«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2006-02-02 | #19, 2006-02-03 | #20, 2006-02-04


«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՍՏԱՏԵԼ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Իսկ բնակիչները շարունակում են սարսափել իրենց չկատարած զանգերի համար պահանջվող գումարներից

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ կայացավ 4-րդ նիստը` «Արմենտելի» դեմ սպառող Սիրուշ Հարությունյանի հայցով: Ինչպես «Ազգն» արդեն ներկայացրել էր, հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել ընկերության ներկայացրած 302 հազար դրամի պահանջը, որը բնակչին ներկայացնելիս հիմնավորվել է նրա` միջազգային հեռախոսազանգեր կատարելով: Ի դեպ, հաշվի առաջացումը իբր պայմանավորված է նաեւ հայցվորի` ինտերնետ պրովայդերի ծառայությունից օգտվելով: Երեկվա նիստի ժամանակ պատասխանող կողմի ներկայացուցիչը` ընկերության իրավաբանության տնօրինության ղեկավար Արտակ Խաչատրյանը, դատավորին ներկայացրեց փաստաթղթեր, երկար-բարակ բացատրեց այն գործընթացը, ըստ որի սպառողն առանց իմանալու կարող է հայտնվել ինտերնետի վճարովի կայքերում: Նա նշեց, որ տեխնիկապես հնարավոր չէ ստուգել, վերահսկել եւ «զգալ»` սպառողը ցանկությամբ թե՞ պատահականորեն է հայտնվել ինտերնետի վճարովի կայքերում:

Գործի բուն էությունից դատարանին շեղող պատասխանող կողմի արտահայտություններին հայցվորի շահերի պաշտպան Արշակ Սադոյանը արձագանքեց` հիշեցնելով, որ մեր պետական լեզուն հայերենն է եւ տերմինախեղդ անելու կարիք չկա: Հաշիվների առաջացման մեղքը օտարերկրյա պրովայդերների վրա գցելու պատասխանող կողմի փորձերը անարդյունք էին: Դատավարությունը սպեկուլյացիա որակած Սադոյանը անդրդվելի էր եւ անընդհատ կրկնում էր. «Արմենտելը» հանցավոր համագործակցության մեջ է այդ օտարերկրյա էրոտիկ կայքերի տերերի հետ, դրա համար էլ բնակիչներն այսքան վնաս են կրում»: Վերջինս համոզված է, որ եթե ընկերության մատը խառը չլիներ այդ գործին, նա կպայքարեր խարդախությունների դեմ, կզգուշացներ սպառողներին: Պատասխանող կողմն էլ իր հերթին նշում էր, որ զգուշացրել է: Միջազգային զանգերի դեպքում գրանցված որեւէ ինֆորմացիա (ձայնային, տեքստային թե այլ ազդանշանների փոխանակում է եղել զանգերի ժամանակ) Սադոյանը չկարողացավ ստանալ: Նախորդ նիստի ժամանակ դատարանի դահլիճում «Արմենտելի» արած փորձարկման արդյունքում դատարանի հաշվին գրանցվել է 9 հազար 200 դրամ: Պատգամավորը կոչ արեց դատարանին եւս միանալ իրենց եւ ընկերությունից պահանջել անվավեր ճանաչել նաեւ այդ գումարը: Նիստին ներկաների «ինչ լկտիություն», «բացահայտ կեղծիք եւ սուտ» եւ նման արտահայտություններով էին ընդմիջվում հայցվոր եւ պատասխանող կողմերի տհաճ հակադարձումները: Դատարանը վերջում որոշեց պարզել, թե կա՞ն անկախ փորձագիտություն անցկացնող մասնագետներ, որից հետո հնարավոր կլինի տեխնիկական հարցերի պարզաբանման համար փորձագիտություն նշանակել:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4