«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2006-01-28 | #16, 2006-01-31 | #17, 2006-02-01


ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ 27-ԱՄՅԱԿԸ ԿՆՇՎԻ ԱՇԽԱՐՀԻ 40 ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Փեհլեւիական թագավորության կողմից իսլամական եւ բուն իրանական արժեքների խեղաթյուրումը ստեղծել էին մի նոր օտարամետ արժեքային համակարգ եւ ներկայացվում էին որպես իսլամական: Հեղափոխությունն առիթ դարձավ երկրում իսլամական կարգերի հաստատմանը: Իրանի ժամանակակից պատմության մեջ Աշուրայի շարժման եւ իսլամական հեղափոխության կարեւորության մասին իսլամ մտածող Սեյյեդ Ջամալեդդինե Ասադ Աբադին ասել է. «Իսլամի ծագումն ու հաստատումն իրականացվեց Մուհամմեդ մարգարեի, իսկ նրա հարատեւությունն ու շարունակական տարածումը` Իմամ Հոսեյնի միջոցով»:

Երեկ իսլամական հեղափոխության 27-րդ տարեդարձի Այգաբացի 10-օրյա միջոցառումների նախաշեմին Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնում ներկայացնում էին հեղափոխության պատմությունը եւ հետհեղափոխական Իրանի ձեռքբերումները: Դեսպանության մշակույթի խորհրդական Ռեզա Աթուֆին մասնավորապես կարեւորեց կրոնական ժողովրդավարության ստեղծումը, երկրի եւ ժողովրդի ինքնավստահությունը, գաղափարաստեղծ ոգին: Նրա խոսքերով, Այգաբացի 10-օրյակի շրջանակներում միջոցառումներ կկազմակերպվեն աշխարհի 40 երկրներում, թեեւ «Իրանի բարեկամ եւ եղբայր երկրում դրանք այլ նշանակություն են ստանում»: Այս օրերին Հայաստանում կկազմակերպվեն մանրանկարչության ցուցահանդես, պոեզիայի երեկո, հանդիպում գրողների հետ, ինչպես նաեւ Երեւանի Կապույտ մզկիթում սգո արարողություններ` նվիրված Աշուրայի, Իմամ Հոսեյնի եւ հեղափոխության մյուս նահատակներին: Մշակույթի խորհրդականի խոսքերով, վերջինը նախատեսված է մուսուլմանների համար (Հայաստանում այժմ կա մոտ 3000 մուսուլման, որոնք, նրա խոսքերով, հիմնականում իրանցի ուսանողներ են, օտար երկրներից եկած հյուրեր, այստեղ ժամանակավոր ապրող իրանցիներ): Մշակութային միջոցառումների շարքում խորհրդականը կարեւորեց փետրվարի 14-ին Հայաստանի եւ Իրանի երեխաների բարեկամության շաբաթի բացումը:

«Դեսպանության մշակույթի կենտրոնը հայ-իրանական մշակութային հարաբերություններում հատկապես որ ոլորտներն է նախընտրում եւ ի՞նչ է արել առհասարակ այս ընթացքում» «Ազգի» հարցին, պրն Աթուֆին պատասխանեց, որ 1999 թ. սեպտեմբերին բացված կենտրոնը Հայաստանի հետ համագործակցում է մշակույթի բոլոր բնագավառներում. «Իսկ այս ընթացքում երկու երկրներում կազմակերպվել են մշակութային շաբաթներ, գրողների հետ հանդիպումներ, երկու երկրների գրականության թարգմանություն եւ հրատարակում, բուհերում իրանագիտության ամբիոնների բացում»:

Որոշ քաղաքական ենթատեքստերով հարցեր շրջանցելով Ռեզա Աթուֆին նշեց, որ անկախ ամեն ինչից Իրանը պատրաստ է ցանկության դեպքում կապեր հաստատել բոլոր երկրներում ապրող իրանցիների հետ: Վերջինս ընդգծեց, թե ԱՄՆ-ի հետ դիվանագիտական կապերի բացակայության դեպքում անգամ պահպանում է օդային կապը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4