«Երկնէր երկին, երկնէր երկիր
Երկնէր եւ ծովն ծիրանի...
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ...
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր
Ընդ եղեգան փող բոց ելանէր
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ»
Հայ հեթանոսական շրջանի աստվածություններից երրորդիՙ Վիշապաքաղ Վահագնի ջրային ծնունդով խորհրդանշվող աստվածային ուժից հայոց արքաները քաջություն էին խնդրում հնում:
Վահագնի ծննդյան երգի բանահյուսական այս նմուշը արտասովոր գեղարվեստականությամբ, պատկերայնությամբ, երաժշտական ռիթմիկայով հայ շատ ստեղծագործողների վրա հետագայում ազդեցություններ թողել է` թե՛ սյուժետային, թե՛ ներշնչանքային առումով:
Հին երեւանցիները «Վահագնի» արձանը հիշում են «Մոսկվա» կինոթատրոնի հարակից հրապարկից: Այն կարելի է Երեւանի հաջողված արձաններից մեկը համարել, բայց քանդակը վաղուց այնտեղ չէ, երբ թվում էրՙ ճիշտ տեղում է: Նախապես նկատենք, որ արձանի թափառական ճակատագրին մեր անդրադարձը նաեւ առիթ է նմանատիպ գործելաոճի հնարավոր շարունակությունը կանխելու մտահոգությամբ, տեղափոխելի այլ նմանատիպ գործերի նկատմամբ, որոնք կարող են հետագայում որեւէ նորակառույցի խանգարել, ինչպես հնատիպ շատ շինություններ այժմ, որոշներըՙ մշակութային-գեղագիտական նշանակությամբ, որոշներըՙ ոչ (սա էլ ի վերջո կարելի է պայմանական համարել):
Այսօրվա Երեւանի նոր կառուցապատումը ստեղծում է քաղաքային կյանքի նոր դիմագիծ ու նկարագիր: Երեւանի բուն կենտրոնում գոյացող հյուսիսային կղզյակը, վստահաբար տարբերվելու է մյուս հատվածներիցՙ եւ ոչ միայն արտաքուստ: Հնից կառչած մնալու մեր (նաեւ վատ) սովորություններից հրաժարվել պարտադրում են ժամանակի իրողությունները: Հակառակ պարագանՙ միակողմանի ներկայացնելը, նեղ մտայնության հետեւանք է: Գերխնդիրըՙ հին քաղաքի լավագույնի (արժեքավորի) եւ նորի ճաշակով, ճարտարապետորեն եւ գեղագիտորեն ընդունելիի համադրումն է: Սակայն մեծամասամբ, ինչպես նկատելի է, կառուցապատողների խնդիրը հնարավորինս գերշահույթ ստանալն է: (Անշուշտ, նորակառույց շենքերի առավելությունները նույնպես ակնհայտ են հների համեմատությամբ):
Երեւան ներխուժած նորագույն ճաշակը (հաջողված բացառություններ, իհարկե, կան) քաղաքը վերածել է գովազդային եւ առեւտրային չկանոնակարգված ցուցադրության, բացակայում է քաղաքային կյանքի կուլտուրան եւ որոշակի ատրիբուտներ (լավ քանդակներ, շատրվաններ, մշակված այգիներ, գազոններ, դեկորատիվ կոմպոզիցիաներ): Քաղաքում մթնոլորտ ստեղծող մոնումենտալ քանդակները հիմնականում նախկին ընդունելությունը չեն գտնում: Այսօրվա գեղագիտական ընկալումները պահանջում են ավելի աբստրակցիա, ինչ-որ տեղ նաեւ ավանգարդիզմՙ տաղանդի առկայությամբ ու իմաստային նշանակությամբ: Երեւանում վերջին տարիներին տեղադրված քանդակներից գրեթե ոչ մեկը մթնոլորտ չի ստեղծում, ոչ էլ տպավորություն է գործում, պարզապես հայացք չի գրավում, որովհետեւ կենդանություն ու շարժ չի կրում. մնում է քարե կամ մետաղե կերպարային հղկված զանգված: Կան, իհարկե, հետաքրքրական մտահղացումներ, քաղաքային կյանքը հարստացնող էլեմենտներ, ինչպես, օրինակ, կամերային թատրոնի պատի կոմպոզիցիանՙ նվիրված 1993-ին եւ հետո զոհված ծառերի հիշատակին, կամ «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակի ու «Պապլավոկի» այգում տեղադրված մետաղյա ձիերը: Դրանք հիշվում են, դրանց նայում են (ոչ իբրեւ գեղագիտական արժեք), եւ ինչ-որ ձեւով այս դետալների շնորհիվ կապվում ես վայրին ու քաղաքին:
Վերադառնանք «Վահագնին», որ երեւի քաղաքի միակ արձանն էՙ իր թափառական կեցութեամբ. այն պատկանում է քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի ձեռքինՙ 60-ականների սերնդի մի արվեստագետ, որ ինչպես մի զրույցի ժամանակ արվեստաբան Պողոս Հայթայանը ներկայացրեցՙ «խոր ազգային նկարագիր ունեցող, վանեցի հայ մարդ էր», ողբերգական վախճան ունեցավՙ մահացավ իր տանը, անուշադրությամբ հրո ճարակ դառնալով: Ընտանիքըՙ կինն ու երկու երեխաները, մեկնեցին Ամերիկա: Երեւանում, Նոր Նորքի զանգվածում տեղադրված են Կառլեն Նուրիջանյանի «Տորք Անգեղ» եւ «Հայկ նետահարը» քանդակները: Նրա հեղինակած «Վիշապաքաղ Վահագնը» նախապես դրված էր Նկարիչների միության շենքի մոտ. 1960-ականներին միությունում կազմակերպված ցուցահանդեսային աշխատանքներից մեկն էր, բայց ցուցասրահում չի ներկայացվել խոշոր ծավալի պատճառով:
Արձանի տեղափոխությունը սկսել են խորհրդային ղեկավարները: Սակայն «Վահագնի» անդաստական կյանքը շարունակվեց նաեւ ետխորհրդային շրջանում: Նկարիչների տան մուտքից տեղափոխվեց եւ տեղադրվեց Ժամանակակից արվեստի թանգարանի հարեւանությամբ: «Խանգարո՞ւմ էր» կամ տեղը չէ՞ր, արձանը կրկին տեղահանվեց եւ հայտնվեց միլիցիայի դպրոցի դիմաց, հետո ավելի հեռացվեցՙ դրվեց օդանավակայան տանող ճանապարհի ջրային մի փոսորակում: Աչքից հեռու, անտեր-անտիրական: Հնարավոր էՙ մի օր էլ անհետա: Թերեւս այսօրվա քաղաքային իշխանությունները վերադարձնեն «Վահագնին» իր նախկին տեղը:
Բարեբախտաբար, բազմաստվածապաշտության ժամանակները վաղուց անցել են, միմյանց հերթագայող քաղաքակրթական շերտերը բազմաթիվ պարադոքսներ են առաջացրել: Առաջընթա՞ց է արձանագրում մարդկությունը, թե՞ հետընթաց. Սիզիփոսյան զո՞ւր ջանքեր:
Մտածում եսՙ տեսնես, ո՞ր մեղքի համար են Վահագնին արտաքսելՙ վիշապաքաղությա՞ն... թե՞ արձանը տեր չունի, բայց ունի հիշողություն: Կարծիք կա, որ արձանը, որովհետեւ խորհրդային գաղափարախոսություն չի կրել, անհաճո է համարվել: Քանդակագործ Կառլեն Նուրիջանյանը հայոց հին շրջանի, հեթանոսական անցյալի մեջ է թեմատիկ նախասիրություններ որոնել, դիպլոմային աշխատանքն էլ Մովսես Խորենացու դիմաքանդակն է եղել: Իր գեղագիտական սկզբունքներով արվեստագետը նորաբանություն ո՛չ փնտրող էր, ո՛չ էլ դրա հետեւորդ: «Աշխատանքը պրոֆեսիոնալ արձանագործի բարեխիղճ ստեղծագործություն էՙ սովետական արձանագործության տիպիկ նմուշ: Սյուժետային այլախոհություն կա, արվեստայինՙ ոչ: Կառլեն Նուրիջանյանը մտածում էր խորհրդային շրջանի մոնումենտալ քանդակագործությանը բնորոշ լեզվովՙ խոշոր ծավալներ, դինամիկա, պոմպեզային ոճական լուծումներ», մեր խոսակցության մեջ ասաց Պ. Հայթայանը, գտնելով, որ արձանն արժանի է ավելի կենտրոնական տեղում դրվելու, նաեւ ավելացրեց, որ մենք չհասկացանք, որ Փարիզը 1000 տարի կառուցել ու սերունդները շարունակում են կառուցել: Մեր մի սերունդը ուզում է ոչնչացնել, անպայման ժխտել նախորդին. մեկը մյուսին չի հանդուրժում: Անգամ Թամանյանի պարագայում ասում էին, թե եկեղեցու մոդելներ է ներմուծում քաղաքային շինություն: Այսօրվա քաղաքաշինական մտահոգությունը հին, արժեքավոր շինությունները քաղաքային մթնոլորտի մեջ պահելու խնդիրը պետք է լիներ նաեւ»:
Քաղաքի նկարագիրն ու դիմագիծը ձեւավորում է այնտեղ ապրող մարդկային որոշակի հավաքականությունը եւ նրա որակի ու ճաշակի հանգույն էլ իր արտաքին տեսքն է ստանում: Քաղաքային մթնոլորտի ձեւավորման համար կարեւորվում են բնակչության կենցաղավարությունը, կրթությունը, եւ սերըՙ քաղաքի հանդեպՙ իբրեւ ընդհանուր բնակավայր-բնօրրանի: Կարեւոր գործոն է քաղաքաշինությունըՙ ճարտարապետական արդիական լուծումները, արտաքին էսթետիկան, դեզայնը: Երեւանը քաղաքակիրթ տեսնելու մեր այս ցանկությունը իրականություն կարող է դառնալ քաղաքային եւ պետական իշխանությունների աջակցությամբ եւ բոլորիս հավաքական կամքով: Եվ դա անհրաժեշտ է, որովհետեւ Երեւանը հիշողություն է, պատմություն է ու մշակույթ:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ