Փետրվարի 3-ի գիշերը Կարելիի (վրաց-օսական հակամարտության գոտուն մոտ գտնվող երկաթգծի կայարան) տարածքում հայտնաբերվել է ծառի վրա տեղակայված զենիթային կառավարման «Իգլա» հրթիռ կողմնորոշված հիմնական օդային երթուղու ուղղությամբ, այդ թվումՙ Վրաստանի նախագահ Սաակաշվիլու ուղղաթիռի երթուղու: Այս մասին «Նովոստի Գրուզիի» գործակալության փոխանցմամբ ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության երեկ հրապարակած պաշտոնական հաղորդագրությունում:
Ըստ այդմ, ջերմային հատկանիշներով ուղղորդում ունեցող եւ օդային նպատակակետերի ոչնչացման զենքի մասին հատուկ ծառայություններին հայտնի է դարձել փետրվարի 2-ի ուշ երեկոյան:
Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին հայտարարել է, որ փետրվարի 6-ին Վրաստանը խնդրանքով կդիմի Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիային, Գերմանիայի, Թուրքիայի հատուկ ծառայություններինՙ օգնելու բացահայտել «Իգլա» զենիթահրթիռային զենքի ծագումը, որ գտել են Վրաստանի հատուկ ծառայությունները: Հիմնական խնդիրը պետք է լինի պարզել, թե որտեղից է «Իգլան» հայտնվել Կարելիի շրջանումՙ վրաց-օսական հակամարտության գոտու անմիջական հարեւանությամբ: Ամեն դեպքում, այս զինատեսակը, Մերաբիշվիլու խոսքերով, ահաբեկչական է եւ աշխարհում գտնվում է խստագույն վերահսկողության տակ: Գտնված զենքի վրա ջնջած են զինատեսակի համարակալման համարները:
Մերաբիշվիլին չի վարանել հայտարարելու, որ «Վրաստանը եւս մեկ անգամ խուսափեց լուրջ ահաբեկչական գործողությունից, քանի որ «Իգլան» կրակելու պատրաստ վիճակում էր, բայց ինչ-որ պատճառով կրակոց տեղի չի ունեցել: Մերաբիշվիլին տեղեկացրել է նաեւ, որ պարզ չէ, թե երբվանից է հրթիռը գտնվում այդ շրջանում եւ հետեւաբար որ չվերթին է ուղղված: Ըստ ՆԳ նախարարի, Վրաստանը կոնկրետ կասկածներ ունի հեղինակի առնչությամբ եւ այդ կասկածները հաստատվում են օպերատիվ տեղեկությամբ, Ցխինվալիում որոշ խմբերի մոտ առկա են հենց այդ տեսակի զենիթային հրթիռներ:
Ա. Հ.