Տեղական արտադրողը փոփոխություններ է առաջարկում հարկման դաշտում
Տեղական արտադրության աջակցության խնդիրը պետությունների տնտեսական քաղաքականության անկյունաքարերից է: Հայաստանն ընդունել է մի շարք օրենքներ («Ներքին շուկայի պաշտպանության մասին», «Դեմպինգի մասին» եւ այլն), որոնք կոչված են պաշտպանելու ներքին արտադրողներին ներմուծման հնարավոր վնասներից եւ որոնք չեն հակասում Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին: Սակայն վերոնշյալ օրենքները հիմնականում նախատեսված են ծայրահեղ դեպքերի համար, մինչդեռ ներմուծմանը դիմակայելու ամենօրյա խնդիրը տեղական արտադրողները լուծում են միայնակ: Սա առավել բնորոշ է ծխախոտի շուկային:
Ծխախոտի ներքին շուկայում տեղական արտադրողը, «Գրանդ տոբակո» ընկերության գովազդի բաժնի պետ Վահրամ Բրուտյանի հավաստմամբ, ունի ավելի մեծ բաժին, քան ներմուծվող ծխախոտները: Այստեղ սպառվող ծխախոտի 60 տոկոսը տեղական արտադրանքն է: Ընդ որում, շատ չեն այն երկրները, որտեղ տեղական արտադրողն ունի նման դիրք: Վերազգային կորպորացիաները որպես կանոն զբաղեցնում են տվյալ երկրի շուկայի մեծ մասը, տեղական արտադրողներին դուրս մղելով այնտեղից կամ նրանց թողնելով շուկայի փոքր մասը:
Այդուհանդերձ, ասել, թե տեղական արտադրողը Հայաստանի ծխախոտի շուկայում նախընտրելի վիճակում է եւ կարող է հաջողությամբ հաղթահարել խոչընդոտները, որոնք առաջանում են ներմուծման հետ անհավասար մրցակցության հետեւանքով, ճիշտ չէ:
Թերեւս հիմնական խնդիրը հարկման դաշտում է: Առաջին հայացքից թվում է, թե տեղական արտադրողն ավելի փոքր գումար է վճարում եւ ավելի բարենպաստ վիճակում է: Սակայն միայն առաջին հայացքից: Այսպես, տեղական արտադրության ծխախոտի 1 տուփի միջին գինը կազմում է 200 դրամ, իսկ ներմուծվողինըՙ 350 դրամ: Առաջինը 1 տուփի դիմաց վճարում է 80 դրամ հաստատագրված վճար, երկրորդըՙ 110 դրամ: Տոկոսային հարաբերությամբ սակայն պատկերն այլ է դառնում: Տեղական արտադրողի համար վճարվող հարկը կազմում է ծխախոտի տուփի միջին արժեքի 40 տոկոսը, իսկ ներմուծողի համարՙ 31 տոկոսը: Արդյունքում տեղական արտադրողն ավելի շատ է վճարում իր արտադրանքից, քան ներմուծողը: «Գրանդ տոբակոյի» գովազդի բաժնի պետն անհրաժեշտ համարեց, որ 1 տուփից գանձվեր ոչ թե ամրագրված գումար, այլ որոշակի տոկոս: Նա ցանկալի համարեց, որ այդ տոկոսը լիներ կամ հօգուտ տեղական արտադրողի, կամ գոնե նույնը տեղական արտադրողի եւ ներմուծողի համար:
Հաջորդը ներմուծվող ծխախոտների որակական հատկանիշներն են: Դրանք, ըստ Վահրամ Բրուտյանի, հիմնականում արտադրվում են երրորդ աշխարհի եւ ԱՊՀ երկրներում ու նախատեսված են այդ նույն երկրներում սպառելու համար: Մեր զրուցակցի հավաստմամբ, նման որակի ծխախոտը Եվրոմիության կամ ամերիկյան շուկաներում չի վաճառվում: Խեժի եւ նիկոտինի համամասնությունը պահպանելն ու վերահսկելը դժվար է այնպիսի խոշորածավալ արտադրություններում, ինչպիսիք են վերազգային կորպորացիաների ձեռնարկությունները, քանի որ անգամ ծխախոտի նույն դաշտում գտնվող մշակաբույսի մեջ այդ նյութերի պարունակությունը կարող է նույնը չլինել: Համեմատաբար փոքր արտադրություններում այդ գործընթացն ավելի վերահսկելի է:
Բացի այդ, ներքին շուկայում պայքարի այլ ձեւեր էլ են կիրառվում: Բնական է, որ ծխախոտի արտադրության միջազգային կորպորացիաները դրա համար ունեն անհրաժեշտ միջոցներ: Մասնավորապես խանութների եւ առեւտրի այլ օբյեկտների սեփականատերերին հավելյալ գումար վճարելով, ներմուծող ընկերություններն առաջարկում եւ պահանջում են իրենց արտադրանքը տեղադրել առավել երեւացող տեղերում:
Շեշտելով տեղական արտադրությանը պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, Վահրամ Բրուտյանը բերեց ԱՄՆ-ի եւ Կանադայի օրինակները, որոնք լուրջ միջոցառումներ են ձեռնարկում իրենց ներքին շուկայի պաշտպանության համար: Դրա հետեւանքով անգամ եվրոպական արտադրողները խուսափում են ԱՄՆ ծխախոտ ներմուծելուց: ԱՄՆ-ում սպառվող ծխախոտի ընդամենը 7 տոկոսն է ներմուծվողը: Իսկ Կանադայում, օրինակ, ներմուծվում է այդ երկրում սպառվող ծխախոտի 1 տոկոսը: Ընդ որում, այդ երկրները ոչ միայն Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, այլեւ այդ կառույցում ամենակարեւոր կշիռ ունեցողներից են:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ