Իրականության անբավարարությունը ստեղծում է լեգենդների կամ առեղծվածների անհրաժեշտություն: Ու այսպիսի բաները հյուսվում են հիմնականում մեզանից արդեն հեռացած անձերի շուրջը, երբեմն մտացածին, երբեմն իբրեւ սուբյեկտիվ վերարտադրություն:
Քաղաքային կոլորիտ կամ մթնոլորտ նախկին ըմբռնումով Երեւանում այլեւս չկա: Կյանքի հեւքն ու վազքը կենտրոնացած է արտաքին երեւույթների մեջ, մարդկային կյանքն իրականում գործում է նյութական արժեքների շրջապտույտում: Քաղաքի այսօրվա հագեցվածությունը, նյութական կյանքի հսկա տոնավաճառը միտքն այնքան է զբաղեցնում, որ մոռացության է տալիս մարդկային կյանքն իմաստավորող արժեքները (ինչպես հաճախ գեղեցիկ կինն է խանգարում իր իսկական էության մեջ թափանցելու ճիգերը...): Ներքին մտասեւեռուն վիճակն ու կամքն է, որ օգնում է չտրվել կամ մասամբ գոնե չտրվել արտաքին զգայական խաբկանքին: Սա այն պարագայում, երբ ունես գիտակցումն իրական կյանքի ներքին ապրումի եւ դրա փորձը: Եթե հետեւենքՙ «կյանքը յուրաքանչյուրիս մեջ է» ճշմարտությանը, կգտնենք այն: Բայց դժվարը դա է, գտնելը, որովհետեւ տրվելիք բան է... Ու քանի որ սա դժվար էՙ զգայական աշխարհը մեղքի պես փաթաթվում է վզիդ ու սա էլ, ցավոք, անհագուրդ է: (Ամեն անբավարարվածություն հոգեւոր կյանքի անհանգրվան վիճակից է սկսվում):
Երեւանը ձյունատարած է այս օրերին: Այս մտքերը ծնվեցին ինքնաբերաբար, ձյան տեսքով, ձյան ասոցիացիաներով: Ժամանակին մեր քաղաքը մարդկային կյանքով էր ապրում ու կային մարդիկ, որ մթնոլորտ էին ստեղծում: Փոքր, աննշան մարդիկ էլ կային, ջուր վաճառող, դանակ-մկրատ սրող, կամ ծաղիկ վաճառող, որ կերպարային էին, ու նրանք էլ մի ուրիշ, յուրօրինակ մթնոլորտ էին ստեղծում: Կարաբալա անունով մի ծաղկավաճառի մասին պատմում են իբրեւ խեղճ ու կրակ, անտուն մեկի, որ, սակայն, շռայլ հոգի ուներ ու ծաղիկներ էր նվիրում սիրահար զույգերին: Շատերն էլ ասում են (որն ավելի հավաստի է), որ սա լեգենդ է, ոչ մի ծաղիկ էլ չէր նվիրում, անպետք մարդ էր, ու կանայք էլ հաճախ մայթը փոխում էին... Սակայն անցորդներին ծաղիկ նվիրող փողոցային ծաղկավաճառի լեգենդն ավելի է դուր գալիս մարդկանց, ու այնքան շատ, որ քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը քանդակեց Կարաբալայի արձանը եւ վերջինս էլ տեղադրվեց այն փողոցում, որտեղ նախկինում Կարաբալան ծաղիկ էր վաճառումՙ Աստաֆյան փողոցում: Ժամանակները փոխվել են հիմա, այժմյան Աբովյանը նախկին Աստաֆյանը չէ, Երեւանի «շիկ» փողոցներից մեկն էՙ ճոխ հյուրանոցներով, բար-սրճարաններով, ու հնոտիներով խեղճ ու կրակ Կարաբալայի արձանը ոչ որեւէ մթնոլորտ է ստեղծում եւ ոչ էլ ընկալվում է:
Եղան նաեւ արձանը տեղափոխելու խոսակցություններ: Հիմա փողոցային անցորդները նրան չեն էլ կարող տեսնել, թեեւ տեղափոխված չէ, պարզապես աչքից պատսպարված է, փակել են: Հյուսիսային պողոտայի շինարարությունը լավ առիթ է տվել փողոցի ընդհանուր նկարագրի հետ չներդաշնակող արձանի մեկուսացմանը: Արձանը հայտնվել է շինարարական գոտում: Ու հետաքրքրականն այն է, որ չի նկատվում արձանի բացակայությունը: Եթե անցյալում նա կենտրոնական փողոցում ազատ ծաղիկ վաճառելու իրավունք ուներ, այսօր իր արձանը չունի իրավունք այնտեղ մնալուՙ թեկուզ իբրեւ հին քաղաքի պատմության մի փոքրիկ պատառիկ կամ հուշ:
... Իսկ առատ ձյունը քաղաքում շատ բան էր ծածկել, անգամ Երեւանի փողոցների հսկա աղբակույտերը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ