Նորարար ճարտարապետ Վարդանը ցավում է, որ Երեւանի 18-րդ դարի հուշարձան շենքերն իրենց տեղում պահպանելու եւ ճարտարապետական նոր լուծումներ գտնելու փոխարեն մեր իշխանավորներն ընտրեցին դրանք քանդելու ու մեկ այլ տեղում հավաքելու ճանապարհը, որն իրականում ձեւական մոտեցում է, եւ դրանով ընդամենը փորձ է արվում մխիթարելու հասարակությանը:
«Ազգը» քանիցս անդրադարձել է այս խնդրին, արտահայտելով ճարտարապետների ու հասարակության մտահոգությունը, որը բացատրվում է քաղաքաշինական հստակ օրենքների բացակայությամբ: Դժվար թե որեւէ կառուցապատող հանդգներ հուշարձան շենքերի մեկ քարն անգամ տեղաշարժել, եթե դա արգելված լիներ օրենքով: Կատարյալ ամենաթողության պայմաններում քաղաքի կենտրոնը հանձնված է կառուցապատողների ճաշակին ու կամքին, այլեւս պետք չէ զարմանալ, որ Հանրապետության փողոցում քանդվող հուշարձան շենքերի տեղում վաղը կկառուցվի մեր իշխանավորների համար ավելի արժեքավոր մի բան, օրինակՙ կայանատեղի:
Ճարտարապետ Վարդանը համոզված է, որ ամրակայման որոշ աշխատանքներից հետո հուշարձան շենքերը կարելի է պահպանել, իսկ ցանկության դեպքում հարստացնել ճարտարապետական նորամուծություններով: «Քանդելն ամենահեշտ ուղին է, ավելի դժվար է խնդիրը լուծելը, դրա համար էլ մեզանում նախապատվությունը տալիս են քանդելուն: Դեռ խորհրդային տարիներից ինձ զարմացրել է այն հոգատար վերաբերմունքը, որ իրենց քաղաքների հանդեպ ցուցաբերում են մերձբալթյան ժողովուրդները: Ես տեսել եմ, թե ինչպես են նրանք խնամում ու զարգացնում իրենց ունեցածն ու մեծագույն հպարտությամբ խոսում դրանց մասին: Նրանք բոլորովին այլ մոտեցում ունեն, այնտեղ գերիշխող է մտածողությունը, որ ամեն մի հին քարի կտոր կարելի է մշակել ու դրանով զարդարել քաղաքը: Մեզանում քանդվող հուշարձան շենքերից միայն մեկիՙ Աբովյան 1/4 -ի ճակատի քարերն են համարակալվել ու պահպանվել սրտացավորեն, որովհետեւ դա եղել է ոչ թե քաղաքապետարանի, այլ տարածքի սեփականատիրոջ պահանջը: Շենքի ճարտարապետական արժեքն իսկապես գնահատած սեփականատերը համոզվել է, որ տեղում կառուցվելիք նոր շինության արտաքին ճակատի համար դժվար թե գտնվի այնպիսի լուծում, որը գերազանցի 18-րդ դարի Երեւանից մնացած ճարտարապետական մասունքին», ասում է նա:
Քանդվող հուշարձան շենքերի կողքով անցնելիս նա երկար կանգ է առել ու մտածել, թե ինչ լուծումներ կարելի էր գտնել դրանք փրկելու համար: Դրանցից մի քանիսի էսքիզները նրա աշխատասենյակում են, իսկ ներկա պահին նա վերջին շտրիխներն է անում Ամիրյան 4/16 հուշարձան շենքի համար, որը տարածքում կառուցվող շենքերի կողքին կանգնած է որպես միայնակ որբՙ կուլ գնալու ահը սրտում:
«Շենքը պահպանելու համար ես առաջարկում եմ դրա վրա զարգացնել բազմահարկ վրակառույց, որը կիրականացվի շենքից անկախՙ ինքնուրույն մետաղական կմախքով: Դա բազմահարկ մետաղական, տարածական շրջանակ էՙ հենված անկյունային 4 հենասյուների վրա: Կոնստրուկցիան ավելորդ չծանրաբեռնելու համար պատերն ու ծածկերը կիրականացվեն թեթեւ նյութերից: Շենքից անկախ մնալու համար աստիճանավանդակներն ու վերելակները կիրականացվեն շենքին կից տարածքում: Վրակառույցի ու շենքի միջեւ առաջացած միջնահարկը կօգտագործվի որպես ապակեպատ երրորդ հարկ: «Կառուցվածքների սեյսմակայունության կենտրոն», «շենք-հարկաշար», «կապված համակարգ» մեթոդներով վրակառույցը կբարձրացնի հուշարձան շենքի սեյսմակայունությունը», բացատրում է ճարտարապետ Վարդանը:
Գրեթե ավարտված էսքիզում պարզորոշ երեւում է հնի ու նորի համադրությունը, որը ճարտարապետը փորձել է իրականացնել հնարավորինս ներդաշնակորեն: Մնում է այն ներկայացնել ճարտարապետների քննարկմանը, ու եթե հավանության արժանանա, այդ դեպքում գուցե կիրականանա հուշարձան շենքերը քանդելու փոխարեն դրանց նոր լուծումներ տալու իր մեծագույն ցանկությունը:
Էսքիզը բավականին հետաքրքրել է հուշարձան շենքի իրական սեփականատիրոջըՙ հասարակական գործիչ, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանին, որը ներկա պահին սպասում է շենքը պահպանելու կամ քանդելու կառավարության վճռին:
«Ուրախ կլինեմ, որ իմ առաջարկով հուշարձան շենքերը քանդել-չքանդելու կշեռքի նժարներից ծանրագույնը դառնա երկրորդը, եւ այդ սկզբունքն ընդօրինակելի լինի քաղաքի համար: Այլապես ուժեղ լծակներ ունեցողները կքանդեն նաեւ վերջին մի քանի հուշարձան շենքերըՙ քաղաքն ամբողջապես զրկելով պատմաճարտարապետական կարեւոր ու յուրատիպ շերտից», ասում է նորարար ճարտարապետը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ