Արտակարգ իրավիճակ Երեւանի փողոցներում, մայթերին ու տանիքներին
Հունվարի 21-ին տեղաց առաջին առատ ձյունը եւ քաղաքապետարանի ու լրագրողների շփման գլխավոր թեման դարձավ: Լրագրողների մեղադրանքներից ու քաղաքապետարանի պաշտպանությունից զատ որեւէ նկատելի առաջընթաց չեղավ այդ ժամանակաշրջանում: Հակառակը, արձանագրվեցին նաեւ դժբախտ պատահարներ: Շաբաթ օրը Կիեւյան փողոցում բարձրահարկի տանիքից երիտասարդ աղջկա գլխին ընկավ սառցաբեկորը, աղջկան շտապ հիվանդանոց տեղափոխեցին: Թաց տեղումների ծանրությունից մայրաքաղաքում 5 տների տանիքներ փլվեցին: Փլվեց նաեւ բենզակայաններից մեկի ծածկը:
Երեկ քաղաքապետարանում շինարարության, բարեկարգման, կոմունալ տնտեսության վարչության պետ Ֆրունզիկ Բասենցյանը կրկին ծեծում էր քաղաքը ձյունից «ազատագրելու» թեման: «Իրավիճակը մեզ էլ չի գոհացնում, հնչեցրեց նա հերթական արդարացումը, թաղապետարաններն ուժերը ներածին չափ աշխատում են»: Դա նշանակում է, որ տեղումների ընթացքում փողոցներում շաղ են տվել 2537 տոննա աղ, 6535 խմ կարմիր ավազ: Ընդ որում, այս տարի փողոցների աղն ավելի քիչ են արել, քան ավազը, վախենալով, որ գործընթացը հաճախակի կրկնելու դեպքում փողոցներն ավելի արագ շարքից դուրս կգան: Աղ չի ցանվել միայն Դավիթաշենի կամրջի վրա, որի մետաղական կոնստրուկցիաները բացառում են նման միջոցառում:
Օդերեւութաբանները հավատացնում են, որ Հայաստանում վերջին անգամ այսպիսի ձմեռ եղել է 1978 թվականին: Տեղումների հաճախականությունն ու քանակն արտակարգ իրավիճակ են ստեղծել ոչ միայն երեւանցիների, այլեւ քաղաքապետարանի համար` ձյան երես հանելով քաղաքի կառավարման այս մի ձախողումն էլ: Ֆրունզիկ Բասենցյանը գոհ է նրանից էլ, որ քաղաքի փողոցներում մեծ խցանումներ չեն առաջացել, եւ կենտրոնական փողոցները մաքրվել են երթեւեկելի դառնալու սահմաններում: Կոմունալ ոլորտը սպասարկողները պնդում են, որ ընդամենը 100 մեքենայով հնարավոր չէ անընդհատ տեղացող, 60-70 սմ ձյան շերտը հաղթահարել:
Ծայրամասերում ու «երկրորդական», «երրորդական» փողոցներում հունվարի 21-ից մեկնարկած նույն կոշմարն է: Վտանգավոր է քայլել մայթերով, բազմահարկերի կողքով, փոխադրամիջոցների հետ կամ նրանց արանքում:
Ձյունը ոչ ոքի չի վերաբերում: Քաղաքապետարանը դիմում է քաղաքացիներին, քաղաքացիները հույսը դնում են թաղապետարանների վրա:
«Օգնեք մեզ, օգնենք ձեզ», ասում է քաղաքապետարանը: Պատասխանն անգործությունն է. «Ձեր գործն է, ինքներդ էլ արեք»:
Բնակչության պասսիվությունն ու անտարբերությունը այս դեպքում կարելի է բացատրել ոչ միայն կենցաղավարության մշակույթի պակասով: Ում մեջ այն կա, գոնե մտածում է բակն ու տանիքը մաքրելու մասին: Անտարբերությունը նաեւ բնակչության անբարյացակամ պատասխանն է իշխանություններին, որոնցից հիասթափված է տարբեր դոզաներով:
Իսկ այս ընթացքում 11 ծառ ձյունից տապալվեց, 111-ն էլ ճղակոտոր եղան: Հանրապետության 8 տասնյակից ավելի բնապահպանական կազմակերպությունների համար գործունեության իսկական ասպարեզ է բացվել: Բայց ձայն չի լսվում: Ձայն չի հնչում նաեւ խանդավառ հայրենասեր բազեներից, քաղաքի ճակատագրով մտահոգ անձերից ու անհատներից, որոնք անձյուն օրերին ականջ էին խլացնում իրենց կեղծ ու անկեղծ մտահոգություններով:
«Ինչո՞ւ քաղաքապետարանն ու թաղապետարաններն արտակարգ իրավիճակում արտակարգ վարքագիծ չեն դրսեւորում, օրինակ, ողջ կազմով չեն ելնում Երեւանի փողոցները` ինքնազոհության եզակի օրինակ ցուցաբերելով: Ինչո՞ւ որեւէ նախաձեռնություն չի դրսեւորում քաղաքապետին կից ստեղծված երիտասարդական խորհուրդը», «Ազգի» առաջարկ հարցադրմանը պարոն Բասենցյանը որոշակի պատասխան չտվեց: Ընդամենը կարոտախտով հիշեց, որ խորհրդային տարիներին իրենք իրենց հիմնարկներով ծառ էին թափ տալիս ու մայթերն ազատում ձյունից: Բայց հիշել չի նշանակում կրկնել:
Փոխարենը հանձնաժողով է կազմվում առաջիկա ձնհալի ժամանակ քաղաքը ջրհեղեղից «փրկելու» համար: Կարելի է հաստատապես պնդել, որ գալիք ձմռանը եւս Երեւանի փողոցներում պատկերը նույնը կլինի:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ