«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2006-02-01 | #18, 2006-02-02 | #19, 2006-02-03


ՈՐՔԱՆ Է ՊԵՏՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ «ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ» ԵՎ «ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ» ՀԱՄԱՐ

Այս տարի պետական բյուջեով երիտասարդական ծրագրերի ֆինանսավորմանը հատկացվել է 316 մլն դրամ, 2007 թ.-ին միջնաժամկետ ծրագրով նախատեսված է հատկացնել 346 մլն դրամ: Այս մասին երեկ, ներկայացնելով կառավարության հաստատած 2006-07 թթ. երիտասարդական քաղաքականության ռազմավարությունը, հայտնեց մշակույթի եւ երիտասարդական հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Պետական բյուջեից հատկացված այդ գումարից 40 մլն դրամն ուղղվելու է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին: Այս տարվա հավաքին, որը երեկ մեկնարկել է Ծաղկաձորում, մասնակցելու են 350 երիտասարդներ Հայաստանից եւ սփյուռքից: Մեր հարցին, թե ինչո՞ւ այդ հավաքի մասնակից երիտասարդներին չեն ներգրավում հանրօգուտ աշխատանքների մեջ, Արթուր Պողոսյանը պատասխանեց, որ աշխատանք է տարվում, որպեսզի կամավորական սկզբունքներն ընդգրկվեն ծրագրերի մեջ: Նա մասամբ ընդունեց, որ այստեղ բացթողում է եղել:

Ուրիշ ի՞նչ նպատակներով եւ ի՞նչ միջոցառումների վրա են ծախսվելու պետական բյուջեից հատկացված գումարները: Այս կապակցությամբ մշակույթի եւ երիտասարդության փոխնախարարը տեղեկացրեց, որ 50 մլն դրամն ուղղվելու է միջազգային երիտասարդական կենտրոնի ֆինանսավորմանը: Մնացած գումարով նախատեսվում է ստեղծել մարզային երիտասարդական կենտրոններ, որոնք չեն լինի իրավաբանական անձինք: Այդ կենտրոններում կքննարկվեն երիտասարդությանը հուզող հարցերը: Քննարկումների ժամանակ բարձրացված հիմնահարցերի շուրջն էլ կիրականացվի պետական քաղաքականությունը: Թերեւս կարելի է կանխատեսել, որ այս դեպքում կունենանք չգործող կամ ձեւականորեն գործող կառույցներ եւ վատնված, ավելի ճիշտՙ յուրացված բյուջետային գումարներ:

Արթուր Պողոսյանը հայտնեց, որ փոքրիկ դրամաշնորհներ կտրվեն մարզային երիտասարդական կազմակերպություններին կամ այն երիտասարդներին, որոնք կցանկանան ձեռներեցությամբ զբաղվել: Համաձայն օրենսդրության, երիտասարդ են համարվում 16-30 տարեկանները, իսկ երիտասարդ ընտանիքներՙ որտեղ ամուսիններից մեկն այդ տարիքի է: Հայաստանում այդ տարիքի 840 հազար մարդ է բնակվում:

Վերադառնալով երեկ կառավարության հաստատած ռազմավարությանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարը տեղեկացրեց, որ դրա առաջին մասում վերլուծություններ են արված, որոշելու համար թե որոնք են գերակայություններն այս ոլորտում: Մասնավորապես նշվեց, որ առաջին գերխնդիրն այստեղ երիտասարդների զբաղվածության հարցն է: Ըստ Արթուր Պողոսյանի, փորձ է կատարվելու օրենքով այդ հարցն ինչ-որ ձեւով կարգավորելու տարբերակներ գտնել: Թե կոնկրետ ինչպես, անհայտ մնաց:

Հաջորդ գերխնդիրը երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությունն է: Քանի որ փոխնախարարը նշեց, որ երիտասարդության հիմնախնդիրների մեջ ընդգրկված է նաեւ բանակը, հարց ուղղեցինք, թե այստեղ ի՞նչ միջոցառումներ են իրականացվելու, եւ ինչպե՞ս են արձագանքելու, եթե դժբախտ կամ արտակարգ դեպքեր պատահեն զինվորների հետ: Արթուր Պողոսյանը պատասխանեց, որ լինելու են այցելություններ զորամասեր, որտեղ իրականացվելու են հայրենասիրական նշանակություն ունեցող ծրագրեր: «Մեր խնդիրը չէ դժբախտ դեպքերով զբաղվելը, մեր աշխատանքը զորամասերում ուղղված է այդ դեպքերը կանխարգելելուն», նշեց նա:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4