի 15-ը: Իսկ խմբային մրցաշարի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 16-ին, սեպտեմբերի 2-3-ին եւ 5-6-ին: Խմբերի հաղթողները վիճակահանությամբ զույգեր կկազմեն, որոնցում հաջողության հասած հավաքականները եզրափակիչի ուղեգիր կնվաճեն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ