Ստորգետնյա երթուղիների իշխաններն ու ճորտերը
Մետրոպոլիտենի վարչական շենքի առջեւ երեկ վաղ առավոտյան 300-400 մարդ էր հավաքվել: Բողոքի ցույցի դուրս եկած մետրոյի 10 կայարանների աշխատողները կրկին պնդում են իրենց պահանջը` աշխատավարձերի բարձրացում: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա ցույցից հետո ղեկավարությունը խոստացել էր աշխատավարձերը բարձրացնել 20 տոկոսով: Սակայն առանց դրա էլ, կառավարության որոշմամբ հունվարի 1-ից բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերը 20 տոկոսով պիտի բարձրանան, այնպես որ ցուցարարներն այդ խոստումը այնքան էլ ձեռքբերում չեն համարում: Երեկ 1 տասնյակ մարդուց բաղկացած բողոքավորների պատվիրակությունը «Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրեն Վահագն Հակոբյանին կրկին ներկայացրեց իրենց պահանջները:
Մետրոյում ամենացածր աշխատավարձն ավելի ցածր է պաշտոնապես սահմանված նվազագույն աշխատավարձից: Գանձապահները 13 հազար դրամ են ստանում: Աշխատավարձին գումարվող աշխատանքային ստաժի ամեն տարվա համար վճարվող ողորմելի թվերը կամ գիշերային հերթապահությունների համար վճարները չեն փրկում դրությունը: Երկարամյա աշխատանքային ստաժով ավագ օպերատոր Սոնա Գրիգորյանի աշխատավարձն ընդամենը 30 հազարի է հասնում:
Սակայն միայն աշխատավարձերի խնդիրը չէ, որ ալեկոծել է ստորգետնյա երթուղիների սպասավորներին: «5 տնօրեն ունենք, նրանք մեզ ի՞նչ են անում: Մենք պահանջում ենք այդ տնօրենների խորհուրդը ցրել, մի տնօրենն էլ հերիք է»: Մարդկանց վրդովեցնում է աշխատավարձերի հսկա տարբերությունը` «120-180 հազար դրամ փող են ստանում, այդ աշխատավարձերը մեզնից է խլվում»: Որպեսզի այդ տարբերությունները մոտենան բանական սահմանի, ցուցարարները պահանջում են աշխատավարձերի 100 տոկոսով բարձրացում:
Որ մետրոյում աշխատավարձերը եւս դասակարգվում են վերին ու ներքին դասերի, խոստովանում է նաեւ ՓԲԸ տնօրենը: «Մետրոպոլիտենում աշխատավարձերը տրվում են 3 կատեգորիայով` ցածր վարձատրվող, միջին եւ նորմալ վարձատրվող մասնագիտություններ»:
70-80 մ խորության ստորգետնյա աշխատատեղերում վատ են նաեւ աշխատանքային պայմանները` վատ օդափոխություն, խոնավություն, քամիներ, վատ լուսավորություն, որոնց պատճառով աշխատողներից շատերը հաճախ են առողջական խնդիրներ ունենում: Գանձապահի, օպերատորի սենյակներում, հսկիչ կետերում այս շաբաթներին հատկապես ցուրտը մինչեւ ոսկորներն է հասնում: «Արդեն 10 տարուց ավելի ոչ մի նորոգում չի եղել, նույնիսկ նստելու աթոռներ չկան, ջարդված են, հոսանքի փոքրիկ սալիկներով ենք տաքանում»: Օպերատորի աշխատասենյակ, ըստ սահմանված կարգի, կողմնակի մուտքը սահմանափակված է: Սակայն ծայրահեղ պայմանների պատճառով այդ սենյակները վերածվել են հանդերձարանի, ճաշարանի եւ հանգստասենյակի:
Առատ ձյան ու արդեն սկսված ձնհալի պատճառով անհուսալի է դարձել հատկապես «Սասունցի Դավիթ» կայարանում աշխատողների վիճակը: Խոնավությունն ամբողջությամբ թափանցել է բոլոր սենյակները: «Բարեկամություն» կայարանում մի ստորաբաժանում կա, ուր նույնիսկ կոյուղաջրեր են լցվում»... «Համեմատեք մեր ղեկավարների եւ մեր պայմանները. նրանցը` ընտիր եվրոնորոգմամբ, կահույքով, ամեն հարմարություններով, նույնիսկ առանձին խոհանոց ունեն: Մենք նույնիսկ մի քիչ հանգստանալու հնարավորություն չունենք: Առնետների հետ ենք աշխատում, նրանք մեզ են նայում, մենք` իրենց»: Պրն Վահագն Հակոբյանն ի պատասխան խոստանում է, որ «5 մլն դրամ են նախատեսել սենյակների կարգի բերման, նոր գույքի ձեռքբերման համար»:
Բողոքարարների համոզմամբ, մետրոյի վերեւների ու ներքեւների միջեւ վիհը շատ է խորացել` ստեղծելով արտոնյալների եւ հարստահարվողների շերտեր:
Մետրոյի տնօրենը, այնուամենայնիվ, մինչեւ վերջ հանգստացնում էր բողոքավորներին, փորձելով համոզել, որ իրենք աշխատավարձերը կբարձրացնեն առաջին իսկ հնարավորության դեպքում` «եթե կարողանան ավելացնել մետրոյի եկամուտները»: Նա խոստանում է առաջիկայում, եկամուտներ լինելու դեպքում, կիրառել աշխատավարձերի սանդղակային բարձրացման մեթոդը, որը որոշակի «համամասնությունների կբերի»: Վերջում պարզվեց, որ սանդղակային բարձրացման այդ «ինստրուկցիան» իրենք դեռ չեն մշակել, եւ դա 2-2,5 ամիս կտեւի:
Գործադիր տնօրենի եւ ցուցարարների պատվիրակության բանակցությունները, այնուամենայնիվ, ավարտվեցին փոխզիջումային հենքի վրա: Տնօրենը նահանջեց աշխատավարձերը 50 տոկոսով բարձրացնելու սահմանին:
Ցուցարարները թեեւ պնդում են, որ «դանակը ոսկորին է հասել», առայժմ, սակայն, ծայրահեղ քայլի` գործադուլի դիմելու մասին վստահաբար չեն խոսում: Երեկ նրանք որոշեցին համբերել մինչեւ փետրվարի 15-ը, եւ եթե գործադիր տնօրենը չհաստատի գոնե 50 տոկոսով աշխատավարձերը առաջիկայում բարձրացնելու խոստումը, իրենք կշարունակեն բողոքի ցույցերը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ