Լարիսա Ալավերդյանին որպես հյուրի կհրավիրեն իր իսկ հաշվետվության ներկայացմանը
ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանին սպասում էին, քանի որ թիվ մեկ խնդիրըՙ մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը սահմանադրությամբ եւ ՄԻՊ օրենքով հենց առաջին քառօրյայում էր նախատեսված: Մինչդեռ օրվա երկրորդ կեսն օրակարգն այդպես էլ չէր ձեւավորել, քանի որ ընդդիմության ներկայացուցիչները հանդես էին գալիս մի քանի արտահերթ առաջարկներովՙ մարդու իրավունքների պաշտպանի առաջադրումները, քննարկումներն ու ընտրությունը հանրային հեռուստատեսությամբ հեռարձակելու որոշում կայացնել. որոշում ընդունելՙ Լարիսա Ալավերդյանին հրավիրելու նստաշրջան, այնուհետեւ մի նոր որոշմամբ հնարավորություն տալով նրան ներկայացնելու 2005 թվականի ՄԻՊ գործունեությունը: Վիկտոր Դալլաքյանը, Արամ Գ. Սարգսյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Գրիգոր Հարությունյանը մեկը մյուսին կրկնելով իրենց առաջարկները հիմնավորում էին հարցի հասարակական հնչեղությամբ եւ նրա հրապարակայնությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Բացի այդ, ըստ նրանց, ՄԻՊ աշխատանքին գնահատական տալովՙ «Արդարությունը» նաեւ խնդիր ունի կողմնորոշվելուՙ Լարիսա Ալավերդյանին կրկին ՄԻՊ առաջադրելու հարցում:
Արտաշես Գեղամյանն ավելի պատկերավոր ներկայացրեց. «Մեկ տարի առաջ կոալիցիան ջերմեռանդորեն սիրահարված էր Լարիսա Ալավերդյանին, հիմա ինչո՞ւ հանկարծ խռովեց. մի առանձին տղամարդ առանձին կնոջից կարող է խռովել, բայց մի ամբողջ կոալիցիա ինչո՞ւ է այդքան տղամարդուն ոչ վայել վարքագիծ դրսեւորումՙ զրկելով մարդուն իր կատարած աշխատանքի մասին հաշվետվություն տալուց»:
Վերաթարմացվեց նաեւ հանրաքվեի կեղծիքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու, ԱԺ կանոնակարգով խմբերի եւ խմբակցություններիՙ հարցապնդումների իրավունքն իրագործելու որոշում կայացնելուն վերաբերող առաջարկը:
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, թեեւ առավոտ վաղ իր ասուլիսին այս հարցերի (մասնավորապեսՙ ՄԻՊ-ի) մասին դիրքորոշում հայտնել էր, կրկին ու կրկին այդ դիրքորոշումները կրկնում էր համարյա բոլոր ընդդիմադիր պատգամավորների հարցերին եւ ելույթներին ի պատասխան: Այն էՙ զեկույցը պետք է լսվի հաջորդ քառօրյաներից մեկում, իսկ այս քառօրյան օրենսդրությամբ պարտավոր է նոր ՄԻՊ ընտրել: Երեկ այդ զեկույցը չէր կարող լսվել, քանի որ մարդու իրավունքների պաշտպան չունեինք, իսկ Լ. Ալավերդյանն այլեւս պաշտպան չէ: ԱԺ նախագահը դեմ չէ, եւ դա իր եզրափակիչ ելույթում էլ մեկ անգամ եւս նշեցՙ հրավիրել Լ. Ալավերդյանին զեկույցը ներկայացնելու ժամանակ եւ նրան էլ ելույթի հնարավորություն տալ: Ի վերջո, հենց այդ տեսքով էլ քվեարկվեց առաջարկըՙ 92 կողմ ձայնով նախկին պաշտպանին հրավիրեցին ելույթ ունենալու իր իսկ հաշվետվությունը լսելու օրը, որը, սակայն, ներկայացնելու է այսօր ընտրվող նոր պաշտպանը: Ընտրության ընթացքը հեռարձակելու որոշումը 38 կողմով մերժվեց:
Իսկ կանոնակարգիՙ հարցապնդման իրավունքի վերաբերյալ Գ. Հարությունյանի առաջարկը «ջրվեց» հաջորդ քառօրյաՙ այն կքննարկվի 21 օր հետո, ըստ ընդդիմությանՙ քաղաքական ենթատեքստով:
Հանրաքվեի կեղծիքների ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը ԱԺ ղեկավարությունն աննպատակահարմար գտավ, քանի որ այդպիսի հանձնաժողովը քաղաքական գնահատական է տալու, եթե նյութեր լինենՙ դրանք իրավապահներին փոխանցելով: Ե՛վ քաղաքական, ե՛ւ իրավական գնահատականներ հնչել են:
Երեկ ԱԺ այս տարվա հանգուցային իրադարձությունը, սակայն, ՄԻՊ երկու թեկնածուներիՙ Արմեն Հարությունյանի եւ Ռուբեն Թորոսյանի առաջադրումն էր: Երկրորդին առաջադրելու եւ անհրաժեշտ 27 ստորագրությունն ապահովելու համար (33-ն էր հավաքվել) «Ազգային միաբանությանը», «Արդարությանը», Մանուկ Գասպարյանին եւ Էմմա Խուդաբաշյանին միացել էին նաեւ ՕԵԿ-ից եւ ՀՀԿ-ից պատգամավորներ. բա՜: Այդպես առաջադրվել էր այլընտրանքային թեկնածու, ենթադրվում էՙ հիմնականին, Արմեն Հարությունյանին:
Առաջադրելով Ռ. Թորոսյանին, Ա. Գեղամյանը շնորհակալ եղավ ՕԵԿ-ից եւ ՀՀԿ-իցՙ առաջադրմանն աջակցելու համար եւ հղում արեցՙ ցույց տանք, որ անձնական շահերը մենք շպրտել ենք մի կողմ... իրական ժողովրդավարացման հաստատման գործում. «Ի դեմս Ա. Հարությունյանիՙ ունենք սկզբունքային գիտակ մարդ, իսկ Ռուբիկի փորձն ավելի շատ է, եւ իրենք կկարողանան, չգիտեմ որըՙ ինչ դիրքում, փոխլրացնելով պաշտպանել հայ ժողովրդի շահերը», խորհրդավոր բնութագրումներ արեց նա. որտե՞ղ պետք է լրացնեն, հո նույն գրասենյակը չե՞ն ներկայացնելու:
Քիչ անց, Ռ. Թորոսյանի 20 րոպեանոց ինքնաներկայացումից հետո քիչ մնաց ՀՀԿ-ն զղջար, որ ստորագրել է նրա առաջադրման փաստաթուղթը, որովհետեւ վերջինս խոսեց ե՛ւ կոալիցիոն հուշագրի կոռուպցիոն բնույթի (նախարարական աթոռները սեփականաշնորհել են), ե՛ւ քաղաքական-ընտրական իրավունքների պաշտպանությունիցՙ որպես թիվ մեկ խնդիր, եւ հանրաքվեի կեղծիքները հիշեց, ե՛ւ իր առաջադրումը բուտաֆորիական համարեց, առհասարակ երկար ու թեմայից թեմա թռչկոտելով քննադատեց համարյա բոլոր ոլորտները: Իսկ առաջադրումը ստորագրած Մ. Գասպարյանը, չխնայելով Ռ. Թորոսյանին, հարցրեց. «Դուք քաղաքական կապիտա՞լ եք ձեռք բերում ձեր ելույթով. սա շոու է, ես ցածր որակի շոուի չեմ ուզում մասնակցել»:
ՀՀԿ խմբակցության նախագահ Գ. Սահակյանը Ա. Հարությունյանին ներկայացնելիս հակիրճ էր. բարձր կրթական ցենզ, բարեկրթություն, օրենսդրական աշխատանքի մեծ փորձ, օրենքների իմացություն: Լ. Ալավերդյանին կոալիցիան քննադատաբար չի վերաբերվելՙ ուղղակի հանրաքվեից հետո նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել: Իսկ ավելորդ ասեկոսեներից զերծ լինելու համարՙ այս թեկնածությունն ապահովվել է այլընտրանքով:
Առավել հակիրճ էր Ա. Հարությունյանն իր ելույթում: Նա նախ հարցրեցՙ ամբիոնի բաժակի ջուրը Ռ. Թորոսյանը խմե՞լ է, թե՞ ոչ (հավանաբար վախենում էր թռչնագրիպից): Ապա ներկայացրեց իր պատկերացումները ՄԻՊ ինստիտուտի մասին. այդ ինստիտուտը գործում է միայն համաձայնության եւ հանդուրժողականության մթնոլորտում (երեւիՙ ոտնահարվածի եւ ոտնահարածի համաձայնությունը նկատի չունի, հը՞-Մ. Խ.), եւ ոչ թե խելք սովորեցնի մյուսներին, իրավական հարթությունից քաղաքական հարթություն չմտնի, հանուն պետության եւ ոչ թե պետության դեմ գործի: Իհարկե, թեկնածուն իրեն թույլ տվել է նշել մի ոլորտ եւս... նամակներին էլ պետք է ընթացք տալ: Մինչդեռ Ռ. Թորոսյանն իր ելույթում ասել էր, թե հենց մարդկանց իրավունքները պետք է պաշտպանել պետությունից եւ պետական այրերի ոտնձգություններից:
Մի դրական շեշտ Ա. Հարությունյանի խոսքում տեսան ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական թեւերի պատգամավորները. այն է, Հմայակ Հովհաննիսյանի ասած. «Քար չգցեցիք ձեր նախորդի վրա, շարունակականությունը կարեւոր է. նա, ով քար է գցում նախորդի վրա, քար է գցում մեր ապագայի վրա»: «Սա քաղաքական պաշտոն չէ, գործունեության համակարգ չէ, անձ էՙ ինչպիսի մթնոլորտ ստեղծի, այն էլ պրոյեկտվելու է այդ ինստիտուտի վրա», հարցերից մեկին պատասխանեց ՄԻՊ թեկնածուն: Այսօր պատգամավորները կշարունակեն հարցեր ուղղել Ա. Հարությունյանին:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ