Երեկ ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը հայկական լրատվամիջոցների հետ հանդիպմանը վաղաժամ է համարել խաղաղապահների տեղակայման մասին խոսելը: Էվանսն ավելացրել է, որ, ըստ իր տեղեկությունների, ղարաբաղյան գոտում խաղաղապահներ տեղակայելու դեպքում այդ ուժերի կազմում չպետք է լինեն Մինսկի խմբի համանախագահող եւ հարեւան երկրների խաղաղապահներ:
Իրանի շուրջը ստեղծված իրավիճակի կապակցությամբ Էվանսն ասուլիսում հայտարարել է, որ Մ. Նահանգները ըմբռնումով է մոտենում Հայաստանի էներգետիկ իրավիճակին (նկատի ունի Թեհրան-Վաշինգտոն խզված կապերի պայմաններում Հայաստանի համագործակցությունն Իրանի հետ) եւ այն բանին, որ Հայաստանը ձգտում է բազմազան դարձնել իր էներգետիկ աղբյուրները: Դեսպանն ավելացրել է, որ Հայաստանի կառավարության ուշադրությունը բազմիցս հրավիրել է Իրանի հետ աշխատանքների ծավալի որոշակի սահմանը չանցնելու հանգամանքին, երբ կգործի ամերիկյան օրենսդրությունը: Ըստ այդ օրենսդրության, Իրանի էներգետիկ ոլորտում որոշ գումարը գերազանցող ներդնողներին սպասում են պատժամիջոցներ:
Ա. Հ.