Համաժողովրդական շարժման կոչ Ղարաբաղում խաղաղապահ զորքեր մտցնելու դեմ
«Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» կանանց միության խորհուրդը խորապես անհանգստացած է 2006 թվականին ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորելու վերաբերյալ «Միջազգային ճգնաժամային խմբի» առաջարկած փաթեթիցՙ անընդունելի ու խիստ տագնապալի համարելով ազատագրված տարածքներում «խաղաղապահ» զորքեր մտցնելու, տարածքների մեծ մասն անմիջապես Ադրբեջանին հանձնելու, 10-15 տարի անց հանրաքվեի միջոցով «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզին» անկախություն շնորհելու եւ այլ դրույթներ: Խորհրդի անդամ, «Հայ փախստականների ահազանգ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ջուլիետա Երեմյանը նշում է, որ մեզանում վերջերս հաճախակի է խոսվում ղարաբաղյան հիմնախնդիրը փոխզիջումների ճանապարհով լուծելու եւ Արցախում «խաղաղապահ» զորքեր մտցնելու մասին, ինչին մեր ազգը կտրականապես դեմ է: «Մեզ հիմա բոլորովին պետք չեն խաղաղապահ զորքեր, մենք դրանց կարիքն ունեինք Սումգայիթի, Բաքվի ջարդերի ժամանակ: Մեր զինվորները 10 տարուց ավելի շատ լավ պահպանում են մեր սահմանները, ու երկրում երկարատեւ խաղաղություն է: Ինչպե՞ս կարող է մեր շահերը պաշտպանել մեր պատմությունից, հոգեբանությունից, վշտից ու տառապանքից անտեղյակ օտարը, դրան ընդունակ են միայն մեր զավակները, մեր բանակը: Իսկ տարածքների վերադարձման մասին խոսելն առնվազն աբսուրդ է: Հաղթանակած ո՞ր պետությունն է զիջումների գնում, սովորաբար այդ քայլին դիմում է պարտվողը: Մենք ոչ թե բռնագրավել, այլ ազատագրել ենք մեր պատմական տարածքները եւ վերադարձնելու ոչինչ չունենք: Իրականում ադրբեջանցիները պետք է մեզ վերադարձնեն Նախիջեւանը, Գանձակը, Շահումյանն ու Գետաշենը», ասում է նա:
Տասնյոթ տարի առաջ Գանձակից բռնագաղթած Ջուլիետա Երեմյանին զարմացնում է այն, որ մեր կառավարությունը երբեք չի խոսում հայ փախստականների ցանկությունների մասին: «Ես արդեն 17 տարի ապրում եմ Հայաստանում, բայց իմ բոլոր երազների իրականացումը տեսնում եմ Գանձակում: Ես կարոտել եմ իմ տանը, իմ հարազատների անտեր մնացած շիրիմներին, որոնց հուշարձանները ջարդուփշուր են արվել», հավելում է նա:
«Ազգային համակարգ» հասարակական շարժման աջակից Երանուհի Հուսյանը եւս շեշտում է, որ ներկայացված փաթեթով փորձ է արվում հիմարացնելու ժողովրդին: «Շատ վտանգավոր է, երբ խաղաղությունը շահարկվում է ինքնանպատակՙ խաղաղություն խաղաղության համար: Ու եթե ես ընդունեմ այդ խաղը, մտածելով, թե դրանք իրոք գալիս են այդ նպատակով, միեւնույն է, այդ խաղաղությունը խիստ կասկածելի է: Իրականում մեզ պետք է արդար խաղաղություն, ինչի մասին այսօր չի բարձրաձայնվում:
«Գարդմանահայերի հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, արձակագիր, բանաստեղծուհի Գրետա Ներսիսյանը համոզված է, որ ազատագրված տարածքները մեր հայրենիքի մի մասն են, ու մի թիզ անգամ չպետք է հանձնենք: «Մեր հարցերը միշտ օտարներն են լուծել, մեր երկրի նախագահը պետք է իմանա, որ դա ազգային ցավ է, եւ ազգը պետք է դարման գտնի: Օտարն իրավունք չունի մեր հողն առք ու վաճառքի ենթարկելու: Ես դեմ եմ Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայմանը, եթե նրանց ոտքերի տակ նորից տրորվենք, ուրեմն նորից կկորցնենք մեր հայրենիքը: Ներկա պահին մեզ համաժողովրդական շարժում է պետք, որպեսզի չկորցնենք Ղարաբաղը, իսկ դրանից հետո նաեւ Հայաստանը», ասում է նա:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ