«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2006-02-03 | #20, 2006-02-04 | #21, 2006-02-07


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Սակայն անհավանական է, որ երկու երկրների նախագահներն այն ստորագրեն

Մի քանի օր հետո տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից, արդյոք նախագահներին ներկայացվա՞ծ է կարգավորմանն առնչվող փաստաթուղթ, եւ ամենակարեւորը` ի՞նչ սկզբունքներ են առաջարկվելու կամ առաջարկված են կողմերին: Բնականաբար այս հարցերի լիարժեք պատասխանն այսօր ստանալ չենք կարող, քանի որ բանակցություններն ընթանում են գաղտնիության պայմաններում: Սակայն մինչ այժմ շարունակվող բանակցությունների կապակցությամբ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ եւ այլ միջազգային կառույցների, Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան անձանց հայտարարություններն ու շրջանառվող տեսակետները որոշ եզրակացությունների առիթ տալիս են:

Կարգավորման փաստաթուղթը ներկայացված է կողմերին

Այսպիսով, գոյություն ունի՞ կարգավորմանն առնչվող որեւէ փաստաթուղթ: Հիշեցնենք, որ Հունաստանում պաշտոնական այցով գտնվելու ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնեց, որ հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ ավելի կոնկրետ ասելիք կունենա 2006 թ. հունվարին (փետրվարին-Ա. Մ.) Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո: Մինչ այժմ Մինսկի խմբի համանախագահները լավատեսությամբ համակված խոսում են առաջընթաց արձանագրելու հնարավորության մասին, միաժամանակ նշելով, որ համաձայնության հասնելը կախված է կողմերից: Մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ «Ազգի» այն հարցին, թե կողմերը պատրա՞ստ են լուրջ զիջումներ կատարելու իրենց համար սկզբունքային համարվող հարցերում, Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը բառացիորեն պատասխանեց. «Եթե մենք հիմա աշխատում ենք ձեւակերպումների վրա, դա նշանակում է, որ կողմերը գնացել են զիջումների»:

Կարգավորման փաստաթղթի ձեւակերպումների մասին անցյալ տարի հայտարարել էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը, ավելացնելով, որ «սատանան մանրամասների մեջ է»: Դատելով վերոշարադրյալից, կարելի է հաստատապես ասել, որ կարգավորման սկզբունքներն արդեն որոշված են եւ ներկայացված հայկական եւ ադրբեջանական կողմերին: Այլապես ինչպե՞ս կարելի է աշխատել գոյություն չունեցող փաստաթղթի ձեւակերպումների վրա կամ վտանգ տեսնել այդ փաստաթղթի մանրամասների մեջ: Կարծես թե հարցականներ այս հարցում այլեւս պետք չէ փնտրել:

Կարգավիճակի վերաբերյալ միջնորդների առաջարկը հօգուտ Ադրբեջանի չէ

Առավել կարեւորը թերեւս այն է, թե ի՞նչ սկզբունքներ են ամրագրված կողմերին ներկայացված փաստաթղթի մեջ: Հակամարտության բոլոր մանրամասները տեսնել հրապարակի վրա առկա տեղեկատվությունից, անշուշտ, հնարավոր չէ: Առավել եւս անիմաստ է այդ մանրամասները փնտրել Միջազգային ճգնաժամային խմբի «վերլուծությունների» մեջ: Այդ կառույցը, ինչպես պարզվեց վերջերս, հիմնադրված լինելով թուրք-ադրբեջանական լոբբիինգով զբաղվող մի շարք ազդեցիկ գործիչների կողմից, եզրակացությունները կատարում է ելնելով իր շահերից եւ հետաքրքրություններից: Ավելի շուտ` այդ խումբը հանրությանն է ներկայացնում մի կիսաճշմարտություն եւ փորձում անուղղակի ճանապարհով հավաստիացնել իր լսարանին, որ հատկապես կարգավորման իր առաջարկած սկզբունքներն են դրված սեղանին եւ քննարկում հայկական ու ադրբեջանական կողմերը: Ինչու կիսաճշմարտություն, որովհետեւ հանրաքվեի եւ տարածքների վերադարձման առաջարկների քննարկման մասին ասել են նաեւ բանակցությունների մասնակիցները: Սակայն ոչ ավելին:

Այդուհանդերձ, ի՞նչ է թաքնված հայկական եւ ադրբեջանական կողմերի հայտարարությունների տակ նախագահների փետրվարյան հանդիպումից առաջ: Հայկական կողմը «զուսպ լավատեսություն» է արտահայտում առաջիկա հանդիպումից, իսկ ադրբեջանականըՙ հերթական անգամ խիստ դյուրագրգիռ ձեւով խոսում Ադրբեջանի տարածքային ամբողջականության անխախտելիության, տարածքներն ուժով վերադարձնելու եւ նմանատիպ ոգով այլ բաների մասին: Տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանական կողմը խիստ դյուրագրգիռ վիճակում է եւ պատրվակ է փնտրում նախագահների հերթական հանդիպումը կամ այդ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերելը ձախողելու համար: Մեկ անգամ նման բան տեղի ունեցավ կողմերի պրահյան հանդիպումից հետո, երբ կարծես թե ինչ-որ համաձայնություններ էին ձեռք բերվել, բայց Ադրբեջանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ազատագրված տարածքներիՙ հայերի իբր բնակեցման գաղափարը քննարկան դնելով, գործընթացը հետաձգեց երկար ժամանակով: Ասել, թե հակամարտության կարգավորման առաջարկված փաստաթուղթն հօգուտ հայկական կողմի է, անմտություն կլինի: Սակայն գլխավորՙ Ղարաբաղի կարգավիճակի հարցն, այսպես ասենք, հօգուտ Ադրբեջանի չէ: Քննարկման առավել կնճռոտ հարցերը, որտեղ «գտնվում է սատանան», ենթադրաբար տարածքների վերադարձման եւ Ղարաբաղի կարգավիճակի հետ Ադրբեջանի համաձայնության ժամկետների, փախստականների Ղարաբաղ վերադառնալու պայմանների, Լաչինի եւ Քելբաջարի շրջանների հետագա կարգավիճակի, Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհային կապի շուրջն են:

Նախագահները փաստաթուղթ չեն ստորագրի

Կկայանա՞ արդյոք ճեղքում բանակցություններում, եւ նախագահներն ավելի կոնկրետ ասելիքներ կունենան իրենց ժողովուրդներին: Ճեղքումը կամ փաստաթղթի ստորագրումը խիստ անհավանական է թվում նախեւառաջ այն պատճառով, որ Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես խոսում է փոխզիջման բացառման մասին, իսկ եթե հարկադրված լինի փակագծեր բացել, ապա ստիպված կլինի պատասխանել իր անզիջում հայտարարությունների ոգուց արմատապես տարբերվող դրույթների վերաբերյալ ընդդիմության եւ հասարակության դաժան քննադատությանը: Ինչը շատ հնարավոր է, որ քաղաքական լուրջ ճգնաժամի պատճառ դառնա երկրում: Եթե Հայաստանի ղեկավարությունը հասարակությանը քիչ թե շատ տեղեկացրել է տարածքները վերադարձնելու հնարավորության մասին եւ ստիպված չի լինի «տհաճ» անակնկալներ բացահայտել Հայաստանի հասարակությանն այս առումով, ապա Ադրբեջանի հասարակական կարծիքը բացարձակապես անպատրաստ է Ղարաբաղից վերջնականապես հրաժարվելու գաղափարին: Հետեւաբար, մեծ ակնկալիքներ գոնե ստորագրված փաստաթղթի տեսքով, պետք չէ ունենալ: Առավելագույնը, որ հնարավոր է սպասել այս հանդիպումից, նախագահներիՙ գաղտնի մնալու ենթակա պայմանավորվածությունները կարող են լինել, որոնց մասին Հայաստանի նախագահը, բնականաբար, մանրամասներ չի հաղորդի: Դրանց մասին մենք գուցե իմանանք, երբ բանակցությունների այս «գնացքն էլ անցնի», ինչպես դա եղավ «ընդհանուր պետության» կամ քիվեսթյան համաձայնությունների հետ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4