«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2006-02-02 | #19, 2006-02-03 | #20, 2006-02-04


ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՓԱՍՏԱԲԱՆ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

«Փաստաբան Վահե Գրիգորյանը Հայաստանի պետական ու դատական համակարգի բացահայտ կամայականություններից պաշտպանել է Երեւանի Բուզանդի փողոցի տների բնակիչներինՙ կառավարության որոշումների հիման վրա նրանց սեփականությունից զրկելու վերաբերյալ գործերում: Սպառելով ներպետական իրավական պաշտպանության բոլոր միջոցները, փաստաբանն այդ գործերից երկուսը ներկայացրել է մարդու իրավունքների եվրոպական դատարանի քննարկմանը: Նրա ակտիվ իրավապաշտպանական գործունեությունը հասկանալի պատճառներով չի արժանացել նշված ծրագրերի ջատագովների հավանությանը եւ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Ակնհայտ շինծու մեղադրանքով անցած տարվա հոկտեմբերի 7-ից Վահե Գրիգորյանը գտնվում է կալանքի տակ, իսկ դեկտեմբերի 30-ից ապօրինաբար տեղափոխվել եւ մինչ օրս պահվում է ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում: Այս ընթացքում փաստաբանի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշումները վիճարկելու ու նրան ազատ արձակելու ուղղությամբ ձեռնարկած բոլոր քայլերը եղել են ապարդյուն, քանի որ դատարաններն ամբողջովին կախման մեջ են գործադիր իշխանությունից ու դատախազությունից», ասված է իրավապաշտպան գործունեության նկատմամբ Հայաստանի իշխանությունների գործադրած ճնշումները դադարեցնելու եւ քաղբանտարկյալ փաստաբան Վահե Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների, փաստաբանների, անհատ քաղաքացիների երեկ ընդունած հայտարարության մեջ:

Նաեւ նշվում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ են տալիս մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների զանգվածային խախտումներ, որոնք պարբերաբար արժանացել են հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների արդարացի քննադատությանը, դրանց բազմաթիվ փաստեր ներառվել են մարդու իրավունքների պաշտպանի 2004 թվականի տարեկան զեկույցի, արտահերթ հրապարակային զեկույցի եւ 2005 թ. տարեկան զեկույցի մեջ: «Երեւան» հյուրանոցում կազմակերպված «Հայաստանի Հանրապետության միջամտությունը իրավապաշտպան գործունեությանը - Վահե Գրիգորյանի գործի հետագա ճակատագիրը» թեմայով քննարկման ժամանակ ելույթ ունեցան Լարիսա Ալավերդյանը, Հրանուշ Խառատյանը, Ավետիք Իշխանյանը եւ ուրիշներ, որոնց գնահատմամբ մեզանում մարդու իրավունքների բացահայտ խախտումները հակասում են «Մարդու իրավունքների պաշտպանների վերաբերյալ» հռչակագրի պահանջներինՙ կասկածի տակ դնելով մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների արդյունավետ պաշտպանության հնարավորությունը: Մասնակիցները դատապարտեցին իրավապաշտպան գործունեության նկատմամբ մեր իշխանավորների բացասական վերաբերմունքը, պնդելով, որ կալանավորված Վահե Գրիգորյանը քաղբանտարկյալ է, որովհետեւ պայքարել է պետական քաղաքականության դեմ: Նրանք պահանջեցին դադարեցնել իրավապաշտպանների նկատմամբ ճնշումները, ընդունել փաստաբան Վահե Գրիգորյանի քաղբանտարկյալի կարգավիճակը եւ իշխանությունների առջեւ նրան անհապաղ ազատ արձակելու վճռական պահանջ դնել: Փաստաբան Ռուբեն Ռշտունուն զայրացնելու աստիճան զարմացնում է մարդու իրավունքների ոտնահարման փաստերի հանդեպ մեր հեռուստաընկերությունների անտարբեր կեցվածքը: «Ինչո՞վ են այսօր զբաղված մեր հեռուստաընկերությունները. միայն անճաշակ գովազդներ ցուցադրելով: Ուղղակի զզվելի է դրանք դիտելը: Հեռուստատեսությունը պետք է գլխավորապես զբաղված լինի մարդու իրավունքների հարցերով: Ներկա պահին պետք է բռունցք դառնանք եւ արմատական միջոցառումներ ձեռնարկենք, այլ ոչ թե զբաղվենք քննարկումներ հրավիրելով ու ջուր ծեծելով», ասաց նա:

Ավետիք Իշխանյանի կարծիքով, հասունացել է Վահե Գրիգորյանի շահերը պաշտպանող հասարակական կոմիտե ստեղծելու անհրաժեշտությունը, որպեսզի նրան ազատ արձակելու հարցը դրվի մեր հասարակության ու միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4