«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2006-01-28 | #16, 2006-01-31 | #17, 2006-02-01


ԲԱՆԱՎԵՃ` ՎԱԶԳԵՆ ԵՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ

«Թայֆաները գրավել են քաղաքական դաշտը», ասում են նրանք

«Հայաստանի կուսակցականացման զվարճալի գործընթացը». ամենեւին էլ ոչ զվարճալի այս վերտառությամբ «Հայելի» ակումբի երեկվա բանավեճի կողմերը ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ու «Արժանապատվություն» կուսակցության նախագահ Լյուդմիլա Հարությունյանն էին: Երկուսն էլ բեմահարթակի ժամանակին ամենաակտիվ գործող անձերից, որոնց կուսակցությունների դերակատարումը քաղաքական հանգամանքների ճնշման տակ լիովին կամ մասամբ թուլացավ: «Հայաստանում ընթանում է ոչ թե կուսակցականացում, այլ թայֆայացում: Դեմոկրատական երկրներում կուսակցությունների գոյության ողջ իմաստն այն է, որ պետք է ընտրությունների ժամանակ կարողանան ժողովրդի ինչ-որ մի հատվածից ձայներ ստանալ, որ ըստ այդմ որոշվի, թե երկիրն ինչ ուղղությամբ է գնում: Մեզ մոտ դա բացառվում է: Մեր երկրում ընտրությունների միջոցով ոչ մի հարց չի լուծվում: Այս պայմաններում կուսակցությունների լավ կամ վատ, կազմակերպված կամ ոչ կազմակերպված լինելը դառնում է երկրորդական», այսպես է գնահատում կուսակցական գունեղ դաշտը Վազգեն Մանուկյանը: «Կուսակցությունները գաղափարները մոբիլիզացնող դեր չեն խաղում, դրանք ավելի շուտ խաղում են կլանային մոբիլիզացիայի դեր... Կլանայնությունը գրավել է քաղաքական դաշտը», ԱԺՄ նախագահին ձայնակցում է Լյուդմիլա Հարությունյանը:

Այդ պայմաններում ինչպե՞ս է լուծվելու կուսակցական ընտրախավի, իշխանության փոփոխության խնդիրը: «Եթե շարունակում ենք գնալ այս ճանապարհով, մենք գնում ենք դեպի ֆեոդալիզմ, ուր լիդերային խնդիրը լուծվում է կալվածքով, հարստությամբ, ճորտերի քանակով, ուր իշխանափոխության խնդիր չկա, քանի որ ամեն ինչ ժառանգվում է»: «Մենք արդեն գնացել ենք դեպի ֆեոդալիզմ», լրացնում է ԱԺՄ նախագահը:

«Վերադարձը դեպի ժողովրդավարություն, Վազգեն Մանուկյանի համոզմամբ, հնարավոր է միայն այն դեպքում, եթե գոնե մի անգամ կիրառվի պատժի մեխանիզմը:

Հավատարիմ մնալով իր մասնագիտական կոչմանը` սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը փորձում է ամեն ինչ բխեցնել հասարակության սոցիալական ներկա վիճակից: Նրա կարծիքով, պատժի մեխանիզմի կիրառումը չի լուծի խնդիրը, քանի որ Հայաստանում չի ձեւավորվել այն հասարակությունը, որն ունակ է պաշտպանելու սեփական շահերը եւ դիմադրելու ահռելի կապիտալ կուտակած խավին: «Հայաստանում սոցիալական դերակատարները քիչ են... քաղաքական հարցերը ոչ թե ընտրողի, այլ ամբոխի մասնակցություն (լուծելիք) են դարձել: Եվ իշխանությանը միաձուլված օլիգարխիան նույնիսկ փորձում է քաղաքականություն թելադրել»:

Վազգեն Մանուկյանը, հակառակը, կարծում է, որ օլիգարխների դերակատարումը հայկական քաղաքական իրականության մեջ չպետք է գերագնահատել, եւ ամենեւին նրանք չեն ժողովրդավարության թշնամիները: Ցանկության դեպքում, եթե մեր իշխանությունները «մի հատ փըխկ ասեն, օլիգարխները կմտնեն իրենց բները, կսսկվեն... Նորմալ իշխանության դեպքում նրանք իրենց տեղը կզբաղեցնեն, որովհետեւ դա մի շերտ է, որ ստեղծվել է իշխանության կողմից եւ ծառայում է նրան: Խոսքը խաղի կանոնները փոխելու մասին է... Ամեն ինչից վեր մի բան կա` արդար ընտրություններ»:

Հենց Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» նորաստեղծ կուսակցությունն էլ ստեղծվել է ոչ թե օլիգարխների ցանկությամբ, այլ Քոչարյանի «դաբրոյով»: Բայց դա չի նշանակում, որ Ծառուկյանի կուսակցությունը կարող է հաղթել ընտրություններում: «Երբ որ մի շրջանի ֆեոդալ սկսում է հավակնություններ արտահայտել ֆեդերալ իշխանության նկատմամբ, ապա դիմադրության կհանդիպի արդեն իր նման եւ գործող այլ կուսակցությունների կողմից»: Նույնկերպ Վազգեն Մանուկյանը համոզված է, որ Հայաստանում մեծ չէ նաեւ բյուրոկրատների դերակատարումը: Եվ ընդհանրապես, ըստ ԱԺՄ առաջնորդի, վերլուծության այն դասական սխեման, որ առաջարկում է Լյուդմիլա Հարությունյանը, այլեւս Հայաստանի հագով չէ:

Քաղաքական դաշտի առողջացման հնարավոր տարբերակը բանավիճողները համարում են ժողովրդավարական գաղափարներ դավանող կուսակցական սակավ խմբերի ու հասարակական շարժումների միաձուլումը:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4