Իսկ մենք շնորհակալ ենք «Հայռուսգազարդին»
Հունվարի 30-ի երեկոյան ռուսական գազը հասավ Հայաստան: Այդպիսով մոտ 8 օր Հայաստանի գազային պահանջները բավարարվեցին պահեստավորված գազի հաշվին, եւ այդ առումով պետք է արժանին հատուցել «Հայռուսգազարդ» ընկերությանը, որը, ի տարբերություն Վրաստանում ստեղծված իրավիճակի, կարողացավ պատվով դուրս գալ գազային ճգնաժամից: Ամեն դեպքում բնակչությունը չզգաց գազամատակարարման դադարեցումն ավելի շոշափելի ձեւով, քան զուտ լրատվության մակարդակով: Միակ սահմանափակումը, որ կիրառվեց, վերաբերում էր Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկին, որի աշխատանքով ստացված էլեկտրաէներգիայի մատակարարումը Վրաստանին ժամանակավորապես դադարեցվել էր:
Գազային ճգնաժամ իսկապես առկա էր Հայաստանում, որին, սակայն, անդրադարձ չեղավ, մինչդեռ Վրաստանում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայր գազատարի պայթեցումների պատճառով ստեղծված իրավիճակը հայտնվեց CNN-ի, BBC-ի, «Եվրոնյուսի» եթերում, ավելինՙ տպավորությունն այնպիսին էր, թե Վրաստանն ուղղակի աղետալի վիճակում է:
Հետաքրքրական է, որ Վրաստանում մի քանի օր առանց լույսի եւ գազի իրավիճակն արժանացավ միջազգային լրատվամիջոցների ուշադրությանը, մինչդեռ նույն այդ գազատարի պայթեցման պատճառով առանց գազի մնացած Հայաստանին անդրադարձ չեղավ: Մինչդեռ ժամանակ կար, երբ Հայաստանը նմանօրինակ պայմաններում տարիներ անցկացրեց: Այսինքնՙ ի՞նչ է ստացվում, իրենց անկողմնակալ ու չեզոք հռչակող լրատվամիջոցներն ավելի հետեւողական են որոշ երկրների շահերի պաշտպանությանը, քան լրատվության սկզբունքներին:
Թերեւս նման ուշադրությունից կարելի է եզրակացնել, որ վերը հիշատակված լրատվամիջոցները ոչ այնքան հետաքրքրված էին Վրաստանի ժողովրդի սոցիալական վիճակով, այլ դա եւս մեկ հնարավորություն էր վրացական իշխանավորների շուրթերից հակառուսական պրոպագանդա անելու: Առավել եւս, եթե Վրաստանի նախագահի մակարդակով ռուսական սաբոտաժ որակված պայթյունների հետեւանքները, նույն Սաակաշվիլու կարծիքով, Վրաստանին արժանացրին աշխարհի հիացմունքին:
Եվ սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ ոչ միայն Սաակաշվիլին է ինքնասիրահարված հայտարարություններ անում, այլեւ Մ. Նահանգներն է շտապում հիացական ձոներ անել վրաց ժողովրդին: Մասնավորապես «Ռեգնում» գործակալության հաղորդմամբ, Մ. Նահանգների պետքարտուղարությունն իր տարածած հաղորդագրության համաձայն ողջունել է «Մոզդոկ-Թբիլիսի» գազատարի վերականգնումը: Հաղորդագրությունում նաեւ նշված է. «Միացյալ Նահանգները հիացած է էներգետիկ ճգնաժամի ընթացքում վրաց ժողովրդի դիմացկունությամբ»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ