Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հրավերով երեկ Երեւանում էր Ուկրաինայի տրանսպորտի եւ կապի երիտասարդ նախարար Վիկտոր Բոնդարը: Երեկ նախարարները քննարկել են 2 երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցության խնդիրները, որոնց մասին լրագրողներին տեղեկացրին մամուլի ասուլիսում: Քննարկված ամենացավոտ պրոբլեմը եղել է Իլյիչեւսկից դեպի Փոթի եւ Բաթումի լաստանավային բեռների փոխադրումը: Հայտնի է, որ «Ուկրֆերրի» ընկերությունը բավական բարձր սակագներ է սահմանել այդ փոխադրումների համար: Այսօրվա գործող գներով Իլյիչեւսկից դեպի Փոթի 1 բեռնված վագոնի եւ Փոթիից դեպի Իլյիչեւսկ արդեն դատարկ վագոնի տեղափոխումը արժե 2400 դոլար:
Բոնդարը խոստացել է Ուկրաինա վերադառնալուն պես զբաղվել այդ սակագները Հայաստանի համար ընդունելի դարձնելու եւ որոշակի զեղչեր սահմանելու հարցով:
«Ուկրաինայի համար Հայաստանը հարազատ երկիր է, եվ մեր կառավարությունն ամեն ինչ անում է նրա հետ անմիջական, արդյունավետ կապեր ստեղծելու նպատակով: Մեր բարեկամական հարաբերություններն առավել դրական հունի մեջ մտան անցած տարվա փոխայցելություններից հետո», ասաց ուկրաինացի նախարարը: Նա նշեց, որ տրանսպորտային բեռնաշրջանառության ոլորտում արդյունավետ համագործակցությանն այս պահին կարող է խոչընդոտել միայն այս ասպարեզում առկա մենաշնորհը, բայց իրենք մտադիր են «ջարդել այն»:
Քննարկման ենթակա մյուս խնդիրը եղել է Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցումը, երկաթուղային այն հանգույցի վերականգնումը, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի, հետո Ուկրաինայի հետ: Հարցը քննարկվել է նաեւ ռուսական կողմի հետ, եւ ըստ Վիկտոր Բոնդարի, Ռուսաստանը դրական է արձագանքել:
Հիշեցնենք, որ հունվարի 18-19-ը Մոսկվայում Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի երկաթուղային ձեռնարկությունների ղեկավարները հուշագիր ստորագրեցին աշխատանքային հատուկ խումբ ստեղծելու վերաբերյալ: Սուխումիից մինչեւ Թբիլիսի երկաթուղու վերականգնման համար որոշվեց հիմնել միջազգային կոնսորցիում: Կոնսորցիումի անդամներ կարող են դառնալ մասնավոր ձեռնարկությունները: Պետությունը կհոգա միայն կառավարման խնդիրները, ֆինանսականը կլուծեն մասնավորները: Բոնդարն ասաց, որ ուկրաինացի գործարարները եւս պատրաստ են այդ «կոնսորցիումին անդամ դառնալ», քանի որ իրենք էլ են շահագրգռված երկաթուղու վերագործարկմամբ: Աշխատանքային խումբն արդեն հաշվարկում է երկաթգծի վերականգնման ծախսերը:
Ուկրաինան մոտ 400 կմ երկայնքով երկաթուղով մտնում է մինչեւ Եվրոպայի կենտրոն, եւ Հայաստանի համար եվրոպական կապերը զարգացնելու առումով անգնահատելի դեր կարող է խաղալ: Վիկտոր Բոնդարը նշեց, որ այս համագործակցությունը Ուկրաինայի համար եւս տարանցիկ եւ շատ շահավետ կլինի, քանի որ իրենք պատրաստվում են նաեւ Իրանից, Իրաքից, Մերձավոր Արեւելքից Հայաստանի ճանապարհներով բեռները հասցնել մինչեւ Փոթի, այնտեղից դեպի Ուկրաինա:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ