Կենտրոնական բանկը կջանա վայելել ժողովրդի վստահությունը
2006 թ.-ի դրամավարկային քաղաքականության ծրագիրը ներկայացնելով, երեկ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հիմնականում անդրադարձավ փաստաթղթի այս տարվա ամենակարեւոր փոփոխությանըՙ գնաճի նպատակադրման քաղաքականությանը: Սակայն մինչ այդ նա համառոտ ներկայացրեց անցյալ տարվա արդյունքները: ԿԲ նախագահը հայտնեց, որ հաջողվել է պահպանել հիմնական ծրագրային ցուցանիշըՙ մինչեւ 3 տոկոս գնաճը: Միջին տարեկան գնաճը կազմել է 0,6 տոկոս:
Ինչ վերաբերում է գնաճի նպատակադրման քաղաքականությանը, ապա դրա էությունը, ըստ Տիգրան Սարգսյանի, հետեւյալն է: Նախՙ Կենտրոնական բանկը հրաժարվում է դրամական բազայի եւ դրամական զանգվածի ցուցանիշների ուղղորդումից, քանի որ մի շարք պատճառներով (փողի պահանջարկի տատանողականություն, փողի զանգվածում կառուցվածքային փոփոխություններ, արտաքին շոկեր եւ այլն) տարվա ընթացքում պարբերաբար վերանայվում են այդ ցուցանիշները: Նոր քաղաքականության բովանդակությունն այն է, որ այսուհետեւ ԿԲ-ն գնաճի կառավարման ազդակները շուկայի մասնակիցներին է հաղորդելու տոկոսադրույքների ձեւովՙ առաջին հերթին վերաֆինանսավորվող տոկոսադրույքների տեսքով: Դրանով շուկայում կձեւավորվեն համապատասխան սպասումները:
Կենտրոնական բանկը ամփոփելու է եռամսյակը եւ հանդես է գալու կարճ հաղորդագրությամբ, որով էլ հաղորդվելու են այդ ազդակները: Տիգրան Սարգսյանը ընթերցեց այդ հաղորդագրությունը, ըստ որի, ՀՀ ԿԲ խորհուրդը երեկ բարձրացրել է ռեպո տոկոսադրույքը 0,5 տոկոսովՙ հասցնելով 4 տոկոսի: Խորհրդի գնահատմամբ, տարվա ընթացքում կշարունակվի տնտեսական երկնիշ աճը, ինչը համակցվելով համաշխարհային շուկայում եւ տարածաշրջանում էներգակիրների բարձր գների հետ, կարող է ստեղծել գնաճային ճնշումներ: Սակայն «քանի որ երկարաժամկետ հատվածում բնականոն գնաճը շարունակում է մնալ ցածր, գնաճային ճնշումներիՙ տարեկան 3 տոկոսը գերազանցման ռիսկերը կարող են չեզոքացվել աստիճանաբար»: Սա ԿԲ նախագահը համարեց այն հիմնական ազդակը, որն ուղղվում է շուկայի մասնակիցներին:
Գնաճի վրա ազդելու ժամանակահատվածը 1 տարին է: Եռամսյակային ցուցանիշներ այլեւս չեն լինելու: Նոր քաղաքականությանն անցնելը ենթադրում է նաեւ, որ ԿԲ գործունեությունը լինելու է ավելի թափանցիկ եւ վերահսկելի:
«Գազի հնարավոր թանկացումն ինչպե՞ս կազդի գնաճի զսպման քաղաքականության վրա» հարցի կապակցության Տիգրան Սարգսյանն այն կարծիքը հայտնեց, որ այդ դեպքում գնաճը կառավարելն ավելի հեշտ կլինի, քան հացի եւ հացամթերքների գների աճի ժամանակ: Վերջիններս սպառողական զամբյուղում զգալի բաժին են կազմում: Մինչդեռ գազի եւ նավթամթերքի գների բարձրացման ազդեցությունն ավելի ուշ է զգացվում, ու այդ ժամանակահատվածում ԿԲ կարող է կիրառել իր գործիքները գնաճը զսպելու համար:
«Իսկ թե ներկայումս հասարակությունը վստահո՞ւմ է ԿԲ-ին եւ նրա հաղորդած ազդակներին» հարցին էլ Տիգրան Սարգսյանը ինքնաքննադատորեն պատասխանեց. «Այսօր չենք վայելում ժողովրդի վստահությունը, քանի դեռ այս խնդիրը չենք լուծել»:
Մամուլի ասուլիսին հնչած մյուս հարցերը հիմնականում բանկային համակարգի խնդիրներին էին վերաբերում: «Ազգի» հարցն այն էր, թե կորպորատիվ կառավարման համակարգի ներդրմանը ընդդիմացող 3-4 բանկերը շարունակո՞ւմ են գլխացավանք լինել ԿԲ համար, ինչպես արտահայտվել էր Տիգրան Սարգսյանը իր մի հայտարարության մեջ: Հարցին պատասխանելով վերջինս նշեց, որ նախկինում հիմնական խնդիրն այստեղ բանկերի վճարունակությունն էր, ինչի պատճառով ԿԲ-ն սկսեց ավելի խիստ լինել նրանց ակտիվների նկատմամբ: Ներկայումս խնդիրը ռիսկերի կառավարման վերահսկումն է: Այդ նպատակով որոշվեց եւ համապատասխան օրենք ընդունվեց կորպորատիվ կառավարման հայեցակարգ ներդնելու մասին: Սակայն որոշ բանկերի ղեկավարներ ընդդիմանում են դրան եւ չեն ցանկանում հասկանալ, որ մեկ անձի կողմից կառավարվող բանկեր չեն լինելու: Նրանց նկատմամբ Կենտրոնական բանկը հակված է խիստ լինելուՙ ընդհուպ բանկային գործունեության լիցենզիայից զրկումը: Սակայն Տիգրան Սարգսյանը հույս հայտնեց, որ «խաղաղ ճանապարհով» լուծումը կգտնվի, միաժամանակ նշելով, որ բանկերի գերակշիռ մասը համաձայն է կորպորատիվ կառավարման համակարգի ներդրմանը, որը պետք է տեղի ունենա մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը: Նա նաեւ նշեց, որ այս համակարգի ներդրմամբ ԿԲ-ն խրախուսում է բանկերի միջեւ մրցակցությանը եւ դրանց խոշորացման գործընթացին: Սա բանկերի խոշորացման երկրորդ ճանապարհն է: Առաջին ճանապարհը, որ Կենտրոնական բանկն իրականացնում էր մինչեւ 2005 թ. հուլիսի 1-ը, կանոնադիր կապիտալի նվազագույն չափ սահմանելն էր: Ընդ որում, չնայած այդ չափը սահմանվել էր 5 մլն դոլարը, ներկայումս կան 6 բանկեր, որոնք ունեն 10 մլն դոլար կանոնադիր կապիտալ:
Կենտրոնական բանկը եւ առեւտրային բանկերն առավել վերահսկելի դարձնելու մեկ տարբերակի մասին էլ խոսեց երեկ ԿԲ նախագահը, ըստ որի, բանկերին առաջարկվել է հրապարակել, թե որ բանկի նկատմամբ ինչ խախտումներ կատարելու համար ինչ պատժամիջոցներ են կիրառվել:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ