«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2006-01-31 | #17, 2006-02-01 | #18, 2006-02-02


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՇՏԱՊԵՑՆՈՒՄ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ` ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ

Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը Մամուլի ազգային ակումբում երեկ մի շնչով ժամուկես խոսեց...

Նա խոսում էր անցյալի, ներկայի եւ ապագայի մասին` մի տեսակ ամեն ինչին բարձրից գնահատական տալու իր սովորական կեցվածքով:

Նա եւ իր կուսակցությունն ակնկալիք չեն ունեցել, թե ԵԽԽՎ-ում Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվելու, չնայած Հայաստանի հանրաքվեի մասին զեկույցը բավական կոշտ տոնով էր գրված: Այնտեղ հիմա էլ պահանջում են մեր իշխանություններից պատժել ընտրակեղծարարներին: Ադրբեջանի վրա Եվրոպայի խորհուրդը լավ մատ թափ տվեց` երկու օրով զրկելով ձայնի իրավունքից, բայց ընդհանրապես չզրկեց. ըստ ՀԱԱԿ առաջնորդի` քանի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ղարաբաղյան չլուծված հակամարտությունը կա, քանի ղարաբաղյան հարցը լուծված չէ, Եվրոպայի խորհրդում եւ մյուս միջազգային կառույցներում երկու երկրների միջեւ առաջիկա մի քանի տարին, զուգահեռներ միշտ էլ դրվելու են. այլ ակնկալիքներ Եվրոպայի խորհրդից չկան:

Քոչարյան-Ալիեւ առաջիկա հանդիպում

Ըստ Հովհաննիսյան` այս հանդիպումը չի կարող ճակատագրական լինել, թեեւ երկիրը կորցրել է իր իմունիտետը, եւ փոքր ազդակն անգամ (թե՛ ներսից, թե՛ դրսից) կարող է հասցնել կոլապսի: Ահա այդ վիճակում են երկու երկրների ղեկավարները հանդիպում: Այդ հանդիպումից ավելի շատ սպասելիքներ ունեն միջազգային հանրությունը, Մինսկի խմբի համանախագահները եւ հատկապես Ֆրանսիան ու Շիրակը: Վերջինս, որ բավական դեր է ունեցել 1998-ի Հայաստանի իշխանափոխության ժամանակ եւ մի տարի հետո ընդհանրապես հեռանում է քաղաքականությունից, ղարաբաղյան խնդրի կարգավորումը համարում է իր քաղաքական կարիերայի ավարտի պսակը եւ կարող է լուրջ գործողություններ անել: Ամեն դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը պարտավոր են խնդիրը լուծել: Մինչդեռ Հայաստանը դուրս է մնացել աշխարհի քարտեզից, դուրս է մնացել բոլոր տարածաշրջանային ծրագրերից (վերջինը Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգիծն էր), մեր ապագան էլ դրվեց հարվածի տակ, հարցի լուծումն էլ, ուշանալով, ոչ շահեկան վիճակում հայտնվեց: Խաղաղապահ ուժեր եթե տեղակայվեն Ադրբեջան-Արցախ շփման գծում` դա լրջորեն կարող է փոխել քաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում, կսրվեն խաղաղապահ կորպուսի եւ ռուսական բազաների հարաբերությունները:

Ներքին ճնշումները շատ թույլ են իշխանությունների վրա, իսկ իշխանությունները Ղարաբաղի հարցի լուծումը կապում են այն բանի հետ, թե իրենց աթոռին մնալու համար որքանով է հարմար դրա լուծումը եւ որքան ժամանակ հետո լուծեն. դրսից տեսան, որ Ղարաբաղի հարցում ներքին ճնշում չկա, դրսից են ճնշում գործադրում:

Ընդդիմությունը

Ընդդիմությունն այսօր թույլ է. ունի լավ առաջնորդներ, սակայն թույլ է, որովհետեւ փորձում է պայքարել ժողովրդավարական օրենքներով, մինչդեռ դրանք չեն գործում: «18+8»-ը ձեւավորվել էր հանրաքվեի նկատմամբ տեսակետի շուրջը, լուրջ ընտրությունների գնալու համար պետք է գաղափարական հենքի վրա նոր ձեւաչափ: Բայց. «Եթե խաղի կանոնները չփոխվեն` մասնակցելն անիմաստ է` երկու ամիս չարչարվեմ, ընտրարշավ անցկացնեմ, հետո ինչ-որ լակոտ մի օրում իր ուզած թիվը նկարի», պատկերավոր նկատեց Հ. Հովհաննիսյանը: Ըստ նրա` ընդդիմությունն առաջիկա երկու շաբաթում պետք է կարողանա նոր ձեւաչափը ձեւավորել, իշխանափոխություն անելու համար գոնե մի 90 տոկոսով այն գաղափարական ընդհանրություն ունեցողներով պետք է կայանա:

Իշխանությունը եւս պետք է մտահոգված լինի նորմալ խաղի կանոններ հաստատելու մեջ, քանի որ մետաղը երկար ծեծելուց (իմա` այս վիճակը երկար պահպանելուց) կարող է կոտրվել. տարերային հեղափոխություն կլինի` անկանխատեսելի հետեւանքներով, ինչին Հ. Հովհաննիսյանը դեմ է:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4